Լավ կինոյի պակաս շատ եմ զգում. Ֆրիդա Յորք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ռեժիսոր, դերասանուհի Ֆրիդա Յորքի հետ զրուցել է միջազգային չափանիշներով ժամանակակից թատրոնի մոդելի եւ հայ թատրոնի խնդիրների մասին: Ֆրիդան` որպես երիտասարդ կադր, թատրոնը կենդանացնելու իր տարբերակներն ունի. նա, օրինակ, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքը բեմադրելիս միավորեց պլաստիկան եւ խոսքը: Ռեժիսորն այն կարծիքին է, որ այսօր երիտասարդ մասնագետները շատ ավելի վստահ են դարձել, չեն վախենում էքսպերիմենտներից: Ֆրիդան, որպես դերասանուհի, ընդգրկված է նաեւ մի շարք կինոնախագծերում, համագործակցում է ռուսական շուկայի մասնագետների հետ:

15032399_1203951103019287_1452767171_n

-Ֆրիդա՛, տեղյակ ենք, որ կան նոր նախագծեր, որոնց շրջանակում այժմ աշխատում եք որպես ռեժիսոր եւ որպես դերասանուհի: Կպատմե՞ք այդ մասին:

-Մեկ շաբաթ է` վերադարձել եմ Մոսկվայից: Այնտեղ մասնակցում էի ամերիկյան «Դոկտոր Հաուս» սերիալի ռուսական ադապտացիային, որի արդյունքում սերիալը վերանվանվել է «Դոկտոր Ռիքսթեր»: Որպես դերասանուհի` այս նախագծի շրջանակում ինձ հարստացած եմ զգում, քանի որ ապահովված էին բարձր կինեմատոգրաֆին հարիր պայմաններ: Նախագծի ռեժիսորը Անդրեյ Պրոշկինն է: Նա յուրօրինակ մտածողության տեր մասնագետ է, որի հետ աշխատելը պատիվ է: Իսկ արդեն գարնանը կյանքի կկոչվի մի կինոնախագիծ, որին սպասում եմ երեխայի պես: Խոսքը ռեժիսոր Հովհաննես Գալստյանի` հետաքրքիր սցենարով «Ռեմիսիա» նախագծի մասին է, որն իր շուրջը հավաքել է հիանալի դերասանական կազմ: Դե, իսկ Հովհաննեսի հետ մասնագիտական շփումների արդյունքում էլ դերասանը «արթնանում» է նորովի: Ինչ վերաբերում է ռեժիսորի իմ գործունեությանը, այն այժմ դադարի փուլում է, բայց ո՞վ գիտի, թե վաղը ինչ կծնվի (ժպտում է):

-Դուք որեւէ կոնկրետ թատրոնում աշխատո՞ւմ եք: Որպես երիտասարդ մասնագետ` հայ թատրոնում ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք դեռեւս լուծված չեն:

-Այս պահին ոչ մի թատրոնի կազմում ընդգրկված չեմ. նախընտրում եմ պայմանագրային աշխատանքը: Ժամանակակից թատրոնի մոդելը ես այսպես եմ պատկերացնում. կա թատրոնի շենք, ադմինիստրատիվ կազմ, հրավիրվում է ռեժիսոր, որն էլ իր հերթին հրավիրում է դերասաններ, այդպիսով իրականացվում է նախագիծ: Այս պարագայում ոչ մի դերասան չի թուլանում, կոպիտ ասած, որեւէ տեղ արմատներ չի գցում, ավելի ճկուն է լինում: Դերասանները պետք է աշխատեն տարբեր ռեժիսորների հետ, վերջիններս էլ չպետք է հոգնեն նույն դեմքերից: Դեռ վաղուց այս սկզբունքով է առաջնորդվում աշխարհը:

-Ունե՞նք երիտասարդ կադրեր, որոնք ճաշակ են թելադրում թատրոնում: Նրանց ի՞նչ է պակասում` ավելի վստահ քայլեր անելու համար:

-Հայ թատրոնում ինձ համար բարձունքում է Վահան Բադալյանը, որը բացառիկ ճաշակի եւ մտածողության տեր ռեժիսոր է: Այսօր երիտասարդները շատ ավելի անվախ ու վստահ են դարձել, չեն վախենում էքսպերիմենտներից, եւ դա հիանալի է: Բայց այն համոզման եմ, որ նրանց պետք չէ բուհերում առկա հնացած կրթական համակարգը…

15058716_1203951099685954_231488530_n

-Իսկ Դուք մասնագիտական ի՞նչ նպատակներ ունեք: Այժմ այդ առումով Ձեզ համար ի՞նչն է առաջնայինը:

-Ինձ համար առաջնայինը կյանքն է, ապրելու հաճույքը զգալն ու ոչ մի պահ բաց չթողնելը. սա է էականը: Իսկ աշխատանքս կյանքիս մի մասն է, որին նվիրված եմ ողջ եռանդով:

-Հայ կինոյի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում:

-Լավ կինոյի պակաս շատ եմ զգում, ինչի արդյունքում իմ ստեղծագործական կյանքում երկար դադարներ են լինում. կցանկանայի` դրանք չքվեին: Այսօր կան մարդիկ, որոնք պայքարում են հայ կինոյի ապագայի համար: Կարծում եմ, որ դեռ կգա ժամանակ, երբ հայաստանյան նախագծերով դրսում հպարտանալու առիթներ կունենանք, այլ ոչ թե արտերկրի որեւէ նախագծի ընդամենը մի մասը կկազմենք: Վստահ եմ, որ մոտ ապագայում խնդիրները, որոնց մասին խոսեցինք, լուծում կստանան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս