Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 1/12 հասցեում «ISUZU Motors» ընկերության հայաստանյան ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը: «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանների ուղեկցությամբ քաղաքապետը շրջել և ծանոթացել է տեղում ստեղծված պայմաններին: Նշվել է, որ ISUZU մակնիշի փոքր և միջին բեռնատար ավտոմեքենաների վաճառքից բացի, ներկայացուցչությունը կիրականացնի նաև երաշխիքային սպասարկում:
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել: Ստեղծվել է 25 աշխատատեղ:
Շրջայցի ավարտին «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերերը հաճելի անակնկալ են մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերելով ISUZU մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Իր հերթին շնորհավորելով ներկայացուցչության բացման առթիվ և շնորհակալություն հայտնելով նվիրաբերված բեռնատարների համար` Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ դրանք լիարժեք կծառայեն մայրաքաղաքին: