Կրակոցները հնչել են նկուղային հարկում գտնվող սրահում. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Շենգավիթում տեղի ունեցած կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 անձի հրազենային ծանր մարմնական վնասներ պատճառելու հանգամանքները։ Ստացված վնասվածքներից երկու անձ մահացել է, մյուսի վիճակը՝ գնահատվում է ծանր։

2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ -ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի՝ գլխի և որովայնի շրջաններում հրազենային վնասվածքներով: Ըստ ահազանգի՝ բուժօգնության են տեղափոխվել նաև Երևան քաղաքի 2 բնակիչներ՝ Մ.Մուշեղյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով, և Ա. Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել հրազենային վնասվածքի հետևանքով մահացած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 1991 թ. ծնված Գևորգ Ավետիսյանը։ Տվյալներ են ձեռք բերվել հնարավոր դեպքի վայրի վերաբերյալ, որը հանդիսանում է Շիրակի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սրահը, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի և այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ։
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Մ.Մուշեղյանն առանց գիտակցության գալու մահացել է, իսկ Ա. Պետրոսյանն ի վիճակի չէ ցուցմունք տալ: «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ից առգրավվել են տուժողների հագուստները, վերցվել փորձանմուշներ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս