Արդարադատության ակադեմիայի և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև կնքվեց համագործակցության մասին փոխըմբռնման համաձայնագիր, որը ստորագրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:

Համաձայնագիրն ամրագրեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու ցանկությունը: Մասնավորապես՝ փաստաթղթի նպատակն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական պատրաստվածության կատարելագործումը: Համագործակցությունը ենթադրում է ակադեմիայի ուսումնական ծրագրերում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային-իրավական փաստաթղթերի և ներպետական օրենսդրության վերաբերյալ դասընթացների առարկայական ծրագրերի կազմում, համապատասխան նյութերի մշակում:
Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է նաև մշակել և կազմակերպել հեռաուսուցման դասընթացներ, իրականացնել հետազոտություններ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Նոյեմբերի 12-ին ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ անցկացրեց <<Փողերի լվացման գործերի քննությունը>> թեմայով կոնֆերանս: Այն վարում էին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ դատական համակարգից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից, ՀՀ պետեկամուտների կոմիտեից, ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնից, ՀՀ դատական դեպարտամենտից:
Կոնֆերանսի մեկնարկը տրվեց Արդարադատության ակադեմիայի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման համաձայնագրի ստորագրման արարողությամբ:

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ Դանիել Ազատյանը կարևորեց նման քննարկումներ անցկացնելու փաստը՝ միաժամանակ ընդգծելով, որ Արդարադատության ակադեմիայի և Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը կարևոր քայլ է փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ փողերի լվացման դեմ պայքարը լուրջ խնդիր է, և այդ պայքարի ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի պայքարի արդյունավետության բարձրացմանը չափազանց կարևոր է և հրատապ: <<Լիահույս եմ, որ մեր այս համագործակցության շրջանակներում այսօր կազմակերպված և հետագայում կազմակերպվելիք տարբեր տեսակի միջոցառումները զգալի ավանդ կլինեն այդ գործում>>,-նշեց ռեկտորը՝ հավաստիացնելով, որ հաշվի առնելով այդ ոլորտում առկա մասնագիտական գիտելիքի պակասը՝ առաջիկայում նախատեսվում է ակադեմիայի ուսումնական ծրագրերում ներառել փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ դասընթացներ:
Կոնֆերանսի ընթացքում ներկաները քննարկեցին փողերի լվացման գործերի քննության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնակիցները նաև մտքեր փոխանակեցին օրենսդրական և գործնական խոչընդոտների վերաբերյալ, վերլուծեցին փողերի լվացման գործերով կայացված որոշակի դատական ակտեր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձի օրինակներով:




Լրահոս