ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր կողմից ընդունված որոշմամբ հաստատված է համարել, որ տեղի է ունեցել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված Վահան Շիրխանյանի իրավունքների խախտում:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարին անհապաղ տեղափոխել Վահան Շիրխանյանին քաղաքացիական առողջապահական հաստատություն և կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը:
Նշենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն հայտարարություն էր տարածել և նշել, որ առողջապահության նախարարություն ուղղված գրության հիմքով հրավիրվել է բազմապրոֆիլ բժշկական կոնսիլիում, որը խորհուրդ է տվել հիվանդի ախտորոշումը և բուժման տակտիկան որոշելու համար շարունակել հետազոտությունները:
Փաստաբան Հայկ Ալումյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրն այն է, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատանում է. «Այդ մարդը փորձադաշտ չի, առողջ մտել է իրենց մոտ և հիմա հաշմանդամ է»:
Փաստաբանը նշեց, որ բազմիցս հայտարարել է իր պաշտպանյալի առողջական խնդիրների մասին, բայց համառորեն նրան քաղաքացիական հիվանդանոց չեն տեղափոխում. «Այդ նշվող հետազոտությունները միայն մոնիպուլացիաներ են, իրենք չեն իրականացրել, դա կատարվել է հարազատների 90 տոկոս միջոցներով: Պետությունը ոչ մի դրամ չի ծախսել նրան օգնելու համար: Միայն մեկ անգամ ենք դիմել, որպեսզի բուժզննումը կատարվի պետության միջոցներով, այն էլ անընդհատ ձգձգում էին և հիմա նրանց հույսով չենք պատրաստվում մնալ: Շիրխանյանի հարազատները պատրաստ են ողջ ծախսն իրենք հոգալ»:
Փաստաբանը նշեց, որ օր օրի Շիրխանյանի վիճակն ավելի է վատանում:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015-ի նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հանցավոր համագործակցությանը մասնակցելը, և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, և ՀՀ ՔՕ 300 հոդվածով՝ իշխանության զավթում:
Լիլիթ Շաբոյան