Այսօր Հայաստանում գործող գազալցակայանների և բենզալցակայանների մոտ կանգնելը, մեքենան լիցքավորելը և անգամ գազալցակայանի կողքով անցնելը վտանգավոր է: Վառ ապացույցը նոյեմբերի 12-ին Երևանի Հերացու փողոցում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունն էր, որից հետո միայն ՀՀ ԱԻՆ-ը որոշեց խորհրդակցություն անցկացնել և խստորեն ստուգել դրանց գործունեությունը: Փաստ է, որ այսպիսի հանձնարարականի անհրաժեշտություն, առաջանում է միայն պայթյունների դեպքում, և, կարծես թե, միայն դժբախտ պատահարների դեպքում է նախարարությունը հիշում ստուգումներ անցկացնելու անհրաժեշտության մասին:
Գազալցակայաններում և բենզալցակայաններում պայթյունների դեպքերը նորություն չեն: Անցյալ տարի մի քանի այդպիսի աղմկահարույց դեպքեր տեղի ունեցան, զոհեր եղան, կրկին հանձնարարականներ եղան, սակայն ինչպես տեսնում ենք, դրանից թերությունները չեն վերանում:
Խոսենք փաստերով. մասնավորապես 2015 թվականին մեկ ամսում մի քանի պայթյուն տեղի ունեցավ և շատ անգամ մահվան ելքով: Մայիսի 26-ին պայթյուն էր տեղի ունեցել դեպի Էջմիածին տանող ճանապարհի վրա գտնվող գազալցակայանում, որը պատկանում էր նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Պայթյունի հետևաքով մահացավ նրա եղբայրը: Նախարար Արմեն Երիցյանն այդ ժամանակ նշել էր, թե վեց ամիս առաջ իրականացված ստուգումների ընթացքում խախտումներ են հայտնաբերվել, որոնց համար տուգանք է նշանակվել։ «Տվյալ գազալցակայանը մեր կողմից վեց ամիս առաջ տուգանվել է մեկ միլիոն դրամ, այնտեղ եղել են բազմաթիվ թերություններ, որ պետք է վերացնեին, սակայն չեն արել, ես երեկ արդեն հանձնարարել եմ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքներն ավելի ակտվիացնել», – նշել էր Երիցյանը։ Այդ տարի մեկ այլ պայթյունի դեպք էլ տեղի ունեցավ մայիսի 30-ին, այս անգամ Չարենցավանում:
Մասնագետների պնդմամբ՝ գազալցակայաններում պայթյունները հիմնականում լինում են ճնշումը գերազանցելու եւ տեխնիկական անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով: Ընդ որում, եղել են դեպքեր, երբ որոշ տնտեսվարողներ սեփական բիզնես շահերից ելնելով` նման պայթյունները կոծկել են եւ արել ամեն ինչ, որպեսզի տեղի ունեցածի մասին ոչ ոք չիմանա, իսկ մեր ԱԻՆ-ն էլ ստուգումների մասին հիշում է միայն դժբախտ պատահարներից հետո, այնինչ ստուգումները պետք է նրանց համար մշտական գործողություն լինեն:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ բացի Երևանից խիստ ստուգումներ կլինեն նաև Գյումրիում և Վանաձորում: Մեզ հայտնեցին, որ, օրինակ, նախանցյալ տարիների հետ համեմատ, անցյալ տարի, ստուգումների արդյունքում, կարողացել են մինիմալացնել այդ պայթյուններն ու անսարքությունները: Թե որքան են կազմել այդ ստուգումները, ինչ արդյունքներ են արձանագրվել, մեզ տվյալ պահին չկարողացան հայտնել` տվյալ մասնագետի` տեղում չլինելու պատճառով` խոստանալով բոլոր թվային տվյալները ներկայացնել միայն առավոտյան: Դրա փոխարեն, հույս հայտնեցին, թե բենզալցակայաններում ստուգումները ևս կօգնեն նվազեցնել այդպիսի դեպքերը: Իհարկե, հուսալը լավ բան է, սակայն միայն դժբախտ պատահարների դեպքում ստուգումներ սկսելը դժվար թե արդարացնի հույսերը:
Նաիրա Հովհաննիսյան