Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ «1000 դրամ բանակին» նախաձեռնությանը:
Վերջինս նշեց, որ մենք այս նախաձեռնության ձևին դեմ ենք, բայց բովանդակությանը ոչ, ու ձևի պատճառով ռազմավարական այս խնդիրը պետք է չլուծենք:
«Այն դեպքում, երբ գիտակցում ենք, որ ապրիլից հետո բանակի ցանկացած խնդրի լուծման հարց շատ արագ է դրվում եւ այդպես էլ պետք է շարունակվի: Նույնիսկ եթե բանակում իդեալական կառավարման խնդիր դնենք, որ ոչ մի մատակարար, ոչ մի գեներալ չարաշահում չիրականացնի, ապա իհարկե, միջոցներն այս խնդիրը լուծելու համար չեն բավականացնի: Ո՞վ ասեց, որ բանակում այսօր ամեն ինչ իդեալական է ու մնացել է միայն այս խնդիրը»,-նկատեց Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով` երկրում մուլտիմիլիոնատեր գեներալներ ընդհանրապես չկան. «Ես սա պաշտոնապես եմ ասում, այս խոսակցությունները ստեղծվել են ֆեյսբուքյան իրականությունում: Կարծում եմ, որ այս պահին հիմնադրամի առաջարկված կառավարման թափանցիկությունը շատ լավն է, սրանից լավ տարբերակ ես չեմ պատկերացնում »:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակը նաև հավելեց, որ «1000 դրամ բանակին» նախաձեռնությունը կարող է նաեւ լուրջ գրավչություն լինել պայմանագրային զինծառայողներին զինված ուժեր ներգրավելու առումով։