Նախագահի նստավայրից հանդիմանող Վիգեն Սարգսյանը քննությունը չհանձնեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սովորաբար, երբ որեւէ պաշտոնյա իր ոլորտում թերանում էր, մինչեւ վերջերս ՀՀ նախագահի նստավայրից զանգահարում եւ նրան հանդիմանում էր Վիգեն Սարգսյանը: Պարզվում է՝ «նախագահի անունից» բարկանալն ավելի հեշտ է: Մասնավորապես երեկ ԱԺ-ում արդեն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արագացված ընթացակարգով ներկայացնում էր մի նախագիծ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», որով նախատեսվում է «պարտադիր նվիրատվություն» Հայոց բանակում զոհված կամ հաշմված զինծառայողների համար:

Թեեւ նախագիծը ենթադրում է պարտադանք՝ բոլոր աշխատողները պետք է 1000 դրամ վճարեն ամեն ամիս, այնուամենայնիվ, մինչ ԱԺ ներկայացնելը հանրային քննարկում չարվեց: Վիգեն Սարգսյանը շտապեց գնալ ու միայն Սերժ Սարգսյանին ներկայացնել «ազգ-բանակ գաղափարի» այս դրսեւորումը՝ անտեսելով ՀՀ քաղաքացու կարծիքը: Իհարկե, գաղափարը ողջունելի է, եւ եթե շատ հարցերով փորձում ենք համեմատվել Իսրայելի հետ, ապա աշխարհի բոլոր հրեաները իրենց վաստակի մի մասը հատկացնում են հայրենիքին, ուրեմն մենք էլ կարող ենք: Բայց ինչու այս ձեւով:

Երեկ ԱԺ դարպասների մոտ խմբված քաղաքացիները դժգոհում էին պարտադիր եզրույթի դեմ՝ վիճարկելով վստահության գործոնը, որ չունեն իշխանության ցանկացած նախագծի, առավել եւս դրամահավաքության մասով: Ու թերեւս հենց այս ճնշումների հետեւանքն էր, որ կեսօրից հետո արդեն ՊՆ-ն տեղեկացրեց, որ կազմակերպում է հանրային քննարկում, բայց պարզ չէ՝ երբ եւ որտեղ: Մի խոսքով, Վիգեն Սարգսյանն առաջին քննությունը, որպես ՊՆ, լավ չհանձնեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս