Վահան Մարտիրոսյանի հանձարարականով մի շարք ստորաբաժանումներ կաշխատեն հատուկ ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ նոյեմբերի 16-ից կմեկնարկի ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:

Նոյեմբերի 15-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը խիստ հանձնարարական է տվել, որ առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները տարվեն անհապաղ, այդ թվում և´ գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:

Նոյեմբերի 16-ից նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները ևս աշխատելու են հատուկ ռեժիմով: Նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում նվազագույնը 3 անգամ լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա:

Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս