Չարբախում տեղի ունեցած սպանության հետքերով. ովքեր են կասկածյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին հերթական սպանությունն է եղել մայրաքաղաք Երեւանում: Այս անգամ դեպքի վայրը Չարբախն էր, ավելի ստույգ՝ այստեղ գտնվող «Լիա» գեղեցկության սրահը: Այստեղից նշված օրը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը, մահացած վիճակում: Վիրավորներից 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը մահացել է նույն օրը հիվանդանոցում, իսկ մյուսի՝ 35-ամյա Արամ Պետրոսյանի վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր էր:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության, սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք պահելու հատկանիշներով: Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման նյութի եւ այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ: Միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ովքեր են սպանվածները

«Ժողովուրդ» օրաթերթին տուժածների մասին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այսպես՝ մեզ հաջողվեց պարզել, որ սպանվածներից 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը Երեւանի բնակիչ է, տան կրտսեր զավակը: Նրան ճանաչողները պատմում են, որ երիտասարդի ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, իսկ դեպքի վայրում, ըստ որոշ տեղեկությունների, շատ պատահաբար է հայտնվել: Նրան ինչ-որ անհայտ մարդիկ են կանչել եւ ասել, որ շտապ խոսելու բան կա: Նույն տեղեկությունների համաձայն՝ սպանված երիտասարդի հարազատները երբեւէ չեն իմացել, որ նա հնարավոր է՝ ինչ-որ խնդիրներ ունենար:
Հիվանդանոցում մահացածը՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, դեռեւս չհաստատված տեղեկությունների համաձայն՝ եղել է իր հետ թիրախում հայտնված մյուս երկու երիտասարդներին «Լիա» գեղեցկության սրահ տանողը: Չարբախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա հայտնի է հանգիստ բնավորությամբ:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 35-ամյա Արամ Պետրոսյանը, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Նորք-Մարաշ թաղապետարանի աշխատակից է: Զբաղեցնում է թաղապետի աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնը: Մեր տեղեկությունը հաստատեցին թաղապետարանից՝ հավելելով, որ Ա. Պետրոսյանը մեկ շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած սեմինարներին է մասնակցել, իսկ ուրբաթ օրը սեմինարն ավարտվել է, սակայն նա թաղապետարան չի ներկայացել: Այստեղից մեզ փոխանցեցին նաեւ, որ դեպքի նախորդ օրը թաղապետարանը շաբաթօրյակ է կազմակերպել, սակայն Արամ Պետրոսյանը նաեւ այս նախաձեռնությանը չի մասնակցել: Ինչ վերաբերում է կատարվածին, ապա մեզ փոխանցեցին, որ տուժածը երբեւէ առիթ չի տվել կասկածելու, որ ինչ-որ խնդիրներ ունի:
Շրջանառվող անունները

Դեպքից անմիջապես հետո լրատվամիջոցներում խոսվում էր այն մասին, որ կասկածյալներ դեռեւս չկան, կատարվածն առեղծված է թե՛ տուժածների մերձավորների, թե՛ իրավապահների համար:
Սակայն երեկ արդեն որոշ անուններ էին շրջանառվում որպես հավանական կասկածյալներ: Ոչ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Չարբախում լուրեր են շրջանառվում, թե դեպքի վայր հանդիսացած սրահում հաճախ են տարբեր վիճաբանություններ, «փողի ռազբորկաներ» լինում: Իսկ դրանք հրահրողը, ըստ նույն տեղեկությունների, ոմն Չարբախցի Գեղամն է, ով առավել հայտնի է Թոփալ Գեղամ անունով:

Վերջինս Չարբախում այնքան էլ հայտնի կերպար չէ, իսկ ճանաչողները նրան բնութագրում են որպես կոնֆլիկտային անձնավորություն:
Կրկին օդում կախված տեղեկություններով՝ դեպքի վայրում է եղել նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Արա Վարդանյանի՝ Ճվճվ Արոյի որդին՝ Սերժ Վարդանյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, մշտապես գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ հաճախ է աղմկալի պատմությունների կիզակետում հայտնվում:
Երեկ երեկոյան համացանցում տեղեկություններ եղան նաեւ այն մասին, որ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող անձանց մեջ շոշափվում է նաեւ քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլե անունով հայտնի Սարգիս Հախանումյանի եղբոր՝ Դավիթ Հախանումյանի անունը: Այս վարկածն իրավապահները քննարկում են, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, նա դեպքից տեւական ժամանակ առաջ եղել է նշված վայրում:

Հիշեցնենք` Դավիթ Հախանումյանի անունը առաջին անգամ չէ, որ շոշափվում է: Օրեր առաջ նա արդեն իսկ առիթ ունեցել է ներկայանալու իրավապահներին: Բանն այն է, որ նույն անունը հիշատակվում է հուլիսի 29-ին Սարի թաղում բախումներ հրահրելու մեջ: Նա այն թաղային խուժաններից մեկն է, ով խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ սադրիչ գործողություններ է իրականացրել:
Թե որքանով են վերը նշված անձինք առնչվում կատարվածի հետ, ցույց կտա քննությունը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս