ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի երեկվա հայտարարությունը ամենատարբեր շրջանակների կողմից ուղղակի ցինիզմ որակվեց: Ինչո՞ւ, որովհետեւ անդրադառնալով ծննդկանների մահացության դեպքերին՝ «արհեստավարժ» նախարարը բառացի հայտարարեց. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները… Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացեք դա վերջապես»: Հստակեցմանը, թե մահվան դեպքեր են գրանցվում, նախարարը պատասխանեց. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»: Այսինքն` մարդը, որպես արժեք, այս նախարարի համար ուղղակի գոյություն չունի: Նա «չստացված» բժշկության, բժիշկների անփութության հետեւանքը տեսնում է բացառապես մեկ հանգրվանով` «մորգ», եւ ամենեւին նկատելի չէ, որ պատրաստակամ է բժիշկների անպատասխանատվության հարցը դարձնել գոնե իր համար քննարկման առարկա:
Լեւոն Ալթունյանը խնդրին վերաբերվում է «իսկական» իշխանության տրամաբանությամբ. պատճառների մեջ չի խորանում, քանի որ իր պատասխանատվությունը կարող է գտնել, հետեւանքով էլ չի անհանգստանում, քանի որ գործընթացն անշրջելի է. ծննդկանը «մորգ» է տարվել:
Այնուամենայնիվ, հասկանալու համար, թե ինչպես է նախարարն իրեն թույլ տվել նման հայտարարություն անել, «Ժողովուրդ»-ը օգտվեց Ալթունյանի ընձեռած բացառիկ հնարավորությունից եւ մասնակցեց ամեն ուրբաթ լրագրողների հետ անցկացվող մեկժամյա թեյախմությանը: Պարզվեց՝ Հիպոկրատի երդում տված պաշտոնյան անդրդվելի է. «Ես ուզում եմ վերջնականապես հրաժարվեմ ծննդկանների մահվան վերաբերող հարցերից»:
Նախարարը հորդորեց ազատ ոճի հարցեր տալ, ուստի խնդրեցինք գոնե մեկնաբանել իր ֆեյսբուքյան էջում տեղադրված 2015թ. ամռանը «էլեկտրիկ» Երեւանի կազմակերպած էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի լուսանկարը: «Ես դեմ չէի էլեկտրաէներգիայի թանկացմանը: Եթե ինձ բացատրում էին, որ դա տնտեսապես անհրաժեշտ է, ես ոչ մի պովոդ չունեի չհավատալու դրան»,- հավաստիացրեց նախարարը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չեղարկել է իր նախորդի, կուսակցի՝ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման օրոք կայացված 610 մլն դրամի չափով վարչական տույժ կիրառելու որոշումը: Այսպես՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում, ինչին ընկերության հիմնադիրը համաձայն չի եղել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիմնադիր Արմեն Բունիաթյանը հայտնեց, որ եթե չվիճարկեր եւ վճարեր սահմանված տույժը, ընկերությունը ուղղակի կսնանկանար: Թե ինչու է Արամայիս Գրիգորյանն արհեստական խոչընդոտներ ստեղծել գործարարի համար, հուսանք` մի օր կիմանանք:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը: Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը: Բանն այն է, որ Հրաչյա Ռոստոմյանի բանավոր ներկայացրածը այնքան էլ չի համընկել ծրագրի բովանդակության հետ: «Ժողովուրդ-ը տեղեկացավ, որ ԱԺ պատգամավորների մոտ ծրագիրը անպատրաստ ներկայացնելու համար Հրաչյա Ռոստոմյանը շուտով կհրավիրվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ՝ հաշվետվություն ներկայացնելու:
ՀՀ ոստիկանության ընթացիկ ծախսերի համալրման, ինչպես նաեւ կապիտալ ծախսերի կատարման հիմնական աղբյուրները արտաբյուջետային ֆոնդերն են: 2017 թ-ի բյուջեով ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել մոտ 40 միլիարդ դրամ, ինչը մոտ 1 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ ոստիկանության աշխատողների աշխատավարձերը, հավելավճարները եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումները 2017-ի համար ծրագրավորվել են մոտ 31 մլն դրամի չափով, որը 2016 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել է 3.2 մլն դրամով: Ուշագրավ է, որ գրեթե նույնքան ավելացել է նաեւ պաշտպանության նախարարությանը տրվելիք գումարի չափը: Եվ սա այն պարագայում, որ Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմական վիճակում: Ըստ երեւույթին, իշխանությունը գիտակցում է. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ու նաեւ դրանից հետո սպասվելիք ընդվզումները անխուսափելի են լինելու եւ մարդկանց դեմ, ինչպես միշտ, պետք է կիրառվի իշխանության «վահանը»` ոստիկանությունը: Իսկ մեր սահմանների անվտանգությունն ապահովող ՊՆ-ն «կսպասի»:
ՀՈԳՆԱԾ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների եւ քաղաքագետների հետ: Ներկայացնելով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը՝ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակելով սրել իրավիճակը շփման գծում՝ լուրջ վնաս է հասցնում խաղաղ հանգուցալուծման ջանքերին: «Նման հերթական սադրիչ դրսեւորումներից է մեկ շաբաթից Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնցում, ըստ Բաքվի, ներգրավված են լինելու ադրբեջանական գրեթե ողջ զինուժը ու ռազմական տեխնիկան, ինչը սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Սա է Ադրբեջանի ղեկավարութան արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ մղելու կոչերին»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նկատենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ՀՀ ԱԳ նախարարը ոչ թե սպասում է այս կամ այն անթույլատրելի զարգացմանը, ապա միայն՝ դրան արձագանքում, այլ դա անում է նախօրոք: Սա կարեւոր է, քանի որ հայկական դիվանագիտության ամենամեծ բացթողումներից մեկն էլ հենց այն է, որ մեր կողմից գրեթե երբեք չի լինում նախաձեռնողականություն: ՀՀ ԱԳՆ լավագույն դեպքում պոստֆակտում արձագանքողի դերում է լինում: Մինչդեռ գոնե ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ է, որ հայկական դիվանագիտությունն առավել ակտիվ լինի եւ փորձի ինքը օրակարգ ձեւավորել թե՛ բովանդակային, թե՛ ընթացակարգային առումներով:
Ավելին՝ հայկական կողմը պետք է մշտապես նախահարձակ լինի, հնարավոր բոլոր ամբիոններն օգտագործելով՝ աղմուկ բարձրացնի ադրբեջանական ցանկացած սադրանքի, հրադադարի խախտման կամ դիվերսիայի դեպքում: Միգուցե ոմանք կասեն, որ դա կարող է հոգնեցնել միջազգային հանրությանը, սակայն նկատենք, որ հոգնեցնելն էլ է ձեւ, որպեսզի, ի վերջո, որեւէ քայլ արվի՝ խնդրի լուծման ուղղությամբ: Մինչդեռ հայկական դիվանագիտությունը մինչ օրս ոչ թե հոգնեցնողի, այլ հոգնածի կարգավիճակում է: Երբ պատերազմական օրերին երկրի արտգործնախարարը նախ՝ «անհետանում է», ապա պարզվում է, որ այդ թեժ փուլում նա մասնակցել է ինչ-որ ֆրանկոֆոն մշակութային իրադարձության, երբ ապրիլյան պատերազմից հետո վերստին դիվերսիոն ներթափանցման փորձ է լինում, եւ հաջորդ օրը Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից որեւէ կերպ չի պահանջվում դատապարտել կատարվածը, երբ Թուրքիայի ԱԳ նախարարը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարում է, որ ՌԴ-ն սատարում է 5 շրջանները հանձնելու ուղղությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն չի դիմում ՌԴ-ին այդ պնդման շուրջ մեկնաբանությամբ հանդես գալու պահանջով, այլ բնորոշում, ցավոք, դժվար է տալ: