ԳՈՐԾԱՐԱՐ-ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մնացել է 4 օր, եւ քարոզչական մարաթոնի ավարտի մոտենալուն զուգահեռ ավելի է կարեւորվում 2016թ. պայքարի յուրօրինակության բացահայտումը: ԱՄՆ պատմության մեջ արդեն երկրորդ անգամ միլիարդատեր գործարարին հաջողվում է ներքաշվել նախագահական մրցավազքի մեջ եւ լրջագույն դերակատարություն ստանձնել: Հետաքրքիր է, որ գործարարների ներգրավվումը քաղաքական գործընթացներում հատկապես վերջին տարիներին վերածվել է համաշխարհային թրենդի:

1992թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում պայքարն ընթանում էր Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Ջորջ Բուշի եւ դեմոկրատական կուսակցության թեկնածու, Արքանզասի նահանգապետ Բիլլ Քլինթոնի միջեւ: Հատկանշական է, որ ամերիկյան հայտնի գործարար Ռեսս Փերոթը եւս առաջադրվել էր եւ ստացել ընտրողների ավելի քան 18 տոկոսի (մոտ 20 մլն ընտրողի) աջակցությունը: Ոչ հաճախ պատահող այդ պրակտիկան վերջին տասնամյակներում եզակի դեպք էր, երբ երկկուսակցական պայքարին միջամտում էր երրորդ ուժը եւ այդքան բարձր ձայներ ստանում: Փերոթը մերժում էր Բուշի եւ Քլինթոնի առաջարկները, քննադատում նրանց քաղաքականությունն ու խոստանում փոխել լճացած քաղաքական համակարգը: Այնժամ ամերիկացիները չվստահեցին գործարար թեկնածուին եւ միաժամանակ մերժելով նախագահ Բուշին` նախապատվությունը տվեցին Քլինթոնին: Արդեն 2016թ. նախագահական ընտրություններում գրեթե նույն պատկերն է կրկնվում: Ճակատագրի հեգնանքով` Բիլ Քլինթոնի կինը` Հիլարի Քլինթոնը, մրցում է գործարար-թեկնածուի հետ, որը ներկուսակցական պայքարում ջախջախել է նախագահ Բուշի որդուն` Ջեբին:
Սակայն ի տարբերություն 1992թ.` այս անգամ գործարար թեկնածու Թրամփը հանդես է գալիս որպես կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ եւ շատ ավելի ամուր հողի վրա է կանգնած, քան Փերոթը 24 տարի առաջ: Փաստելի է, սակայն, որ ներկայումս ամերիկացիների ճնշող մեծամասնությունը, ձանձրացած քաղաքական քարացած համակարգից, չվստահելով դասական քաղաքական-պետական գործիչներին, իր նախընտրությունն է տալիս պետական կառավարման բնագավառում փորձ չունեցող Դոնալդ Թրամփին: Վերջինս այսօր իրական շանս ունի ընտրվելու ԱՄՆ նախագահ եւ եթե դա տեղի ունենա, կարող ենք պնդել, որ ամերիկյան քաղաքական համակարգը լրջագույն ճգնաժամի առաջ է կանգնած: Քլինթոնի ընտրության պարագայում նույնպես քաղաքական համակարգի կարկառուն գործիչները պարտավոր են առողջացման գործնական ծրագրեր առաջ քաշել` ընտրողների համար պետա-քաղաքական հարաբերությունները ընկալելի եւ հատկապես ընդունելի դարձնելու առումով: Այլապես հաջորդ ընտրություններում քաղաքական համակարգի անկումը կարող է կատարված փաստի վերածվել: Քաղաքական ընտրախավը, այսպես թե այնպես, պարտավոր է նոր գաղափարներ առաջ քաշել` պետության լճացումը կասեցնելու եւ նախկին կայսրությունների ճակատագիրը չկրկնելու մտահոգությամբ:
Գործարար թեկնածուների բազմազանություն է առկա նախկին խորհրդային տարածաշրջանում: Այստեղ քաղաքացիները ավելի արագ հիասթափվեցին դասական քաղաքական գործիչներից` իրենց հայացքը ձգելով հարուստ գործարարների ուղղությամբ: Լավագույն օրինակը, թերեւս, Ուկրաինան է, որտեղ նախագահ ընտրվեց Պետրո Պորոշենկոն` ուկրաինական «Ռոշենի» սեփականատերը: Հետաքրքիր է, որ Պորոշենկոյին հաճախ անվանում էին նաեւ «շոկոլադի արքա»: Սակայն, ի տարբերություն այլ երկրների օլիգարխ-նախագահացուների, Պորոշենկոն 2005թ. եղել էր Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը, 2009-10թթ.` արտգործնախարարը, իսկ 2012թ.` առեւտրի ու էկոնոմիկայի զարգացման նախարարը: Լինելով գործարար` Պորոշենկոն քանիցս զբաղեցրել էր պետական բարձրագույն պաշտոններ եւ ուներ համապատասխան փորձառություն: Մեր հարեւան Վրաստանում Սահակաշվիլի իշխանությունը պարտվեց կրկին գործարար թեկնածուի` Բիձինա Իվանիշվիլիին: Վերջինս Վրաստանի վարչապետ աշխատեց ընդամենը մեկ տարի եւ Սահակաշվիլիի նախագահության ժամկետի ավարտից հետո, երբ երկիրն անցավ լիովին խորհրդարանական կառավարման, լքեց պաշտոնը: Ըստ էության, Իվանիշվիլին ժամանակին ընկալվում էր որպես Սահակաշվիլիի այլընտրանքը, եւ վրացիների նախընտրությունը քաղաքականությունից հեռու գործարարի նկատմամբ խոսուն փաստ է: Այսօր Իվանիշվիլին Վրաստանում պետական պաշտոն չունի, սակայն նրա քաղաքական դերակատարությունը շարունակում է կենտրոնական համարվել: Պատահական չէ, որ հենց նրա ցանկությամբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց: Իսկ մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի «Վրացական երազանքը», հակառակ սպասումների, խիստ անհավանական բարձր արդյունքներ արձանագրեց՝ ավելի քան 48 տոկոս: Ի դեպ, գործարար թեկնածուների հանդեպ հետաքրքրության աճ տեղի ունեցավ նաեւ Ռուսաստանում: Վերջին նախագահական ընտրություններում գործարար Միխայիլ Պրոխորովը երկրորդն էր Պուտինից հետո:
Հայաստանում նույնպես գործարարների հանդեպ հասարակության վստահությունը վերջին շրջանում շատ ավելի բարձր է, քան դասական քաղաքական գործիչների նկատմամբ: 2012թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն` հանձին Գագիկ Ծառուկյանի, շատ բարձր քվե ստացավ: 2013թ. նախագահական ընտրություններին արդեն Ծառուկյանը համարվում էր Սերժ Սարգսյանի միակ հնարավոր մրցակիցը, սակայն նա հրաժարվեց նախագահական ընտրապայքարից: 2014-15թթ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հղացած «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը», թվում էր, պիտի հաղթանակեր` հաշվի առնելով գործարար Ծառուկյանի շուրջ ձեւավորված դաշինքի իրական պոտենցիալը: Գիտակցելով վերահաս վտանգը` Սերժ Սարգսյանն իր համար հաջող «վիրահատական» միջամտությամբ չեղարկեց «գործարար-նախագահացու» անչափ հավանական զարգացումը: Փաստորեն, Հայաստանում գործարարի կողմից իշխանությանը նետված դասական մարտահրավերը չկայացավ` Հայաստանը նաեւ այս հարցում դուրս դնելով համաշխարհային միտումներից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Երեւան գարեջուր» ընկերությունն այս տարվա 9 ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 48-րդ տեղը: Նշված ժամանակահատվածում այս ընկերությունը ՀՀ պետբյուջե վճարել է 1 մլրդ 758 մլն 970 հազար 100 դրամի չափով հարկ: Այս տարվա 2-րդ եռամսյակում «Երեւանի գարեջուր» ընկերությունը պետբյուջե վճարել է 879 մլն 848 հազար դրամի հարկ եւ հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկի 64-րդ հորիզոնականում:

Նշենք, որ «Երեւանի գարեջուր» ընկերության հիմնադիրն է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Սակայն պատգամավորին պատկանող ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 136 մլն 947 հազար 500 դրամի չափով նվազեցրել է հարկային վճարումները:
Նույնն է նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերության դեպքում, քանի որ այս տարվա երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ ավելացրել է հարկային վճարումները, իսկ անցած տարվա 3-րդ եռամսյակի համեմատ նվազեցրել է: Այսպես՝ ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե կատարել է 1 մլրդ 150 մլն 913 հազար դրամի չափով հարկային վճարում եւ զբաղեցրել 77-րդ տեղը: Երկրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 570 մլն 34 հազար 800 դրամ հարկ՝ զբաղեցնելով 108-րդ տեղը: Իսկ անցած տարվա 3-րդ եռամսյակում վճարել է 1 մլրդ 159 մլն 513 հազար 400 դրամ հարկ, որը այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 մլն 600 հազար 400 դրամով ավել է: Իսկ, ահա, «Կոտայքի գարեջրի գործարան»-ը այս տարվա 9 ամիսներին հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 808-րդ տեղը, իսկ պետբյուջե կատարել է 94 մլն 442 հազար 900 դրամի հարկային վճարում: Անցած տարվա 9 ամիսներին այս ընկերությունը վճարել է ընդամենը 153 մլն 205 հազար 600 դրամ՝ հայտնվելով ցանկի 507-րդ տեղը: Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10.8 տոկոսով նվազել է: Ենթադրվում է, որ հենց սրա հետ է կապված գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հարկային վճարների նվազումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
2015թ. հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սպանվել էր հարեւան, սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Սամսոն Մելքումյանը: Նա բարձրագույն կրթություն ուներ, տիրապետում էր մի շարք մարզաձեւերի: Ս. Մելքումյանի մահվանը նախորդել էր մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանությունը: Այդ դեպքով կալանավորվել էր Վազաշենի 28-ամյա բնակիչ, որը հետո ազատ էր արձակվել: Դեպքի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը): Գործի քննությունը կատարում էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը, որտեղից տեղեկացանք, որ քննությունն ավարտված է, սակայն Տավուշի մարզի դատախազությունը քրեական գործը դատարան չի ուղարկում: «Ժողովուրդը» Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ սպանության գործը դատարան չի ուղարկվում: Մարզի դատախազն ասաց, որ քրեական գործի քննությունն ավարտված չէ, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն պետք է իրականացվի: Նկատենք, որ դատաբժշկական փորձաքննությունները ամիսներ են տեւում, եղել է դեպք, որ այդ փորձաքննությունը ավելի քան մեկ տարի է տեւել: Հիշենք փորձաքննության ձգձգման եւս մեկ օրինակ: 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլի 10-ը ադրբեջանական գերության մեջ եղած 25-ամյա Արսեն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում դանակահարելով սպանել է այդ գյուղում ժամանակավորապես բնակվող 17-ամյա Աստղիկ Հանիսյանին: Ա. Խոջոյանը հուլիսի 19-ից ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվում «Նորք» հոգեբուժական կենտրոնում: Գրեթե 4 ամիս է անցել, սակայն փորձաքննության եզրակացությունը Տավուշի մարզի քննչական վարչություն դեռ չի ուղարկվել:

 

 

2000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԴԻՊԼՈՄՈՎ
Երվանդ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, ՀՀ ՊՆ-ի կողմից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպվող սպայական դասընթներին մասնակցելու, սպայական կոչում ստանալու եւ դասակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու նպատակով անհրաժեշտ կրթական ցենզին համապատասխանելու համար 2015թ. մայիսին Վանաձոր քաղաքում ոմն Արմենից 2000 ԱՄՆ դոլարով գնել է իրավունք վերապահող միջնակարգ կրթության վկայական եւ դիպլոմ, որոնց համաձայն ինքն ավարտել է Գյումրիի թիվ 35 միջնակարգ դպրոցը, ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը: Ե. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս