ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
Երեկ ՀՀ կառավարության դիմաց ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը հացադուլ է հայտարարել: Նա դիմում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նշելով, որ իրենից խարդախությամբ գումար են հափշտակել, անհիմն մեղադրանքներ են առաջադրել եւ տուգանքի ենթարկել: Ազատամարտիկը հավելեց, որ որպես ապացույց պատրաստ է ձայնագրություններ ներկայացնել եւ մինչեւ վերջ պայքարել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ամուսնալուծության գրանցման համար որքա՞ն ժամանակ է հարկավոր: Ի՞նչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը:
Նունե Մանուկյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ՝
– ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:
– Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ո՞ւր պետք է դիմել եւ ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել:
Լիլիթ Մնացականյան (28 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է: Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին՝ գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում:
Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունի մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը՝ ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը, մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալու ընթացքում: Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողներից մեկի կամ միակ ծնողի համար երեխայի ծննդյան պահից, որդեգրողի համար՝ որդեգրման, իսկ խնամակալի համար՝ խնամակալության որոշում կայացնելու պահից: