
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է սոցիալական ցանցերով ստացվող քաղաքացիների դիմում-նամակներին՝ նկատելով, որ դրանք հետզհետե ավելանում են:
«Հայտնի է, որ մեր բնակիչների գերակշիռ մասն այսօր օգտվում է սոցիալական ցանցերից և շատ հաճախ իրենց հարցերը կամ բողոքները մեզ ուղղում են հենց այդ եղանակով: Իրականում սա բավականին լավ հարթակ է, որը թույլ է տալիս նաև այդ եղանակով մեր բնակիչների հետ ունենալ մշտական և ակտիվ կապ: Ըստ այդմ, անհրաժեշտ է վերլուծել ու հասկանալ, թե հատկապես որ խնդիրներն են հիմնականում հուզում սոցցանցերից օգտվող մեր համաքաղաքացիներին և արդյո՞ք դրանց տրվող լուծումները սպառիչ են ու գոհացնում են մեր բնակիչներին», – նշել է Տարոն Մարգարյանն ու քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան սոցիալական ցանցերի էջերի միջոցով ստացված դիմումների վիճակագրությունը՝ ներառյալ տեղեկատվություն դրանց կատարողականի վերաբերյալ: