Թամանցիների փողոցում անձրևաջրեր այլևս չեն կուտակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին հաճախացել էին դեպքերը, երբ Թամանցիների փողոցում, «Նաիրիտ»-ի հարեւանությամբ, անձրեւաջրեր էին կուտակվում: Իսկ հորդառատ անձրեւներից հետո երբեմն փողոցն ուղղակի անանցանելի էր դառնում: Եւ ամեն անգամ, որպես մայրաքաղաքում անձրատար համակարգի շահագործման պատասխանատու, Երեւան Ջուրն էր մեղավոր լինում:

Մինչդեռ երեւույթի պատճառն ուրիշ էր: Թամանցիների փողոցը կտրում անցում է ու մտնում «Նաիրիտ»-ի տարածք՝ ճանապարհը շարունակելու «մտադրությումբ», այսպես կոչված Ողջաբերդի ջրանցքը, որին միացած է փողոցի անձրեւատար համակարգը: Տարիներ շարունակ այն գործել է կանոնավոր, լուծելով նաեւ անձրեւաջրերի հեռացման խնդիրը: Բայց ահա «Նաիրիտ»-ում ինչ-ինչ պատճառներով որոշեցին պատնեշել ջրանցքը, ինչը կաթվածահար արեց թե ջրանցքի եւ թե անձրեւատար համակարգի աշխատանքը:

Անցյալ տարի խնդրի արմատական լուծմանն ուղղված ջանքերը ցանկալի արդյունք չտվեցին: Բայց այս անգամ Երեւանի քաղաքապետարանի ակտիվ միջամտության շնորհիվ «Նաիրիտ»-ում Երեւան Ջրի մասնակցությամբ ապամոնտաժվեց պատնեշը: Եկավ Թամանցիների փողոցի գրեթե անանցանելի դարձած անձրատար համակարգը աղբից մաքրելու, շահագործելի դարձնելու հերթը, որին այսօր ձեռնամուխ եղան Երեւան Ջուր ՓԲԸ «Արեւելք» շահագործման տնօրինության մասնագետները: Բանվորներն առավոտից հերթականությամբ մաքրում էին դիտահորեը, իսկ դրանց միջեւ ձգվող խողովակներն էլ ազատում էին տարիներով կուտակված նստվածքից՝ բարձր ճնշմամբ ջրով դրանք լվանալով:

Կնշանակի՝ ջրերն այսուհետ ազատորեն կհոսեն իրենց հունով, Թամանցիների փողոցում կուտակվող անձրեւաջրերի խնդիրը դարձնելով հիշողություն:

Երեւան Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս