«Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը հնչեցին երիտասարդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվեցին «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը։ Միջոցառումը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում, որոնք կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ հնչեցին խորհրդային տարիների սիրված ֆիլմերի մեղեդիներ («Գարնան 17 ակնթարթ», «Անորսալի վրիժառուները», «Իմ քնքուշ ու նուրբգազան», «Ծառայողական սիրավեպ», «Միմինո», «Քաոս», «Պեպո», «Ճերմակ անուրջներ», «Կտոր մը երկինք», «Թթենի» և այլն)։ Երաժշտությանը զուգահեռ էկրանին ցուցադրվում էին կինոնկարներից հատվածներ, հնչում տարբեր ֆիլմերից թևավոր խոսքեր։

Նշենք, որ «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը տոնական միջոցառումների շարքում ընդգրկվել են հենց երիտասարդների խնդրանքով։ Լեփ-լեցուն դահլիճն ու բուռն ծափահարությունները չէին թողնում նվագախմբին ու դիրիժորին հեռանալ բեմից։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով երիտասարդներին Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ, շեշտել է, որ այս տարի երիտասարդական տոների շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարզաբնակ երիտասարդներին, հատուկ միջոցառումներ են իրականացվել հենց մարզերում։ Պարոն Ավագյանը նկատեց, որ բազմաբնույթ ծրագրերով ցանկանում են շեշտել, որ շատ մեծ ուշադրություն կա երիտասարդների և ուսանողների նկատմամբ։ «Ոչ մի երկրում մեկ շաբաթ շարունակ տոնական միջոցառումներ չեն իրականացվում երիտասարդների համար։ Այս միջոցառումները մեր երիտասարդությունը վաստակել է։ Մենք ուզում ենք, որպեսզի մեր երիտասարդությունն իրեն զգա երկրի տերը։ Եվ այս բազմաբնույթ միջոցառումներով մենք ցանկանում ենք ցույց տալ երկրի իշխանությունների վերաբերմունքը երիտասարդության նկատմամբ»,- ասել է Կարեն Ավագյանը։




Լրահոս