Պուտինի առաջարկը Հայաստան չի հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ Ռուսաստանի կառավարության առաջարկին եւ հանձնարարել է ստորագրել այն:
Հանձնարարականում մասնավորապես ասվում է. «ՌԴ նախագահն ընդունել է Հայաստանի հետ ԶՈՒ միացյալ զորամիավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին կառավարության ներկայացրած առաջարկը: Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, արտգործնախարարության մասնակցությամբ, հայկական կողմի հետ բանակցել եւ համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը»:

Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը (ագրեսիային), ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԳՆ-ից պարզել՝ ինչ արձագանք է տվել հայկական կողմը: Մեր հարցին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Ձեր կողմից վկայակոչված հրամանագրով ՌԴ նախագահի կողմից ընդունվել է հիշատակված համաձայնագրի ստորագրման վերաբերյալ ՌԴ կառավարության առաջարկությունը։ Նույն հրամանագրով ՌԴ ՊՆ եւ ԱԳ նախարարությանը հանձնարարվել է վարել համապատասխան բանակցություններ հայկական կողմի հետ եւ ստորագրել նշված համաձայնագրի փոխհամաձայնեցված նախագիծը պայմանավորվածությունների ձեռքբերման պես։ Ս.թ. նոյեմբերի 15-ի դրությամբ նշյալ հարցի շուրջ ռուսական կողմից առաջարկություններ չեն ստացվել»։

Տ. Հարությունյան




Լրահոս