Դառնալ Ազգ-բանակ և պատրաստվել պատերազմի ու ինքնապաշտպանության. Ժիրայր Սէֆիլյանի կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ժիրայր Սէֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից կոչով դիմել է ժողովրդին.

«Սիրելի՛ ժողովուրդ

Սարդարապատից մեկ դար անց մենք կրկին հայտնվել ենք սարդարապատային վիճակում:

Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ռուս-թուրքական օղակը հերթական անգամ մեր կոկորդին սեղմելու համար:

Նրանք ծրագրում են մեզանից խլել և Ադրբեջանին հանձնել Արցախը, ինչի դիմաց Ադրբեջանը խոստանում է նորից գրկախառնվել Ռուսաստանի հետ, ինչը պետք է ապահովի ռուս-թուրքական դաշինքի գերակայությունը տարածաշրջանում:

Բնականաբար՝ այս ծրագիրը նաև նախատեսում է ինքնիշխան Հայաստանի լիակատար գաղութացում, քանի որ ինքնիշխան Հայաստանը ոսկոր է նրանց կոկորդում:

Մինչ այս ծրագիրը քայլ առ քայլ իրականացվում է և դրա նպատակով Ադրբեջանը շարունակում է զինվել ու պատրաստվել պատերազմի, Հայաստանի դավաճանական ղեկավարությունը շարունակում է ճնշել ժողովրդի դիմադրական ոգին, զինաթափել և կեղեքել նրան:

Ցեղասպանության վտանգի առաջ կանգնած հայ մարդն իր երկրում զրկված է զենք ունենալու և ինքնապաշտպանության դիմելու իրավունքից: Անգամ այսօրվա օրհասական վիճակում սահմանամերձ մարզերի բնակիչներից շարունակում են առգրավել զենքը և նրանց պատասխանատվության ենթարկել դրա համար:
Ասվածի վերջին ապացույցը Ադրբեջանի աննախադեպ մասշտաբի զորավարժությունների ընթացքում և այդ պետության ղեկավարի ռազմատենչ հայտարարությունների ու կոնկրետ սպառնալիքների պայմաններում Սասնա Ծուռ Սեդրակ Նազարյանի՝ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գտնվող հայրական տանը զենք և զինամթերք հայտնաբերելու պատրվակով կատարված վայրենաբարո խուզարկությունն էր, որը կազմակերպվել և իրականացվել էր այդ և շրջակա գյուղերի բնակիչների շրջանում վախ և հուսահատություն սերմանելու միտում ունեցող հոգեբանական գրոհի մեթոդներով:

Մենք սպասելու ժամանակ չունենք և չենք կարող հույսեր կապել մի ղեկավարության հետ, որը դավաճանաբար զինաթափում է ժողովրդին, նախատեսում է պայմանավորված պատերազմի միջոցով հանձնել ազատագրված տարածքները, իսկ զոհվող զինվորների թաղման ծախսերն ապահովագրել կեղեքված ժողովրդի վերջին հազար դրամը խլելու հաշվին:

Մենք պետք է պատրաստվենք պատերազմի և ինքնապաշտպանության՝ նաև գիտակցելով, որ ազգովին պատերազմին պատրաստ լինելը պատերազմը կանխելու միակ միջոցն է: Եվ այդ նպատակով ժողովուրդը պետք է պահանջի, որ վարչախումբը զինաթափելու փոխարեն զինի իրեն: Հակառակ պարագայում նա վերջնականորեն պետք է համարվի թշնամուն օժանդակող և դառնա ապստամբության ու դատաստանի թիրախ:

Ազգ-բանակի հիմքը զինված և պատրաստված ժողովուրդն է:
Պատրաստվենք Ազգ-բանակ դառնալու և տեր կանգնելու մեր Հայրենիքին:

Համոզված ենք, որ դեռ Ադրբեջանին ծնկի բերելու և Կուր-Արաքսյան հանրապետություն ստեղծելու ներուժ ունենք և կյանքի ենք կոչելու այդ ծրագիրը:

Անձամբ ես պատրաստ եմ գլխավորել Սասնա Ծռերին և այլ նվիրյալներին ու նրանց հետ միասին ստանձնել այս գործընթացի պատասխանատվությունը:




Լրահոս