Թուրքական կայքն անդրադարձել է հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական լրատվական դաշտում մեծ արձագանք է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագիրը, որով հավանություն է տրվել Կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական միացյալ զինուժի ստեղծմանը, գրում է Ermenihaber-ը:

Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը գրում է, որ Ուկրաինայից ու Սիրիայից հետո Ռուսաստանն իր ազդեցությունը ուժեղացնում է նաև Կովկասում: «Հայաստանի պաշտպանական ռազմավարության մեջ պայմանագրի մակարդակով ներկայություն ունեցող Ռուսաստանը շրջապատել է Թուրքիան»,-գրում է կայքը`ավելացնելով.

«Այն պարագայում, երբ ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, որը կողմնակից է Սիրիայում ընդդիմադիրներին ցույց տրվող աջակցության դադարեցմանը, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում ռազմավարական հաղթանակներ է տանում Արևմուտքի նկատմամբ: Ռուսական իշխանությունները Ուկրաինայում Ղրիմի անեքսիայից ու Սիրիայում ռազմաբազաները ավելացնելուց հետո այժմ էլ միացյալ ռազմական ուժեր ձևավորելու նպատակով պայմանագիր է ստորագրել Հայաստանի հետ: Բուլղարիայում և Մոլդովայում էլ ընտրություններում հաղթել են ռուսամետ ուժերը»:

Ըստ թուրքական աղբյուրի տեղեկությունների` հիշյալ պայմանագրի համաձայն ստեղծվելիք միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվելու է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի կողմից Ռուսաստանի հաստատմամբ, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ հրամանատարությունն անցնելու է ռուսական կողմին:

«Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանը պաշտպանելու է Հայաստանի սահմանները արտաքին վտանգներից: Ներկայումս Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսական ռազմաբազա»,-հավելում է թուրքական լրատվամիջոցը:




Լրահոս