Նոյեմբերի 16-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է բնապահպանության նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներ և առանձնացված ստորաբաժանումներ: Առաջին կանգառը՝ Հայաստանի բնության պետական թանգարանում էր: Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Տարածաշրջանում եզակի այս թանգարանում հաշվառվում է ավելի քան 6000 ցուցանմուշ, որից շենքային պայմանները հնարավորություն են տալիս ցուցադրելու շուրջ 1500-ը: Անդրադառնալով խնդիրներին՝ թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն առաջնահերթ նշել է հենց ցուցասրահների սուղ պայմանները, շենքի վերանորոգման անհրաժեշտությունը: Նախարար Մինասյանը հանձնարարել է կարճ ժամկետում ներկայացնել թանգարանի զարգացման ծրագիր, ինչը նաև հնարավորություն կտա գտնելու ինքնաֆինանսավորման աղբյուրներ՝ ապահովելով միջոցներ կառույցի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար: Ծանոթանալով թանգարանում տեղակայված էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին` Արծվիկ Մինասյանը կարևորել է նաև թանգարանի ու կենտրոնի գործունեության հանրայնացումը՝ այն առավել տեսանելի դարձնելով թե հայաստանաբնակների, թե Հայաստան այցելող օտարերկրացիների համար:
Նախարարի հերթական կանգառը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային ստորաբաժանման գրասենյակն էր: Տեսչական բարեփոխումներով պայմանավորված՝ նախարարը կարևորել է տեսուչների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքը, ինչը նաև միտված պետք է լինի իրականացվող գործառույթների նկատմամբ հանրության կողմից վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը:
Բնապահպանության նախարարն այցելել է նաև ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› և ‹‹Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ներ: Նախարարը ծանոթացել է կազմակերպությունների ունեցած մասնագիտական և տեխնիկական կարողություններին, աշխատանքային պայմաններին:
‹‹Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ում ծանոթանալավ օդի և ջրի լաբորատորիաների աշխատանքներին` Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել կազմակերպության կողմից ձեռնարակատիրական գործունեության ընդլայնումը, ինչը ոչ միայն կապահովի կառույցի տեխնիկական հագեցվածությունը, այլ նաև մասնագետների բարձր աշխատավարձերը:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի փորձագետների հետ աշխատանքային քննարկան ժամանակ նախարարն առաջնային է համարել փորձաքննական գործընթացներն բացառապես օրենքի պահանջներին համապատասխան իրականացնելը:
Շրջայցի ավարտին Արծվիկ Մինասյանը ստորաբաժանումների պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ: