Հասարակությունը պետք է տեսնի պետական և ազգային գործչի, այլ ոչ թե կուսակցական անձի. Վիգեն Սարգսյանի կուսակցական դառնալու հետքերով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիգեն Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակումից ի վեր բազմիցս է խոսվել ոչ ճիշտ ընտրության մասին: Որպես հիմնավոր պատճառ առաջին հերթին նշվում էր նրա՝ Զինված ուժերի զորքերում չծառայելու մասին: Նախօրեին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Սարգսյանն այս առնչությամբ նշել էր. «Իմ ծառայությունն՝ ի տարբերություն իմ դասընկերների ծառայության, եղել է երեք տարի, ոչ թե երկու, որովհետև ես եղել եմ սպայական ժամկետային ծառայություն անցնող լեյտենանտ: Վերջում ստացել եմ ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: Որտե՞ղ եմ անցել ծառայությունը, որքանո՞վ արդյունավետ, դա այն ժամանակվա իմ ղեկավարության  որոշելու խնդիրն է եղել, ունե՞մ բարդույթ, որ չեմ եղել զորքերում, այո, ունեմ այդպիսի բարդույթ»:

Միգուցե իսկապես դիվանագիտական աշխատանքում նա հիանալի կատարեր իր գործը, սակայն շատերն են նշում, որ այս ոլորտն այլ ղեկավար պետք է ունենա: Մեզ հետ զրույցում վերջերս «Հանրապետություն» կուսկացության նախագահ Արամ Սարգսյանը նշել էր. «Եղբայրս` Վազգենը, պաշտպանության նախարարի մի այնպիսի նշաձող դրեց, որից հետո ցանկացած մեկը, լուրջ չէր ընկալվում: Այս առումով այսօրվա նախարարին ասելիք չունեմ»: Վիգեն Սարգսյանի շուրջ քննադատություններն ավելացան նաև այն բանից հետո, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց ՀՀԿ-ական դառնալու որոշման մասին: Թերևս սա այն եզակի ոլորտներից է, որի ղեկավարը չպետք է կուսակցական լինի: Հետադարձ հայացք գցելով հասկանանք, թե ովքեր են եղել մեր պաշտպանության նախարարները:

Անկախ Հայաստանի բանակը կազմավորվեց ծանր պայմաններում, մարտի դաշտում՝ այլընտրանք չունենալով: 1990 թ-ին Անկախության հռչակագրի ընդունումից հետո կազմավորվեց Երեւանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջեւանում ու Մեղրիում ձեւավորվեցին վաշտեր, իսկ 1991 թվականին կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության պետական կոմիտեն:

1991-1992 թթ՝ Վազգեն Սարգսյան

1992-1993 թթ՝ Նորատ Տեր-Գրիգորյանց

1992-1993 թթ՝ Վազգեն Մանուկյան

1993 -1995 թթ՝ Սերժ Սարգսյան

1995-1999 թթ՝ Վազգեն Սարգսյան

1999 – 2000 թթ՝ Վաղարշակ Հարությունյան

2000 – 2007 թթ՝ Սերժ Սարգսյան

2007 -2008 թթ՝ Միքայել Հարությունյան

2008թ-2016թթ. Սեյրան Օհանյան

vazgen-demirchyan-470x265

Պաշտպանության առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում Վազգեն Սարգսյանը աշխատել է 1 տարի: 1995-1999 թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։  1999թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ նա սպանվել է: Վազգեն Սարգսյանը 1999թ-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս կոչմանը:

norat ter-grigoryanc

1992 – 1993 թթ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա կարևոր դեր է խաղացել 1992-1995թթ.  Հայաստանի Զինված ուժերի զարգացման գործում։ 1995 թվականին թոշակի անցնելուց հետո վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն:

Vazgen-Manukyan1

1992-1993 թվականներին պաշտոնը ստանձնել է ՀՀՇ վարչության առաջին նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա եղել է նաև Ղարաբաղ կոմիտեի անդամ:

serj-sargsyan_640x420

Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը ղեկավարել է 1993-1995 թվականներին: Ապա եղել է ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, հետո՝ ազգային անվտանգության նախարար, իսկ 2000-2007թթ-ին դարձյալ ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը: Ղեկավարել է նաեւ ՀՀ կառավարությունը, իսկ 2008 թվականից ՀՀ նախագահն է:

vaxarshak harutyunyan

1999-2000 թվականներին պաշտպանության նախարար է նշանակվել ռազմական եւ քաղաքական գործիչ, գեներալ- լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: Եղել է նաեւ ներքին գործերի փոխնախարար:

miqayel-harutyunyan-600x450

Պաշտպանության նախարարի պաշտոնը 2007-2008 թվականներին ղեկավարել է կոչումով գեներալ- գնդապետ Միքայել Հարությունյանը:

seryan-ohanyan

2008 թվականից 2016թ. պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Սեյրան Օհանյանը: 1995 թ. նրան շնորհվել է գեներալ-մայորի, 2000 թ.-ին՝ գեներալ-լեյտենանտի, իսկ 2007 թ. մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում: 1999 թ. սեպտեմբերին նրան շնորհվել է Արցախի հերոսի կոչում` Ոսկե արծիվ շքանշանի հանձնումով: Ակտիվորեն մասնակցել է ռազմաճակատում մղվող մարտական գործողություններին։ 1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում։

Ընդգծենք, որ պաշտպանության նախարարի անկուսակցական լինելու կարևորության մասին միշտ է խոսվել: Այս առնչությամբ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասում էր. «Կուսակցական լինելով` կրկնակի պատասխանատվության դաշտում ես գտնվում: Գտնում եմ, որ պաշտպանության նախարարը չպետք է կուսակցության մեջ լինի: Իմ կուսակցությունը` իմ պետությունն է»: Սակայն Վիգեն Սարգսյանն այսքան կարճ ժամանակ անց որոշեց դառնալ կուսակցական:

Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ չկա որևէ սահմանափակում, որով կուսակցական պատկանելությունն անհամատեղելի կդարձներ այդ պաշտոնը զբաղեցնելուն: Որքան էլ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, այն ենթադրում է առավելագույն քաղաքական զսպվածություն և այս տեսանկյունից ավելի նախընտրելի է նախարարի ապակուսակցական լինելը: Նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարն ունենալու է զինուժի ղեկավարման այնպիսի գործառույթներ, որոնք ուղղակի պետք է բացառեն դրանց վրա կուսակցական պատկանելությամբ բխող ազդեցությունները: Եվ ի վերջո,  ի դեմս պաշտպանության նախարարի՝ հասարակությունը պետք է տեսնի պետական և ազգային գործչի, այլ ոչ թե կուսակցական անձի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս