Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ. «ՌԻԱ Նովոստի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի:

«Մենք երբեք չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Լինի դա նախագահի, թե արտաքին գործերի նախարարների մակարդակով, նույնիսկ աշխատանքային մակարդակով: Սակայն մենք մշտապես կողմ ենք նրան, որպեսզի այդ հանդիպումները օգուտ տան, որևէ առաջընթաց լինի: Եթե առաջընթաց չլինի, եթե մենք հանդիպում ենք, և հետագայում չեն իրականացվում համաձայնությունները, ի՞նչ օգուտ պետք է լինի այդ հանդիպումից»,-«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է «թեկուզ այսօր կամ թեկուզ վաղը երեկոյան հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիր կնքել»:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև միջազգային հանրությունը հստակ գիտակցեն, որ հրադադարի ռեժիմը խախտվում է»,-հավելել է Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ ԼՂ հարցով փոխզիջումը հնարավոր է, և տարածաշրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ:




Լրահոս