
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին առաջադրված մեղադրանքները խստացվել են. մեղադրանք է առաջադրվել՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանություն կատարելը՝ երկու կամ ավելի անձանց, անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով և այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով) և 238 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում. «Կարող եմ ասել, որ նա այդ պահին դեպքի վայրում՝ ՊՊԾ գնդի կոնկրետ այն տարածքում, որտեղ կյանքից զրկվել է ոստիկանության այդ աշխատակիցը, չի գտնվել: Ինչ-որ վկաների ցուցմունքի հիման վրա է, այլ փաստեր չեն ներկայացրել դեռևս, իսկ մանրամասներ չեմ կարող հայտնել՝ ելնելով նախաքննական գաղտնիքից» :
Երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ որոշվել է ևս երկու ամսով երկարաձգել Բիլյանի կալանքի ժամկետը: Փաստանը նշեց, որ նա ունի ողնաշարի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև բորբոքված է լեղապարկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիլյանին մեղադրանք էր առաջադրվել 218 հոդվածի 3-րդ մասով (պատանդ վերցնելը), և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):