Ապրիլյան քառօրյա պատերազմից արդեն ավելի քան 8 ամիս է անցել, իսկ դրա հետեւանքների եւ պատճառների մասին քննարկումները շարունակում են հանրության տարբեր շերտերի քննարկման թեման մնալ:
Մինչ օրս խոսվում է այն մասին, թե ինչու հայկական կողմը բավականաչափ եւ նորագույն տեխնոլոգիաներով զարգացած զինտեխնիկայով հագեցած չէր եւ պատրաստ չէր լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Եվ միայն քառօրյա պատերազմից հետո սկսվեցին ակտիվ քայլեր ձեռնարկել հայկական զինանոցն արդիականացնելու եւ սահմանն ավելի ամրակուռ դարձնելու ուղղությամբ:
Նախ հարկ ենք համարում նկատել, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված եւ 4 օր տեւած պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվեցին այնպիսի զինատեսակներ, որոնք չէին կիրառվել 1994 թ-ի հրադադարի հաստատման պայմանագրի կնքումից ի վեր: Ըստ վերլուծաբանների՝ հայկական կողմը ռազմական գործողությունների 4 օրերի ընթացքում կրել է 14 մլն դոլարի, իսկ Ադրբեջանը 170 մլն դոլարի նյութական կորուստ:
Եվ երեկ «Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի հրապարակած զեկույցը նոր կորուստի բոթի մասին է վկայում: Խոսքը մարդկային կորուստի մասին է:
Այսպես՝ «Ժողովուրդ»-ը զեկույցից տեղեկանում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 146 շարքային եւ պայմանագրային զինծառայող, ինչպես նաեւ՝ քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: Իսկ ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաեւ Թալիշում 4 քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր:
Նշված ժամանակահատվածում մահացած 146 զինծառայողներից 24-ը պայմանագրային զինծառայողներ են, 18-ը՝ կամավորական, 21-ը՝ սպաներ, 83-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը երեկ հայտարարեց, որ ապրիլի 1-30-ն ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողների վերաբերյալ զինդատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների միջեւ կա անհամապատասխանություն: Այսպես՝ Սաքունցի ներկայացրած տվյալների համաձայն՝ կենտրոնական զինվորական դատախազության ներկայացրած տվյալներով՝ ապրիլի 1-5-ը զոհվել է 82 զինծառայող, որոնցից 78-ը հակառակորդի կողմից է սպանվել: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում զոհվել է 82 զինծառայող, որոնցից պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 75-ը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրություններով՝ ճիշտ է զինդատախազության ներկայացրած տվյալը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչով է պայմանավորված զինդատախազության եւ ՊՆ-ի հրապարակած տվյալների անհապատասխանությունը, պարզաբանեց, թե վերաորակումը նորմալ երեւույթ է: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ քանի դեռ քրեական գործի քննությունը չի ավարտվել, փոփոխություններ կարող են լինել նաեւ մահացությունների թվերի հետ կապված: Ի դեպ, Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ նախարարությունը հայտնել է ոչ թե 75, այլ 76 զինծառայողի մահվան մասին:
Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ քառօրյա պատերազմի ընթացքում երեք զինծառայող մահացել է ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու հետեւանքով. «Ինչու պետք է զինծառայողները մահանան անսարք բուժմեքենայի, զինտեխնիկայի անսարքության համար: Մենք պահանջելու ենք ծառայողական քննություն իրականացվի, հարուցվեն քրեական գործեր նաեւ այն բանի համար, որ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների են զորակոչել բանակ»,- բարձրաձայնում է իրավապաշտպանը:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել ապրիլի 1-ին ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհված ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Մելքոնյանի եղբոր՝ Սամվելի հետ: Վերջինս պատմեց, որ Վլադիմիրը ոչ պատշաճ բժշկական օգնության հետեւանքով է մահացել. բուժմեքենան, որով վիրավոր զինծառայողին տեղափոխել են, ճանապարհին մի քանի անգամ փչացել է. «Հուղարկավորությունից մոտ մեկ ամիս անց տեղեկացանք, որ նման բան է եղել: Նրա ծառայակիցներից մեկի հետ ենք խոսել, նա էլ պատմել է, որ Վլադիմիրը վիրավոր վիճակով ընկած է եղել, օգնություն է կանչել, անգամ սկսել է հայհոյել: Ուշացումով բուժօգնության մեքենան է մոտեցել ու ճանապարհին էլ մի քանի անգամ փչացել է: Այնքան ուշ են տեղ հասցրել, որ եղբայրս մահացել է»,- վրդովված պատմեց զոհված զինծառայողի եղբայրը:
Մեր զրուցակիցը չբացառեց, որ առաջիկայում ՊՆ կդիմեն՝ դեպքի հանգամանքներին ստույգ տեղեկանալու համար:
Իսկ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել այս տվյալների հրապարակումից հետո պետական կառույցները: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեղեկություն չունեմ, զեկույցին ծանոթ չեմ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ պաշտոնական դիմումը ստանալուն պես կուսումնասիրեն այն եւ համապատասխան գործընթաց կսկսեն:
Հ.Գ. ՀՀ պաշտպանության նախարարությունը միանշանակ պետք է ծառայողական քննություն իրականացնի, որպեսզի վերջնականապես պարզվի՝ ինչ հանգամանքներում են իրականում զոհվել զինծառայողները: Վերջիններիս հարազատներն էլ պետք է տիրապետեն ցանկացած բացահայտման: Թերեւս հարց է առաջանում նաեւ՝ ինչու իրավապահները քննություն չեն իրականացնում, թե ինչու են առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները զորակոչվում բանակ, ինչպես է ստացվել, որ զինտեխնիկան, բուժօգնության, բժշկական սպասարկման տեխնիկան անսարք եղել:
Տաթեւ Հարությունյան