Մեր հանրությունը պատրաստ չէ. ԼՂՀ պատգամավորը` 1000-ական դրամների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկությամբ էր հանդես եկել, ըստ որի 2016 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից հազար դրամ պահումներ են արվելու` մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու նպատակով: Այսօր արդեն խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ:

–Պարո՛ն Հյուսնունց, ինչպե՞ս եք վերաբերվում Վիգեն Սարգսյանի կողմից առաջարկած այն ծրագրին, ըստ որի աշխատավարձերից հազար դրամներ են պահվելու:

-Ծրագրին վերաբերվում եմ շատ դրական: Երբեմն նմանատիպ, կամ սոցիալական արդարության մեղմացմանը միտված այլ ծրագրերի, որ մենք անում ենք բանակի, հաշմանդամների համար, շփոթում ենք ազգային տուրքի գաղափարի հետ: Ազգային տուրքը, ընդհանրապես, ազգային գաղափարախոսության մի բաղկացուցիչ մաս է կազմում, որը մենք կամաց-կամաց պետք է ներմուծենք հասարակության գիտակցության մեջ։Դա պետք է անեն մեր մտավորականները, ամենից կարևորը պետք է աշխատանքներին կցվի եկեղեցին, այս կամ այն կերպ, մեր դրսի թեմերը՝ դա կլինի ԱՄՆ արևմտյան, թէ արևելյան թեմերը, Մայր աթոռը և ընդհանրապես մեր մնացած պատրիարքությունները։ Լիբանանի թեմը մասսամբ կիրառում է այս գաղափարը։Ուղղակի մենք չպետք է շփոթենք այս հազարական դրամների հավաքագրումը, որ առաջարկվում է պաշտպանության նախարարության կողմից, զոհվածների ընտանիքիների, առաջին-երկրորդ կարգի հաշմանդամների խնդիրների լուծման համար` Ազգային տուրք հասկացողության հետ։ Դրանք դրական առաջարկներ են, սակայն ուղղակի մեր հանրությունը պատրաստ չէ, որովհետև հանրային քննարկումները պետք է ավելի շատ լինեին, Ազգային ժողովում լսումների կարգով և այլն…հետո առաջարկությունը դնեին արդեն իսկ օրենսդրական տեսք տալու համար: Մենք պետք է, նույնիսկ ավելի շատ դրույթներ դնեինք՝ ըստ աշխատավարձի չափերի: Շատ ստացողները պետք է ավելի շատ վճարեին:

–Իսկ ի՞նչ եք կարծում այդ գումարները կհասնեն իրենց նպատակին:Հասարակության մոտ կարծիք է ձևավորվել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ներդրած գումարները իրենց նպատակին չեն ծառայել:

-Ես ի պաշտոնե հայտարարում եմ, որովհետև ապրիլյան այդ դեպքերին մենք հենց կիզակետում էինք և հետագայում և մեր ընկերները, հարազատները տարբեր երկրներից ՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից զանգեցին և իրենց նվիրատվությունները բերեցին: Հավաստիացնում եմ, որ ամեն մի ցենտ օգտագործվում է նպատակային, կա՛ հանձնաժողով, որը տնօրինում և ծախսում է կոլեգիալ որոշումներով։ Մնացած բոլոր խնդիրները, այսօր որոշ հասարակական քաղաքական գործիչներ կարող են շահարկել պոպուլիստական նկատառումներից ելնելով։Ես կարծում եմ, որ սրանք ազգավնաս, ազգակործան նկրտումներ են, որոնք պատիվ չեն բերում մեր բանակին և ազգին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս