Ինչո՞ւ մեր սերիալներում խոսքի հիգիենան չի պահպանվում. Դիանա Գրիգորյանի մեկնաբանությունն ու մասնագետի հակադարձումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որակյալ հեռուստաարտադրանքի մասին խոսելիս մի շարք չափանիշների կողքին իր կարեւոր տեղն ունի լեզվի ճիշտ եւ գրագետ կիրառման գործոնը: Երբ կիրթ հեռուստադիտողը եթերից լսում է աղարտված հայերեն եւ սկսում է դժգոհել, նրան հաճախ փորձում են բացատրել, որ էկրանին մեր իրական կյանքն է պատկերված` իր բոլոր, այդ թվում` լեզվական դրսեւորումներով:

Սակայն պատճառահետեւանքային այդ կապի մասին դատողությունները կարող են վիճելի լինել: Գուցե էկրանին պատկերված կյա՞նքն է արտացոլվում մեր կենսակերպում, եւ ոչ հակառակը:

Այսօր հայերենը մի շարք «փորձությունների է ենթարկվում» հեռուստասերիալների շրջանակում: Լեզվի պետական տեսչության մասնագետ, մանկագիր, թարգմանիչ Երազիկ Գրիգորյանն առանձնացրել է «լեզվական պատառիկներ»` «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Առաջնորդները» սերիալից:

15086276_1212275012186896_788737222_n

Ահա, թե ինչպիսի «հայերեն» է հրամցվում եթերից. «Զաթո, զաթի, վեժլիվի, պո լյուբոմու, սավսեմ, վոբշմ, գուլյատ, թասիբ, վախտ, ես իրան հիշա, ի՞նչ ես խառնվե, համով ա ստացվե, էդ աղջկա վրով ի՞նչ կա, մի ձեւ արի, պիտի վիճվենք, չեմ ջոգում, վերցրա, քթա, լպիրճ, ստուց, աղջկանդ մասին մի անհանգստացի…»: Իհարկե, վերոնշյալ հեռուստաընկերությունը հայերենի աղարտման «մրցավազքում» միայնակ չէ:

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց «Առաջնորդները» եւ մի շարք այլ սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ.

-Դիանա՛ Ձեր սցենարներով ստեղծված սերիալներում հերոսները հաճախ գռեհիկ, ոչ ճիշտ հայերենով են խոսում: Դուք սա ճի՞շտ եք համարում:

-Իսկ ի՞նչ եք կարծում` սերիալները պետք է կրթե՞ն մարդկանց: Սերիա՞լն է, որ պետք է կրթի ժողովրդին: Սերիալը ներկայացնում է կյանքի իրավիճակներ, Դուք Ձեր առօրյայում ինչպե՞ս եք խոսում (զայրանում է):

-Խոսակցական հայերենով:

-Ապրեք, Ձեր հարեւանը, որը հարուստի տղա է, ու չգիտեմ` ինչ դաստիարակություն ունի, ինչպե՞ս է խոսում. կարող է եւ ժարգոնով խոսի: Դուք կխոսեք առօրյա խոսակցականով, բայց ոչ ժարգոնով, դիմացինը, որը շրջանից է, բարբառով, մյուսը` շատ ճիշտ հայերենով: Եթե դու ներկայացնես տարբեր իրավիճակներ եւ կերպարներ, չես կարող այնպես անել, որ բոլորը նույն լեզվով խոսեն:

-Խոսքը ոչ թե գործառական ոճերի, այլ ոչ գրագետ հայերենի, օտար բառերի կիրառման մասին է: Էլ ո՞ւր մնաց հայերենը, չէ՞ որ եթերից հրամցվող մի շարք բառեր ու արտահայտություններ հայերեն չեն:

-Ներողություն, բայց մենք ժարգոնային, տգեղ խոսքեր եթեր չենք տալիս, սխալ համարով եք զանգահարել: Զանգահարեք այլ հեռուստաընկերությունների ֆիլմերի ու սերիալների սցենարիստներին:

Մի քանի նկատառում Դիանա Գրիգորյանի մեկնաբանությունների վերաբերյալ: Նախ` մտահոգիչ հանգամանքն այն է, որ այսօր մեր սերիալների սցենարիստները իրենց համար որպես հերոսներ ընտրում են հանցագործների, անգրագետ գողականների, մաֆիոզների, քաղքենիների, որոնք, բնական է, գրագետ չեն խոսելու: Իսկ ինչ վերաբերում է կերպարային համակարգի ապահովմանը, խորհուրդ կտայի շատ այս ու այն կողմ չնայել եւ հիշել մեր հին հայկական ֆիլմերից մի քանիսը, օրինակ` «Մենք ենք, մեր սարերը»:

Սցենարի հեղինակ Հրանտ Մաթեւոսյանն առանց գռեհիկ, ժարգոնային լեզվի չի՞ կարողացել ամենատարբեր կերպարների տեսակները ներկայացնել: Գյուղացի, անկիրթ մարդիկ ֆիլմում, բնականաբար, գիտական կամ հրապարակախոսական լեզվով չեն խոսում, այլ պարզ, հասարակ, բայց ոչ տգեղ ու տգետ հայերենով: Եվ մի բան էլ. ո՞վ ասաց, որ մեր սերիալների հերոսները, որոնք, իբր, ներկայացնում են կիրթ մարդու տեսակը, իսկապես գրագետ հայերենով են խոսում: Գուցե վերջիններս, ի տարբերություն մյուս հերոսների, ժարգոնային բառեր չեն կիրառում, բայց նրանց խոսքում եւս հաճախ կարելի է նկատել անճշտություններ, անգրագետ ձեւակերպումներ:

Դիանա Գրիգորյանի մեկնաբանություններին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արձագանքեց նաեւ Երազիկ Գրիգորյանը. «Հեռուստատեսության աշխատանքը պետք է հանրությանն առաջ մղելու միտում ունենա, այլապես այն կարող է շատ վտանգավոր լինել: Եթերում ամենակարեւոր ազդեցության գործիքը խոսքն է: Այս իմաստով ամենից բացասական ազդեցությունն ունեն հայկական սերիալները: Մերժելի կերպարի կործանումը ֆիլմի վերջում այնքան չի տպավորվում, որքան ամիսներ, տարիներ շարունակ այդ կերպարի հնչեցրած գռեհիկ խոսքը:

15086441_1212275008853563_1687062046_n

Մի բան է այդ խոսքը փողոցում լսելը, այլ բան՝ եթերից: Եթերում հնչած ամեն բառ ու արտահայտություն ընկալվում է որպես հանձնարարելի: Սա՝ գռեհիկ խոսքի մասին: Առանձին թեմա են լեզվական սխալները:

Դրանցով ողողված է անգամ սերիալների բարեկիրթ, նախնական տպավորությամբ գրագետ խոսող կերպարների խոսքը: Եվ ահա իր մայրենիի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք ունեցող հեռուստադիտողն անմիջապես հասկանում է, որ ֆիլմը նկարելիս իրեն նկատի չեն ունեցել: Մեր սերիալներիում խոսքի հիգիենան չի պահպանվում: Դա ոչ միայն բարկացնող է, այլեւ խիստ մտահոգիչ, քանի որ լեզվական բացիլները շատ արագ են տարածվում»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս