«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Վարդենիսի ոստիկանապետը հեռացվեց աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պաշտոնապես տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: Իսկ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ Վարդենիսի ոստիկանապետը անցնում է երեք տարբեր քրեական գործերով:

«Ժողովուրդ» օրաթերթը, մասնավորապես, գրել էր. «Մշտապես ջրից չոր դուրս եկող ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբալյանի գլխին, կարծես, էլի սեւ ամպեր են կուտակվել:

Նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Համլետ Ղամբարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նրա ենթական:

Եվ այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ սա արդեն երրորդ հաղորդումն է՝ ընդդեմ Վարդենիսի ոստիկանապետի:

ՀՔԾ-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալ իրականացված ծառայողական քննության ընթացքում հայտնել է իր վերադասի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Մասնավորապես ոստիկանության ծառայողը հաղորդում է տվել, թե ընթացիկ տարվա ապրիլին իր վերադասին է հանձնել մորեղբոր որդու կողմից գտած 30 հատ «AK 74» ինքնաձիգի փամփուշտներ եւ 2 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակներ: Ապա օգոստոսի 29-ին հանձնել է նախորդ օրը իր կողմից Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի գետից գտած թվով 250-ից ավել նռնակի պայթուցիչներ: Սակայն հետագայում տեղեկացել է, որ իր կողմից ռազմամթերքի ներկայացման 2 դեպքերին էլ օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փոխանցում է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ղամբարյանի արկածները

ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը Վարդենիսում հայտնի է Սոթքի ոսկու հանքից գողություն կատարողներին, այսպես կոչված, «չղջիկներին» հովանավորելու անպատժելի դիրքով: Վարդենիսում մշտապես խոսվում է այն մասին, որ նրանք ավարից մասնաբաժին են տալիս Ղամբարյանին, վերջինս էլ կոծկում է «չղջիկների» մասնակցությամբ կատարվող կրիմինալ դեպքերը:

Նախ նշենք, որ Ղամբարյանի դեմ առաջին հաղորդումը ներկայացվել է դեռեւս 2015 թվականի հուլիսի 28-ին Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասով, որի ընթացքում Վարդենիսի բնակիչներ Հակոբ Թովմասյանը եւ նրա որդին՝ Թովմաս Թովմասյանը, մի կաթիլ մեղրի մոտիվներով զարգացած իրադարձության արդյունքում ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել:

Այս դեպքի հետ կապված Թովմասյանների ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել կրկին պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Սակայն այս տարվա մարտին ոստիկանապետին եւ քննիչներին պատժելու գործը կարճվել է: Ամռանն էլ ոստիկանության Վարդենիսի բաժնի ղեկավարության դեմ նոր բողոք էր ներկայացվել կեղծ ցուցմունք կորզելու վերաբերյալ մեկ այլ քրգործով: Քաղաքացի Ռազմիկ Գեւորգյանը բողոքել էր, որ իրեն ճնշել են Վարդենիսի ոստիկանապետ Ղամբարյանն ու Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանը՝ ստիպելով ցուցմունք գրել իր քեռու դեմ: Ու հենց այդ ցուցմունքի հիման վրա էլ քեռին ձերբակալվել է:

Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ քրեական գործի շրջանակներում Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի եւ նրա դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացի Ռազմիկ Գեւորգյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել:

Դեպքի մանրամասները

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլի 24-ին երիտասարդին տարել են ոստիկանապետ Ղամբարյանի աշխատասենյակ, որտեղ եղել է նաեւ Գեղարքունիքի մարզային ոստիկանապետի տեղակալ Տիգրան Հակոբյանը: Երկու բարձրաստիճան ոստիկաններով սպառնալիքներ են հնչեցրել Ռազմիկի հասցեին, ինչի ազդեցության տակ երիտասարդը արհեստական հաղորդում է ներկայացրել Վարդենիս քաղաքում գտնվող Սուրբ Վարդան կոչվող տարածքում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Թե ում նկատմամբ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով քրգործը, «Ժողովուրդ»-ին պաշտոնապես պարզել չհաջողվեց: Սակայն իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել դարձյալ պաշտոնեական լիազորությունների չարաշահման առիթով Համլետ Ղամբարյանի եւ Տիգրան Հակոբյանի նկատմամբ:

Բանն այն է, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանին (Գեւորգյանների պնդմամբ՝ շփոթելով իր եղբոր հետ) տարել են Վարդենիսի ոստիկանության բաժին: Ոստիկանապետ Ղամբարյանն ու վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանը սպառնացել են, հայհոյել ու ստիպել հիվանդություն ունեցող երիտասարդին, որ ցուցմունքներ տա իր փաստացի քեռու՝ Ռաֆայել Թադեւոսյանի դեմ: Ռազմիկ Գեւորգյանն էլ գրել է ոստիկանների համար ցանկալի ցուցմունքը իր քեռու դեմ, որի հիման վրա ոստիկանները հունիսի 9-ին հայտնաբերել եւ կալանավորել են Ռաֆայել Թադեւոսյանին:

Նույն օրը Վարդենիսի բաժնում պատահաբար հայտնվել է նաեւ Ռազմիկի եղբայրը՝ Երեմ Գեւորգյանը: Նրան ինչ-որ անհայտ անձինք մեքենաներով հետապնդել են, սպառնացել, կրակել, արդյունքում Ե. Գեւորգյանը իր մեքենայով մուտք է գործել ոստիկանության բաժնի բակ՝ օգնության ակնկալիքով: Հետապնդողներից մեկի՝ ոմն Կարեն Հակոբյանի մոտ հրազեն է հայտնաբերվել: Սակայն թերեւս հենց Ղամբարյանի հուշումով ոստիկանները ձեւակերպել են, թե քաղաքացին իրավապահներին հանձնելու համար է զենքը բերել բաժին: Զավեշտալին այն է, որ Երեմի եւ Կարենի միջեւ եղած ողջ այս քաշքշուկն ու ծեծը ֆիքսվել է բաժնի մուտքի պատին տեղադրված տեսախցիկներով, սակայն դրանք խնամքով անհետացել են՝ պատճառաբանությամբ, թե Վարդենիսի բաժնի տեսախցիկները չեն աշխատում:

Ոստիկանապետը քրգործերի մասին

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ, սակայն հարցը լսելով՝ նա հորդորեց դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: Թե ինչ ընթացք կունենա այս քրեական գործը ոստիկանապետ Ղամբարյանի դեմ, թերեւս դժվար չէ կանխատեսել: Սակայն քննության ընթացքը վարդենիսցիների մեջ հույսի նշույլ է արթնացրել, որ գուցե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կսթափեցնի ու, ի վերջո, համազգեստի մեջից կհանի համակարգը խայտառակողներին»:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս