Վանաձորը շարունակում է կամուկացով ապրել. իշխանությունն «աշխատանք» է տանում բոլորի ուղղությամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորը շարունակում է կամուկացով ապրել՝ տեղի կունենա՞ ավագանու հաջորդ նիստը, քվորում կապահովվի՞, թե՞ նորից անորոշ ժամանակով կհետաձգվի: Մեր տեղեկություններով՝ ավագանու երկու անդամներ արդեն որոշել են մասնակցել առաջիկա նիստին, եւ երբ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հստակ երաշխիքներ ունենա այդ մասին, նոր կգումարվի հաջորդ նիստը:

Լուրեր կան, որ իշխանությունն «աշխատանք» է տանում բոլորի ուղղությամբ՝ եւ ՀՎԿ-ի, եւ ԲՀԿ-ի՝ համոզելու եւ ավագանու նիստերին «բերման ենթարկելու» համար: Ի դեպ, ավագանու ԲՀԿ-ական անդամ Այծեմնիկ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խիստ վիրավորվել է մամուլում տարածված այն լուրերից, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել քաղաքապետի քվեարկությունից առաջ, մասնավորապես՝ Լոռու մարզպետն է բացատրական աշխատանքներ տարել իր հետ եւ այլն:

«Ես կտրուկ ժխտել եմ այդ տեղեկությունը, եւ, չնայած դրան, նման տեղեկություն, այնուամենայնիվ, տպագրվեց նաեւ ձեզ մոտ: Դա շատ մեծ արձագանք ունեցավ, ու դրանից հետո այնքա՜ն մարդ ինձ զանգեց, նույնիսկ երեխաներս էին անհանգստացել: Ես դրանից իրոք շա՜տ-շա՜տ վիրավորվեցի»,-անկեղծացավ տկն. Օհանյանը՝ եւս մեկ անգամ վստահեցնելով, որ ինքը չի խախտել պայմանավորվածությունն ու կողմ է քվեարկել Քրիստ Մարուքյանին:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ավագանու ՀՎԿ-ական եւ ԲՀԿ-ական անդամներն սպասում են իրենց կուսակցությունների վերնախավի հրահանգներին, որպեսզի ըստ այդմ կողմնորոշվեն ավագանու առաջիկա նիստին մասնակցել-չմասնակցելու հարցում: Նշենք, որ ԲՀԿ-ն ունի ավագանու 3, ՀՎԿ-ն՝ 5 անդամ»:

Ավելի մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս