
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց Իրանի հետ առևտրային շուկան մեծացնելու հարցի մասին:
Վարչապետը Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման, ներդրումների նախարարություններին հանձնարարեց արտահանման խթանման ուղղությամբ ներկայացնել որոշման նախագիծ և ստեղծել աշխատանքային խումբ:
Նա հանձնարարեց նաև աշխատել իրանական շուկայի հետ, և հայկական արտադրանքն Իրանի շուկա արտահանել ավելի դյուրացված կարգով:
«Ունենք հարևան մեծ շուկա, որն ունի մեծ պահանջարկ, սակայն դրանում մենք չնչին տոկոս ենք զբաղեցնում: Էֆեկտիվ աշխատելու դեպքում կարող ենք այդ շուկայում տեղ զբաղեցնել: Հանձնարարում եմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը քննարկել շահագրգիռ մարմինների հետ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն»,- ասաց վարչապետը: