ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դեսպան Կաարելսոնին հաջողություն է մաղթել՝ երկու երկրների միջև հարաբերությունների առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսական, առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում, անդրադարձ արվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։
Հայաստանի արտգործնախարարն ու Էստոնիայի դեսպանը մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցության շուրջ։