Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի հատուկ հրավերով Ժնևում մասնակցել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությանը նվիրված բարձրաստիճան համաժողովին:
Համաժողովի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահ Մալկոլմ Էվանսի հետ: Ա. Թաթոյանը նրան է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները: Հատկապես քննարկվել են նախագծի այն դրույթները, որոնք ուղղված են օմբուդսմանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը, նրա անկախության ապահովմանը, քաղաքացիական հասարակության հետ նրա պրոֆեսիոնալ աշխատանքի սկզբունքների իրացմանը: Մ. Էվանսի կողմից կարևորվել է քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի այն մեխանիզմը, որը ներդրված է նախագծում:
Միջոցառման ընթացքում քննարկվել է օմբուդսմանների դերը՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմներ, քաղաքացիական հասարակության և պետության հետ նրանց հարաբերությունների առանձնահատկությունները: Կարևորվել է պետության կողմից ազգային մեխանիզմների աշխատանքի անկախության երաշխիքների ամրապնդումը:
Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու բարձրաստիճան ներկայացուցիչներ ՄԱԿ-ի անդամ պետություններից, միջազգային փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ