Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցն ակտուալ է մնում: Այս մասին նոյեմբերի 17-ին կայացած ավանդական բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Regnum-ը:
Զախարովայի խոսքով՝ այդ գաղափարի նախաձեռնողը ռուսական կողմն է:
«Դեռևս 2011թ. Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ մենք հանդես եկանք ԼՂ հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության անցկացման նախաձեռնությամբ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը համապատասխան ծրագիր պատրաստեց: Այն հետագայում մշակվեց ԵԱՀԿ փորձագետների կողմից : Վիեննայի գագաթաժողովի ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց սեղմ ժամկետներում այդ աշխատանքներն ավարտին հասցնելու ուղղությամբ»,-ասել է Զախարովան:
Զախարովան հայտնել է նաև, որ Սանկտ Պետերբուրգում հունիսին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ այդ հարցով կոնսենսուս չի եղել: «Ադրբեջանական կողմը պնդել է, որ զինված միջադեպերի հետաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին կոնֆլիկտի գոտում իրավիճակը կայուն է: Արդյունքում մեխանիզմի ստեղծման մասին հարցը չի արտացոլվել հայտարարության մեջ: Սակայն, մեր կարծիքով, այդ հարցը մնում է ակտուալ»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երեկ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայսատանը «ցանկանում է և պատրաստ է թեկուզ այսօր կամ թեկուզ վաղը երեկոյան հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիր կնքել»: