«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Ամեն անգամ մեր թիրախում հայտնվում են հանրության կողմից արդեն ճանաչված անձինք, որոնց մասին, թվում է, մարդիկ գիտեն ամեն ինչ: Սակայն կտրուկ, անսպասելի հարցերի ու դիպուկ, համարձակ պատասխանների շնորհիվ մեր հյուրերը բացահայտվում են նորովի: Մենք անդրադառնում ենք ինչպես գործնական, այնպես էլ անձնական թեմաների` հաճախ կատարելով փոքրիկ «գաղտնազերծումներ»: Հարցվողները երբեմն խոսում են նաեւ իրենց կյանքի՝ արդեն մոռացված, բայց ուշագրավ դրվագների մասին: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է հաղորդավար, դերասան Մհեր Խաչատրյանի հետ, որը ճանաչում ձեռք բերեց հատկապես «Դոմինո» հումորային նախագծում Դոկտորի կերպարում նկարահանվելուց հետո: Իսկ մինչ այդ հեռուստադիտողներն արդեն հասցրել էին տեսնել նրան որպես «Արմքոմեդի» հաղորդման թղթակից-լրագրող: Մհերը հայտնի է նաեւ «Երեկոյան Երեւան» հաղորդումից:
-Մհե՛ր, մանկությունից եկած երազանք ունե՞ք:
-Այո՛, աշխարհով մեկ շրջագայելը: Այդ երազանքը, իհարկե, մի փոքր մասով է իրականացել, եթե հաշվի առնենք այն, թե քանի երկիր կա աշխարհում: Ես հասցրել եմ լինել Գերմանիայում, Չեխիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում:
-Մարդկանց հետ ծանոթանալիս՝ Ձեզ առաջինը հետաքրքրում է…
-Տվյալ անձը հումորի զգացում ունի, թե ոչ:
–Մի քանի բառով բնութագրե՛ք ինքներդ Ձեզ:
-Կբնութագրեմ մեկ բառով` նիհար:
-Ամենաանսպասելի առաջարկը, որ երբեւէ ստացել եք:
-Դա վերաբերում է «Դոմինո» սիթքոմում նկարահանվելուն:
-Փորձում եք շուտ մոռանալ…
-Այն պահերը, որոնք ինձ ընկճել են: Ձգտում եմ արագ հաղթահարել դրանք:
-Դեպք, որի մասին հիշելիս մինչեւ հիմա չեք կարողանում զսպել ծիծաղը:
-Կա նման դեպք, բայց պատմելու ենթակա չէ:
-Ձեր քայլերը, երբ Ձեզ ծաղրում են:
-Այդ պարագայում կարեւոր է, թե ով է ծաղրողը: Եթե նա այնպիսի մեկն է, որն արժանի է վատ պատասխանի, ապա վերջինս կստանա այդ պատասխանը, բայց հիմնականում փորձում եմ ինքս ինձ լուրջ չվերաբերվել. դա օգնում է մի շարք խնդիրներ թեթեւ տանել:
-Սիրելի աքսեսուար, որը միշտ Ձեզ հետ է:
-Կաշվից թեւնոցներ եմ շատ սիրում, հաճախ կրում եմ:
-Մեքենայի Ձեր սիրելի մակնիշը:
-Մեքենաներից առանձնապես գլուխ չեմ հանում, բայց եթե ընտրության առաջ կանգնած լինեմ, երեւի թե կգերադասեմ ջիպանման մեքենա, քանի որ Հայաստանում դրանով է հնարավոր երկար պտտվել, շրջագայել:
-Ձեր քայլերը, երբ հարաբերություններում հայտնաբերում եք ֆալշը:
-Նման բան դեռեւս չի եղել, բայց եթե լինի, կդադարեցնեմ շփումս:
-Ինչ էլ պատահի, Դուք անուղղելի…
-Անուղղելի երաժշտասեր եմ: Ցանկացած տրամադրությանս համար համապատասխան երաժշտություն անպայման գտնում եմ:
-Եթե 10 պատվիրաններին ավելացնելու լինեիք 11-րդը, ո՞րը դա կլիներ:
-Երեւի հենց այն, ինչ նոր ասացի. «Ինքդ քեզ շատ լուրջ մի՛ վերաբերվիր»:
-Կինը միշտ պետք է հիշի, որ…
-Դա շատ պարզ է, պետք է հիշի. որ ինքը կին է:
-Հայկական ավանդույթ, որը Ձեր սրտով է:
-Շատ կան այդպիսիք, օրինակ` ընտանիքի շուրջ համախմբվելու, ընտանիքը պահելու, կարեւորելու մեր ավանդույթը, կուլտուրան:
-Ամենաանարդար բանը, որ Ձեր մասին երբեւէ լսել եք:
-Այն, թե իբր միշտ տխուր եմ: Ասեմ, որ ես միշտ տխուր չեմ, ուղղակի դեմքիս արտահայտությունիցս ելնելով` շատերը նման եզրակացություն են անում:
-Մի բան, որով զբաղվում եք (զբաղվել եք), բայց այդ մասին քչերը գիտեն:
-Ժամանակին այկիդոյով եմ զբաղվել (ճապոնական մարտարվեստ), իսկ այժմ, օրինակ, գրական փորձեր եմ անում: Այդ մասին շատ չեմ բարձրաձայնում, քանի որ դա համարում եմ հոբբիի պես բան:
-Էկրանը կթողնեք այն ժամանակ, երբ…
-Երբ զգամ, որ էլ անելիք չունեմ:
-Կյանքի դասերից ամենալավը ո՞րն եք սերտել:
-Որ հարկավոր է շատ աշխատել ինքդ քեզ վրա, թե չէ կլճանաս:
Աննա Բաբաջանյան