ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման կարգի նախագծի շուրջ քննարկումներից հետո աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել երեք կետից կազմված հետևյալ եզրակացությունը.
1)Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման:
2)Տեխնիկական զննության հաշվառումը իրականացնել միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները և հավաքագրված տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ էլեկտրոնային եղանակով:
3)Սահմանել վարչական պատասխանատվություն ձևական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:
Մարդատար – տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման կարգի նախագծի վերաբերյալ քննարկումն աշխատանքային խումբը որոշել է տեղափոխել հաջորդ նիստին` հաշվի առնելով, որ ՀԿ-ների և մասնավոր հատվածի կողմից առաջարկվում են ոլորտը կարգավորելու նոր պայմաններ և պահանջներ: Մինչ այդ նախարարությունը կհստակեցնի իր դիրքորոշումը և խմբի քննարկմանը կներկայացնի ոլորտի հետագա կարգավորմանն ուղղված իր քաղաքականությունը:
Նոր պայմաններն ու պահանջները վերաբերում են ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների նկատմամբ մաշվածության սահմանափակում սահմանելուն, դեղին հիմնագույնի համարանիշները վերականգնելուն, մարդատար – տաքսի ծառայությունների մատուցման ձևից անկախ (առցանց (օնլայն) կամ դասական ձևով) գործունեության հավասար պայմաններ սահմանելուն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն