
«Վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում սկսվեց շրջանառվել գրիպի A տեսակի H3 ենթատիպը: Այլ ենթատիպեր ներկա պահին չեն շրջանառվում: Հատկապես H1N1-ի շրջանառություն մեր երկրում ներկա պահին չունենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչ կտրուկ, սակայն աշխուժացում է նկատվում 0-14 տարեկան երեխաների շրջանում. «Դպրոցական արձակուրդների ավարտից հետո դպրոցներում և մանկապարտեզներում ամենօրյա դիտարկում է անցկացվում, քանի որ թիրախային խումբ են հանդիսանում հենց այդ կազմակերպությունները»:
Առողջապահության նախարարությունը տարածքային կառավարման, կրթության և գիտության նախարարություններին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին առաջարկել է երկուշաբթի օրվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր:
ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը բնակիչներին հորդորում է թեթև նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել տվյալ անձին՝ լինի դա երեխա, թե մեծահասակ: Գործատուներին ևս խորհուրդ տվեց հիվանդ աշխատակիցներին թույլ չտալ ներկայանալ աշխատանքի: