Անդրանիկ Արզումանյանն արձագանքում է Օպերային թատրոնի տնօրինությանն ուղղված մեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը»-ը գրել էր, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի որոշ անդամներ լուրջ դժգոհություններ ունեն տնօրինությունից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ակադեմիական թատրոնի դահլիճը պարբերաբար տրվում է վարձակալությամբ, ինչի արդյունքում խաղացանկային համերգները հազվադեպ են ներկայացվում հանդիսատեսին, իսկ փորձերն էլ հետաձգվում են կամ կիսատ են մնում: Ավելին` նույն աղբյուրները նշել էին, որ վարձակալության գումարից անգամ չնչին մաս չի հատկացվում թատրոնի կարիքներին:

Թեման Armlur.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: Նա հերքեց վերոնշյալ տեղեկությունները` որակելով դրանք որպես սուտ խոսակցություններ. «Ոչ մի արտիստ ինձ երբեք դրա վերաբերյալ դժգոհություն չի հայտնել: Մենք ունենք գեղարվեստական ղեկավար, որը տեղեկացնում է տարվա ներկայացումների պլանի մասին, եւ այն օրերին, երբ դահլիճն ազատ է լինում, նոր այն տրվում է վարձակալությամբ, այլ ոչ` հակառակը»,-հավաստիացրեց տնօրենը:
Նա տեղեկացրեց, որ 2016 թ. ընթացքում թատրոնում նշանակվել է 77 խաղացանկային համերգ եւ ներկայացում: Մեր այն հարցին, թե այս տարվա ընթացքում որքան է կազմել վարձակալության արդյունքում կազմակերպված միջոցառումների քանակը, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց հավատացեք` 77-ից ոչ ավելի»:

Ինչ վերաբերում է մեր աղբյուրների այն պնդմանը, որ դահլիճի վարձակալության հանգամանքը հաճախ խափանում է արտիստների համերգային փորձերը, թատրոնի տնօրենը պատասխանեց. «Մեր փորձերը տեւում են մինչեւ ժամը 15:00-ն, իսկ դահլիճները վարձակալությամբ տրվում են այդ ժամից հետո»:

Պարոն Արզումանյանը անդրադարձավ նաեւ այն պնդմանը, որ վարձակալությունից ստացված գումարները թատրոնի կարիքների համար չեն ծառայում, այլ գրպանվում են, տնօրինությունից ոմանք էլ դրա արդյունքում Range Rover-ներով են շրջում. « Range Rover էլ կա` Range Rover էլ: Եթե 25 տարվա Range Rover է, հավատացեք` դրա գինը Ժիգուլիից մի քիչ է բարձր: Եվ հետո`այդ գումարները համապատասխան պայմանագրերի համաձայն ուղղվում են մեր ընդհանուր դրամարկղ»,-ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի երեքշաբթի օրվա համարում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս