Այսօր Ինդիրա Գանդիի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի երրորդ վարչապետ Ինդիրան Գանդիի ծննդյան օրն է:  Գանդին ծնվել է 1917 թվականի նոյեմբեր 19-ին: Ավարտել է Ժողովրդական համալսարանը, ապա ուսումը շարունակել Շվեցարիայում և Օքսֆորդում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնուն։ Ինդիրա Գանդին հոր մահից հետո, 1964 թվականին ընտրվում է խորհդարանի ստորին պալատի պատգամավոր, ապա աշխատում է Լալ Բախադուրա Շաստրիի գլխավորած կառավարությունում։

Շաստրիի մահվանից հետո նա դառնում է ՀԱԿ-ի առաջնորդ և Հնդկաստանի վարչապետ (աշխարհում երկրորդ կին-վարչապետը Սիրիմավո Բանդարանայիկից հետո)։ 1971 թվականին նա հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում’ «աղքատության դեմ պայքար» կոչի ներքո։ Ինդիրա Գանդին անցկացնում է բանկերի ազգայնացում, նրա կառավարման տարիներին երկրում արագ տեմպերով զարգանում էր արդյունաբերությունը, այդ թվում ծանր արդյունաբերությունը, գյուղատնտեսության բնագավառում կատարվում է «կանաչ հեղափոխություն», որի շնորհիվ Հնդկաստանը առաջին անգամ երկար տարիների ընթացքում արտադրանքի ներմուծման բնագավառում դառնում է անկախ։ Ինդիրան բազմիցս ընդգծել է իր կառավարության հավատարմությունը Ներուի քաղաքական սկզբունքներին։ Գանդին վարում էր ռազմական բլոկներին չմիանալու, խորհրդային միության և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու քաղաքականություն։ Պաշտոնական այցով բազմիցս եղել է ԽՍՀՄ-ում, 1976 թվականի հունիսին այցելել է Հայաստան:

Սակայն ոչ բոլոր բարեփոխումներն են ժողովրդականություն վայելում, դրանց թվում բնակչության աճը կանգնեցնելու նպատակով իրականացված ստիպողական խիստ միջոցառումները և քաղաքական ազատությունների սահմանափակումները։ 1977 թվականին Գանդին պարտվում է խորհրդարանական ընտրություններում, իսկ 1980 թվականին նորից վերադառնում է իշխանության։

Նրա կառավարման երկրորդ էտապը բնորոշվում է Փենջաբ նահանգում ապրող սիկհերի հետ բախումներով։ Սիկհերի լիդերը սիկհերի համայնքը հայտարարում է անկախ ինքնակառավարվող մարմին։ Նրանք հարձակվում են ինդուիստների վրա և գրավում են սիկհերի ամենագլխավոր սրբատեղին՝ Ոսկե տաճարը։ Դրան ի պատասխան 1984 թվականին հնդկական կառավարությունն իրականացնում է պատերազմական գործողություն՝ «Երկնագույն աստղ» անունով, որի ընթացքում տաճարն ազատագրվում է, սակայն զոհվում են 500 մարդ։ Սիկհերի վրեժն երկար սպասեցնել չտվեց։ 1984 թվականի հոկտեմբերի 31-ին Ինդիրա Գանդին սպանվում է սեփական թիկնապահների կողմից։




Լրահոս