Կարեն Կարապետյանը դեռեւս իր անցկացրած առաջին նիստի ժամանակ առաջարկել էր hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:
Ինչպես հայտնի է` «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունն արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 25-ին տեղի ունեցող նիստի ժամանակ կսահմանի ուժը կորցրած ճանաչել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2016 թվականի մայիսի 31-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունիսի 7-ի №190Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին №139Ն որոշումը: Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հիմա փորձենք հասկանալ, թե հունվարի 1-ի դրությամբ ուժի մեջ մտնող նոր որոշումը ում համար ինչ սակագնային քաղաքականություն է մտածել:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության` այս տարվա նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն` սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար կկազմի 100 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր անապահով համարվող ¥նպաստառու) ընտանիք մեկ խորանարդ մետր գազի համար վճարելու է 100 դրամ: Բայց արդյոք մեկ տարվա համար սահմանված 600 խորանարդ մետրը կարող է բավականացնել անապահով ընտանիքներին՝ իրենց հոգսերը հոգալու համար: Իհարկե, ոչ:
Ըստ տրամաբանության` մեկ տարվա համար սահմանված այդքան խորանարդ մետրը կարող է բավականացնել միայն կերակուր պատրաստելու, սուրճ եփելու եւ այլ նմանատիպ կենցաղային հարցեր լուծելու համար: Այսինքն՝ նոր որոշումից հետո էլ անապահով համարվող ընտանիքը այդ նույն սակագնով ջեռուցում չի կարող իրականացնել, որովհետեւ չի կարող 600 խորանարդ մետրը բավականացնել ամբողջ տարվա համար` ներառելով ջեռուցում եւ այլ կենցաղային հարցեր: Տվյալ որոշումը սահմանում է նաեւ` 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար սակագինը կազմելու է 139 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ մեկ խորանարդ մետրի համար բնակիչ-բաժանորդները կվճարեն 139 դրամ: Իսկ եթե անապահով համարվող ընտանիքներն իրենց հատկացված 600 խորանարդի շեմի սահմանը հատեն, իրենք էլ դրանից հետո կսկսեն մեկ խորանարդի համար վճարել 139 դրամ:
Իսկ ահա գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող, վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց եւ ջերմոցներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը կազմելու է 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար, իսկ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը` ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը կլինի 139.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառման դեպքում` հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը կազմելու է 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մյուս ձեռնարկությունների համար, ինչպիսիք են, օրինակ, բենզալցակայնները, ՋԷԿ-երը, որոնք համարվում են ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներ, յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի գինը նույնպես կազմելու է 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Հ.Գ. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքով հստակեցված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավական կարգավիճակը, ըստ որի` հանձնաժողովն անկախ է իր իրավասության շրջանակներում եւ օժտված հանրային ծառայությունների սակագներ սահմանելու (կարգավորելու) բացառիկ լիազորությամբ։ Բայց կարծես այդքան էլ ամեն ինչ դեռ հստակ չէ, որովհետեւ Կարեն Կարապետյանի «առաջարկից» հետո միայն հանձնաժողովը հարկ համարեց ուսումնասիրել վերոնշյալ հարցերը:
Վահագն Հակոբյան