Քննչականի և դատախազության հակամարտության մասին. երբ օրենքները անձերի «հագով են կարվում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը 63 կողմ, 16 դեմ եւ 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հորդորեց դեմ քվեարկել այս նախագծին՝ ասելով, որ այն սահմանափակում եւ խախտում է դատախազի իրավունքները. «Գիտեմ, որ հիմա քվեարկելու եք. հրահանգը տրված է, բայց ես ձեզ ուզում եմ մի պարզ բան ներկայացնել: Քննիչին դատախազի որոշումը բողոքարկելու իրավունք տալը սխալ է: Քննիչը դատավարության մեջ անկողմնակալ անձ է, ինքը շահագրգռված չէ գործի ելքով, ինքը հավասարապես պետք է հավաքի թե՛ մեղքն ապացուցող ապացույցները, թե՛ անձի անմեղությունը հաստատող ապացույցները: Եթե մենք քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել դատախազի որոշումները, ինքը դառնում է կողմ, շահագրգռված անձ, հետեւաբար բացարկի ենթակա, ու շատ հավանական է, որ ամիսներ հետո նրա չարչարանքները ճանաչվեն անթույլատրելի դատարանում: Խնդրում եմ՝ նման քվեարկություն չանել, սա կոնցեպտուալ սխալ է»:

Եվ չնայած պատգամավորի հորդոր-կոչերին` նախագիծն ընդունվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել 2012թ-ի սեպտեմբերից: Այն թեեւ 2014թ. մայիսի 19-ին ընդգրկվել էր նստաշրջանի օրակարգ, սակայն ՀՀ արդարադատության նախարարության եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից տեւական ժամանակ մանրակրկիտ քննարկվում եւ լրամշակվում էր:

Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ կատարել այդ փոփոխությունները, եւ ո՞վ է ընդհանրապես դրանց շահագրգիռ կողմը:

Մասնագետները փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրում են այն հանգամանքով, որ նախ արդեն երկու անգամ սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, եւ դրանցով մի շարք քրեադատավարական երաշխիքների բովանդակությունը փոխվեց: Բացի այդ՝ արդեն 2002 թվականից ՀՀ-ն միացել էր մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, եւ մի շարք ինստիտուտների հետ կապված Եվրոպական դատարանն այլ իրավական դիրքորոշում էր արտահայտում, որը, բնականաբար, պետք է արտացոլվեր քրեական դատավարության օրենսգրքում:

Իսկ ըստ առանձին կարծիքների` քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունն առաջին հերթին ձեռնտու է քննչական կոմիտեին:
Այսպես՝ նախագծով հստակեցվել եւ մանրամասնվել է քրեական հետապնդման հարուցման Սահմանադրության 103-րդ հոդվածով ամրագրված դատախազական լիազորությունը: Այս լիազորության իրականացումը վերապահվել է բացառապես դատախազությանը: Գործող քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդման հարուցման լիազորություն ունեն նաեւ քննիչը, հետաքննության մարմինը:

Կրկին հղում անելով Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությանը՝ նշենք, որ նա առանձնացրել էր դատախազական հսկողության վերաբերյալ վերապահումները: Այսպես՝ պատգամավորը նկատում է, որ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները կատարվում են հատկապես քրեական վարույթի սկզբնական փուլերում՝ նյութերի նախապատրաստման, բերման ենթարկելու, հարցաքննելու, ուստի, նրա կարծիքով, եթե դատախազական հսկողության սկիզբը հնարավորինս առաջ տեղաշարժվի, մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ հնարավորություն կստանանք:

Սակայն քրդատօր.-ի նախագիծը դա չի նախատեսում: Կարծիքներ կան, որ դատախազի «սանձերը ձգելու» նախագիծը անհրաժեշտություն է եղել անցկացնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի միջեւ եղած լարված հարաբերությունների ժամանակ: Երբ Գեւորգ Կոստանյանը պարբերաբար որոշումներ էր կայացնում այս կամ այն քրգործով, դա դուր չէր գալիս Աղվան Հովսեփյանին, եւ պետք էր ինչ-որ կերպ դատախազի վրա ազդելու գործառույթ ստեղծել:

Եվ, ահա, օրենսդրությամբ դատախազին որոշ կարեւոր լիազորություններից զրկելով՝ Աղվան Հովսեփյանը լուծում է իր առջեւ դրված մեծագույն խնդիրը՝ ցույց տալ, թե ով է համակարգի թիվ մեկ թելադրողը: Սակայն թիրախը, ի դեմս Գեւորգ Կոստանյանի, այլեւս այդ համակարգում չէ, ավելին՝ համառ լուրեր են շրջանառվում, որ շուտով կոմիտեի նախագահի պաշտոնը կլքի նաեւ Աղվան Հովսեփյանը:
Եւ ի՞նչ է ստացվում. անձերը իրենց «հագով են կարում» օրենքները, ապա հեռանում՝ այդ չարաբաստիկ բարքերը որպես ժառանգություն թողնելով համակարգին:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս