ՀՀ կառավարության որոշմամբ՝ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԾԻԳ-ի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվելու է լուծարման հանձնաժողով:
Նշենք, որ հիմնարկի գործառույթները անցնելու են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին: Առաջին փուլով նախատեսվում է 60 մլն ՀՀ դրամի տնտեսում:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ԾԻԳ-ի պահպանման համար պետական միջոցներից ընթացիկ տարվա համար հատկացվել է 29 մլն 410 հազար դրամ, որից միայն 7 մլն 568 հազար դրամով գնվել է 17 հազար 200 լիտր պրեմիում տեսակի բենզին: Հետաքրքիր է՝ ինչու են ԾԻԳ-ի աշխատակիցները գնել պրեմիում տեսակի բենզին, այն դեպքում, երբ կարելի էր ձեռք բերել ռեգուլյար տեսակի բենզին եւ այդպես տնտեսել պետական միջոցները:
Այսքանով ԾԻԳ-ի ծախսերը չեն ավարտվում. ավտոմեքենաների լվացման ծառայությունների համար հատկացվել է 678 հազար դրամ, տեղային հեռախոսակապի համար՝ 591 հազար դրամ, միջքաղաքային հեռախոսակապի համար՝ 1 մլն 2 հազար 800 դրամ, բջջային հեռախոսակապի համար՝ 2 մլն 844 հազար դրամ: Իսկ էլեկտրաէներգիայի համար հատկացվել է 5 մլն 485 հազար դրամ: Բացի այս` ԾԻԳ-ին առողջապահության հետ կապված շենքերի կառուցման աշխատանքների համար հատկացվել է 1 մլրդ 79 մլն 169 հազար 300 դրամ:
ԾԻԳ-ը իրականացրել է նաեւ արվեստի եւ մշակութային շենքերի կառուցման աշխատանքներ, որոնց համար պետբյուջեից հատկացվել է 19 մլն 627 հազար դրամ, թատրոնների կառուցման աշխատանքների համար՝ 350 մլն 390 հազար 400 դրամ, կրթական օբյեկտների հիմնանորոգման համար՝ 324 մլն 513 հազար 100 դրամ եւ այլն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ