Միքայել Մելքումյանը՝ Թուրքիայից ՀՀ ուղարկված մարդասիրական օգնության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրել էինք, որ ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների` 2015 թ. ՀՀ-ի ստացած մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 5 հազար տոննա, որը եղել մոտ 50 մլն դոլարի չափով: 2015 թ. Հայաստանին «օգնած» երկրների թվում է նաեւ Թուրքիան: Ըստ ԱՎԾ-ի՝ Թուրքիան ՀՀ է ուղարկել ավելի քան 5 տոննա պլաստմասսա եւ դրանից պատրաստված իրեր, կաուչուկ, ռետին եւ դրանցից պատրաստված իրեր՝ ավելի քան 3 հազ դոլարի չափով, թաղիք, բամբակ, հատուկ գործվածք, ճոպան, պարան, տրիկոտաժե պաստառ, հնոտիներ, իրեր սեւ մետաղներից, Էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, ձայնագրող ապարատներ եւ դրանց մասեր, կահույք, անկողնային պարագաներ, խաղալիքներ, խաղեր եւ սպորտային գույք, դրանց մասեր եւ հարմարանքներ:

«Ժողովուրդ»-ն այդ արտասովոր մարդասիրական օգնության մասին զրուցեց ՀՀ  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ:

Պարո՛ն Մելքումյան, տեղյա՞կ եք, որ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանը մարդասիրական օգնություն է ստացել Թուրքիայից:

-Տեղեկատվությանը չեմ տիրապետում, բայց կարող եմ երկու տիպի ենթադրություն անել: Չենք կարող, չէ, բացառել, որ դա միգուցե Թուրքիայում գործող հայկական ինչ-որ տիպի կրոնական կամ հասարակական կամ մեկ այլ կազմակերպություն է իրականացրել, թուրքիայում գործում են, չէ ,տարբեր կազմակերպություններ, որոնք հայեր են, հայկական համայնքից են: Եվ երկրորդ տարբերակը, որ դա այլ երկրից է եկել, ուղղակի Թուրքիայում չի եղել տարանցիկ, կապարանակնքված չի եկել, ասենք՝ եկել է Թուրքիա, այնտեղ մաքսազերծվել է, նորից այլ տրանսպորտային ընկերություն բերել է: Սա ուղղակի ենթադրում եմ, այլ բան չեմ պատկերացնում:

Զարմանալին այն է, որ շատերը տեղյակ չեն, մի զգալի հատված բացառում է, իսկ վիճակագրական ծառայությունը հստակ ներկայացրել է: Բայց հարկ է, որ տրվեն պարզաբանումներ. միգուցե, դրա կարիքը եղել է կամ ինչ փաստաթղթի հիման վրա է դա իրականացվել:

-Իհարկե, իմ պատասխանը այստեղ պետք է բացասական լինի, բայց մեկ բան նշեմ, իհարկե, սա նրա հետ կապ չունի, բայց 1992-93 թթ, երբ պատերազմի մեջ էինք, Հայաստանում հացի վաճառքը քարտերով էր, այն ժամանակ հացի գործարանները պետական էին, քանի որ Հայաստանը ցորենի արտադրությունը 1/3-ով էր բավարարում, մենք դրսից էինք ներկրում, հիմա էլ ենք կեսից ավելին դրսից ներկրում: Այն ժամանակ մարդասիրական օգնություն էր՝ 247 հազար տոննա ալյուր Եվրամիությունից եւ 150-160 հազար տոննա Միացյալ Նահանգներից: Արդյունքում, այդ փուլում քանի որ ուշացել էր այդ մարդասիրական օգնությունը, եթե չեմ սխալվում, մեր կառավարությունը դիմել էր Թուրքիային, կարծեմ՝ այն ժամանակ Օզալն էր վարչապետը, դիմել էինք, որ մենք ալյուր ստանանք եւ ստացել էինք: Անցել է 22 տարի, հարցնում եք՝ եղե՞լ է նման բան, ասում եմ, որ եղել է:

Հիմա մենք Թուրքիայի մարդասիրական օգնության կարիքն ունե՞նք:

-Ազգային վիճակագրական ծառայությունը երեւի չոր թվեր է գրել՝ միջից հոգին հանելով, այսինքն՝ դու մի բան ես գրում, պետք է բացատրություն տաս, որ թյուրիմացություն չառաջանա: Սա ես բացատրում եմ անհասցե անհոգի աշխատանքով: Բացառում եմ, որ մեր կառավարությունը կարող է սպասել նրանցից մարդասիրական օգնություն:

Քնար Մանուկյան




Լրահոս