Ավելի քան 2 տարի է Նոյեմբերյանից-Երևան հանրային տրանսպորտ չի գործում. ինչ կփոխի վարչապետի հանձնարարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս կառավարության նիստում հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ նշելով, որ հանրապետության յուրաքանչյուր բնակավայր պետք է հանրային տրանսպորտի ուղերթներով կապվի Հայաստանին:

2014թ. հոկտեմբերից ի վեր՝ ավելի քան 2 տարի, սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտ չի գործում: Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարված Երեւան-Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ ավտոբուսային կամ միկրոավտոբուսային ուղերթների մրցույթները չեն կայանում, քանզի դրանց մասնակցող ընկերություններ չեն լինում:

Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին առանց ուղեւորների էր մնացել տաքսիների հետ անհավասար մրցակցության պատճառով: Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում, նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձի փոխադրումը կատարում են 3 հազար դրամով, իսկ ահա միկրոավտոբուսը նախկինում դա անում էր 2000 դրամով: Տաքսիները ուղեւորին վերցնում են նրանց ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է: Սակայն, այնուամենայնիվ, միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող էր տաքսիների մրցակցությանը դիմանալ, եթե տաքսիստները գործեին օրինական դաշտում, հարկեր վճարեին:

Մինչդեռ հայտնի է, որ շատ գործազուրկներ հիմա տաքսի են քշում, հարկային տեսչությունն էլ խուսափում է նրանց հարկային դաշտ բերել: Բազմաթիվ նոյեմբերյանցիներ դժգոհում են, որ Նոյեմբերյանը Երեւանին կապող միկրոավտոբուսային երթուղին փակվեց: Այն համեմատաբար էժան սպասարկում էր իրականացնում, մեկնումի ժամը ստույգ էր: Տաքսիստները տարբեր վայրերից ուղեւորներ են հավաքում, 4 ուղեւորներին հասցնում Երեւանի տարբեր տեղեր, ինչի պատճառով ուղեւորները հաճախ ուշանում են, չեն կարողանում գործերը հասցնել:

Ե՞րբ վերջ կդրվի Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումների գործընթացում առկա բարձիթողի վիճակին, ե՞րբ կգործի ավտոբուսային կամ միկրոավտոբուսային երթուղին: Հարցը հռետորական չէ եւ ուղղված է տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս