«Պրիմիտիվ գողության» դեմ պայքար սկսած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աչքից, կարծես թե, վրիպել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, մասնավորապես ՀՀ գլխավոր հարկադիր կատարող ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Սա այն կառույցն է, որն ուղղակիորեն առնչվում է քաղաքացու հետ: Եւ հաշվի առնելով ԴԱՀԿ-փաստաբաններ գործնական հարաբերությունները՝ կարելի է ենթադրել, թե փաստաբանների միջոցով ինչ գործառույթներ են հնարավոր իրականացնել, եւ ինչու է գլխավոր հարկադիր կատարողը փաստաբաններ Արամ Կարախանյանին եւ Վահագն Դալլաքյանին նշանակել խորհրդական, ովքեր համատեղում են աշխատանքը փաստաբանական պալատում իրենց գործունեության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հարազատ քեռուն նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաեւ իր ընտանեկան վարորդն է:
Փորձեցինք ԴԱՀԿ-ում առկա իրավիճակի մասին մենաբանություն ստանալ լրատվական ծառայությունից, սակայն որեւէ մեկին գտնել չհաջողվեց: Կապ հաստատեցինք խորհրդական Վահագն Դալլաքյանի հետ, ով ասաց, որ ԴԱՀԿ պետի անձնական հարցերին չի կարող պատասխանել, ինքը իրավական հարցերով խորհրդական է:
Ի՞նչ է ստացվում. մի կողմից մենք խոսում ենք, որ անհրաժեշտ է դպրոցներում ծանոթ-բարեկամ մեխանիզմը քանդել, մյուս կողմից այլ համակարգերում այդ մեխանիզմը «ծաղկում» է: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարը լեյտենանտից միանգամից արդարադատության փոխգնդապետ դարձավ, որպեսզի սահուն անցում կատարի ԴԱՀԿ պետի հիմնական աշխատանքին, սակայն «ԴԱՀԿ ծառայության կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել նա, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում»: Հետաքրքիր է` ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյանը ինչպես է բացատրում իրավիճակը. արդյո՞ք այս ամենը համակարգում ծաղկող կոռուպցիայի դրսեւորումներ չեն:
ՀՀ Ազգային ժողովում՝ երկրի ամենաքաղաքականացված մարմնում, աշխատանքը գնահատվում է քվեարկություններով. եթե պատգամավորը բացակայում է քվեարկություններից, ենթարկվում է պատասխանատվության: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ ներքին խմորումների հետեւանքով քաղաքական արենայից տեւական ժամանակ անհետացած Աբրահամ Մանուկյանը տուգանվել է մոտ 120 հազար դրամով: Հարգելի չեն համարվել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի բացակայությունները: Ամիսներ շարունակ ԱՄՆ-ում բնակվելու համար Արթուր Գեւորգյանի մի քանի ամսվա աշխատավարձից մոտ 1 միլիոն 200 հազար դրամի չափով պահումներ են արվել: Ինչի՞ վրա են ծախսվում օրենսդիրներից արված պահումները: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Պահվել է 14 միլիոն դրամ, որը մնում է աշխատավարձի ֆոնդում»: Իսկ պատգամավորներ կան, որոնք ԱԺ-ից պահանջում են հավելավճար՝ արտահերթ կարգով աշխատելու համար:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նոյեմբերի 4-ին հայտարարել էր.«Մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում… իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները»: Այս ցինիկ ելույթին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր. «Եթե Ալթունյան Լեւոնը նման բան է ասել, ապա ես մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում»: Իսկ ի՞նչ պատիժ է սպասվում նախարարին նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանն ասաց, որ վարչապետն արդեն անդրադարձել է նախարարի հայտարարությանը: Այսինքն՝ Ալթունյանը որեւէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության չի արժանանա: Փոխարենը քննադատություններից հետո նա փորձում է սրբագրել հայտարարությունը եւ այսօր կհանդիպի 3 տուժածի հարազատների հետ: Մինչդեռ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015-2016 թթ մահացած ծննդկանների թիվը հասնում է 15-ի: Այսինքն՝ միայն առավել մեծ աղմուկ հանած դեպքերն են արժանացել նախարարի ուշադրությանը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց տվյալներ, համաձայն որոնց՝ 2015 թվականին, 2014-ի համեմատ, Հայաստանում աղքատության մակարդակը 0.2 տոկոսով նվազել է՝ կազմելով 29.8 տոկոս: Այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ի ամսական ծախսերը կազմել են 41 հազար 698 դրամ, ինչը ցածր է վերին աղքատության գծից: Նկատենք, որ պաշտոնական վիճակագիրները վերին աղքատության գիծը նախատեսել են այն չափով, որ միջին թոշակը (իսկ միջին թոշակը կազմում է 42-43 հազար դրամ) եւ միջին աշխատավարձը (55 հազար դրամ) ավելի բարձր լինեն, քան աղքատության ցուցանիշն է: Նույնիսկ 2015 թվականին մի փոքր բարձրացվեց նվազագույն աշխատավարձի չափը, որը աղքատության թվի նվազման վրա մեծ դեր ունեցավ: Նկատենք, որ պաշտոնապես սպառողական զամբյուղը կազմում է 56 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ անցած տարի գրել էր, որ թվային աճպարարության հետեւանքով աղքատության ցուցանիշը կնվազի, բայց իրական աղքատները կշարունակեն գոյություն ունենալ:
ՎԱՏ ՊԱՐՈՂՆԵՐՈՎ
Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով մեկուկես տարի առաջ ստանձնել էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը, հրաժարական է տվել: Ընդ որում, նա դա արել է իրեն հատուկ սկանդալային ձեւով. «Ինձ երբեք այնքան չեն խաբել, որքան Ուկրաինայում: Չնայած Ուկրաինայում իշխանափոխությանը՝ երկրում ծաղկում է կոռուպցիան, եւ ինչպես թալանում էին առաջ, այնպես էլ հիմա են թալանում: Ի՞նչ տարբերություն ուկրաինացիների համար, թե ով իրենց վրա թքած ունի՝ Պորոշենկո՞ն, թե՞ Յանուկովիչը»,- հայտարարել է Օդեսայի՝ այլեւս նախկին նահանգապետը:
Սահակաշվիլիի այս հրաժարականը շատ ուշագրավ է այն առումով, որ անցած երեք տարիներին Հայաստանում քաղաքական գործիչների, փորձագետների եւ լրագրողների մի ստվար հատված, որպես անհաս երազանք, ի ցույց էր դնում Ուկրաինայի օրինակը՝ ասելով, թե՝ տեսեք, ինչ կարող էինք ունենալ եւ ինչ կորցրինք: Մյուս կողմից էլ այդ նույն մարդիկ, որպես կոռուպցիայի դեմ պայքարի սիմվոլ, գերագույն հիացմունքով մատնանշում էին Սահակաշվիլիին՝ ամեն անգամ խորը «ախ» քաշելով ու ասելով, տեսնես՝ մենք էլ մի Սահակաշվիլի կունենա՞նք:
Մենք, իհարկե, չունեցանք եւ դժվար էլ ունենանք: Բայց եթե մի կողմից Ուկրաինան այդքան լավն էր, այդքան ժողովրդավարական, բարեփոխվող, «Եվրոպայից 5 պակաս» մի երկիր, ինչու է այդ դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի «սիմվոլը» հայտարարում, որ իրեն երբեք այդքան չեն խաբել, որքան Ուկրաինայում, եւ ինչու է պնդում, որ Ուկրաինայի՝ դեպի ԵՄ ընտրությամբ ոչինչ չի փոխվել: Մյուս կողմից էլ՝ եթե Սահակաշվիլին ինքն այդքան ազնիվ բարեփոխիչ էր, վրացիները պիտի որ անցած երեք տարում «դարձի գային» ու հասկանային, թե ինչ են կորցրել՝ ընտրելով Բիձինա Իվանիշվիլուն, ու պետք է անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում միահամուռ ձեւով իրենց քվեն տային Սահակաշվիլու քաղաքական ուժին: Նման բան, սակայն, տեղի չունեցավ:
Եվ, ուրեմն, հետեւություն. որեւէ երկրի ներքին բարեփոխումը այդ երկրի ժողովրդի հավաքական կամարտահայտության արդյունքում պետք է լինի: Եթե կա այդ հավաքական կամքը, ապա դրան ո՛չ Եվրասիական տնտեսական միությունը կարող է խանգարել, ո՛չ էլ, դրա բացակայության դեպքում, Եվրամիությունը կարող է օգնել:
Թող չափազանցված չհնչի, բայց դրա վառ ապացույցն է մի կողմից Ուկրաինան, բայց մյուս կողմից էլ, որոշ չափով, Հայաստանը, որը չնայած ԵՏՄ-ի «բռնապետների ակումբին» անդամակցությանը, այնուհանդերձ, առանձնապես չի զիջել ազատականության այն մակարդակը, որը մինչ այդ ուներ: Անշուշտ, այստեղ կա տեսլականի խնդիրը, բայց այդ տեսլականը կարելի է ունենալ նաեւ առանց անդամակցության: Կարեւորը ներքին եւ համընդհանուր ձգտումն է: