14 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՊԱՀՈՒՄ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նկատում ենք՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի նորարարությունները խորհրդարանում շարունակվում են: Եւ դրանք հարուցել են ինչպես օրենսդիրների, այնպես էլ աշխատակազմի զայրույթը:

Եվ այսպես, արձանագրենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը Ազգային ժողովին վերաբերվում է որպես հիմնարկի եւ հայրենի օրենսդիրների աշխատավարձերից սկսել է որոշակի պահումներ իրականացնել: Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 20-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ԱԺ նստաշրջանի նիստերին չներկայանալու համար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ չի ստանա, իսկ, ահա, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավելել էր. «Բոլոր այն պատգամավորները, որոնք անհարգելի չեն գալիս աշխատանքի, նրանց բոլորի աշխատավարձերից պահումներ են լինում»:
«Ներվում են» միայն այն օրենսդիրները, որոնք ներկայացնում են գործուղման ուղեգիր, բժշկի տեղեկանք՝ հիվանդության մասին, կամ այլ խելամիտ հիմնավորում, թե ում հուղարկավորության կամ ազգի փրկության ծրագրի մասնակցության առիթով է եղել բացակայությունը: Հիմնավորումները քննարկվում են եւ որոշվում՝ ինչպես, ինչքան պահել պատգամավորի աշխատավարձից:
Տեղեկացնենք, որ ԱԺ շարքային պատգամավորը ստանում է ամսական մոտ 590 հազար դրամ աշխատավարձ, իսկ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ մոտ 650 հազար դրամ:
Իսկ ովքեր են առավել շատ բացակայել Աժ 5-րդ գումարման աշնանային 10-րդ նստաշրջանի աշխատանքներից: Նշենք, որ ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, Արթուր Գեւորգյանը եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի աշխատավարձից ընդհանուր հաշվով մոտ 1 միլիոն 200 հազար դրամի պահումներ են արվել: Բանն այն է, որ ամիսներ շարունակ Գեւորգյանը ԱՄՆ-ում էր բնակվում, ԱԺ չէր հաճախում:
Մոտ 120 հազար դրամի չափով պահվել է նաեւ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի աշխատավարձից: Օրենսդիրը մեզ հետ զրույցում ասաց. «Նորմալ եմ վերաբերում այս ամենին: Եղել է, որ հիմնավորումներ ներկայացրել եմ, որ, օրինակ, առողջականի հետ կապված երկու անգամ դեպք է եղել, որ անպայման հանրապետությունից դուրս գնայի, եղել է նաեւ՝ իմ անձնական գործով եմ գնացել եւ բացակա եմ ստացել…»:
Իսկ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ չգիտի՝ իր աշխատավարձից պահումներ իրականացվել են, թե ոչ, քանի որ ԴԱՀԿ-ի կողմից իր հաշիվների վրա արգելանք է դրված:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից «ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են որոշում, որ պահումները հիմնավոր են եւ ընդհանուր հաշվով պահումները ինչքա՞ն են կազմել: «Ազգային ժողովի նախագահն է որոշում, կախված է քվեարկությունից անհարգելի բացակայությունների հետ: Մինչ այս, 14 միլիոն դրամի ընդհանուր պահումներ են արվել»,- տեղեկացրեց Թովմասյանը: Իսկ ո՞ւր է գնացել պատգամավորների աշխատավարձից պահված 14 միլիոն դրամը: Հրայր Թովմասյանի խոսքով՝ հավաքված գումարը մնում է աշխատավարձի ֆոնդում:
Իհարկե, մոտեցումն ընդունելի է. եթե պատգամավորը չի հաճախում աշխատանքի, չպետք է աշխատավարձ ստանա: Բայց մյուս կողմից Ազգային ժողովը քաղաքական մարմին է, այլ ոչ թե հիմնարկ-ձեռնարկություն, որտեղ առավոտյան ժամը 9:00-ից 18:00 պետք է աշխատեն: Ազգային ժողովը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, որտեղ ունենում են ելույթներ եւ քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարող են բոյկոտել եւ այնտեղ ոտք չդնել: Հնարավոր է, որ պատգամավորներից շատերը քաղաքական դիրքորոշման հետեւանքով քվեարկությանը չմասնակցեն: Ստացվում է, որ պատգամավորն իր քաղաքական դիրքորոշման համար պատժվում է, ինչը անհամաչափ է եւ, ըստ էության, օրենսդիրների իրավունքների խախտում: Հրայր Թովմասյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Երբ որ ավելի կարեւոր հարցերով են եղել, դրա մասին տեղեկացնում են, եւ համարվում է հարգելի»:
Նշենք, որ ԱԺ շատ պատգամավորներ մեզ հետ մասնավոր զրույցներում տարակուսանք հայտնեցին, որ եթե աշխատավարձերից պահումներ են իրականացվում քվեարկությանը չմասնակցելու համար, ապա ԱԺ արտահերթ նիստերի համար էլ իրենց պետք է հավելավճար տան:
Հուսանք՝ խիստ արդարամիտ մաեստրոն՝ Գալուստ Սահակյանը, պատգամավորներին արտահերթ աշխատելու համար հավելավճար տալու հարցը կդարձնի քննարկման առարկա, եթե իսկապես ԱԺ աշխատակազմը գործում է օբյեկտիվության սկզբունքներից ելնելով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՆԱՆԿՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 3.1 տոկոս գնանկում, իսկ ոչ պարենային ապրանքները էժանացել են 2.3 տոկոսով: Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում այս տարվա 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծառայությունների սակագները 2.1 տոկոսով բարձրացել են:

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգով փորձել է ձեռք բերել վերանորոգման աշխատանքներ: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել գնման գործընթացին: Բանն այն է, որ հայտարարությամբ հայտերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետը` դրա հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը, չի համընկել սահմանված հայտերի բացման օրվան` նոյեմբերի 11-ին: Ըստ ՖՆ գնումների աջակցման կենտրոնի՝ այն չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: Բացի այս` հրավերով նախատեսված աշխատանքների կատարման համար սահմանված լիցենզիայի տեսակը ունի նաեւ հստակեցման կարիք:

 

 

ՉԵՂԱՐԿԵԼ Է ԱՃՈՒՐԴԸ
«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 3-ի համարում հրապարակել էր «Զովունիում նախկին գյուղապետը հող է վաճառում» հոդվածը, որտեղ գրել էինք, որ ՀՀ Կոտայքի մարզի Զովունիի գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, որը նոյեմբերի 12-ին պետք է վայր դնի գյուղապետի լիազորությունները, աճուրդի է հանել գյուղի համար կարեւոր նշանակություն ունեցող հողակտորներ: Իրավիճակը խիստ մտահոգել էր հոկտեմբերի 2-ին Զովունիի գյուղապետի պաշտոնում ընտրված Վրույր Սիմոնյանին ու նրա կողմնակիցներին: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հրապարակումից հետո Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանի հրահանգով նոյեմբերի 4-ին եւ նոյեմբերի 10-ին հայտարարված աճուրդները ճանաչվել են ուժը կորցրած: Նշենք, որ նոյեմբերի 4-ին գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը աճուրդի էր հանել գյուղապետարանի ծառայողական «Նիվա 21-214» մակնիշի ավտոմեքենան, իսկ նոյեմբերի 10-ի աճուրդին՝ գյուղատնտեսական կարեւորություն ունեցող հողատարածքներ:

 

 

ԿԱՆՎԱՆԱՓՈԽԵՆ
Օրեր առաջ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրությամբ ցանկանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը փոխել Արցախի Հանրապետության: Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանն armlur.am-ին ասել է.«Լեռնային Ղարաբաղ անվանումը մի փոքր պարադոքսալ է, որովհետեւ Ղարաբաղը ընդգրկում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ տափաստանային Ղարաբաղը, եւ բոլորը միասին կոչվում է Արցախ: Այս իմաստով, իհարկե, նպատակահարմար է, որ մենք ունենանք Արցախի Հանրապետություն անվանումը, որը չի սահմանափակում այն գաղափարը, որ մենք միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունենք»:

 

 

ԱՎԵԼԻՆ ԿԼԻՆԻ՞
Չի բացառվում, որ 2017 թվականին տնտեսական աճը ավելին լինի, քան կառավարության ծրագրած 3.2 տոկոսը: Երեկ նման կանխատեսում է արել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին պետբյուջեի նախագիծը խորհրդարանի հանձնաժողովներին ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի՝ շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ»:

 

 

1200 ԿՐԱԿՈՑ
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ՝ նոյեմբերի լույս 7-ի գիշերը` ժամը 01:50-ի սահմաններում, շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

 

 

ԻՍԿ ԻՆՉՊԵՍ ՊԻՏԻ ՆԿԱՏԵՐ
Վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով այն իրողությանը, որ առաջնագծում ծառայում են միայն անապահով ընտանիքների որդիները, նախօրեին ասել է. «Ես դա չեմ նկատել, բայց լսել եմ, որ նման ստատիստիկա կա, եւ կարծում եմ, որ այդ ստատիստիկան անարդարացի է: Եթե դա իրոք այդպես է, ապա մեր պաշտպանության բանակի հրամանատարները, մենք բոլորս, այդ հարցով մտածելու եւ ուղղելու անհրաժեշտություն ունենք»,- ասել է Կարապետյանը:

 

ԱՄԲԻՑԻՈԶ
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, արձագանքելով այն պնդումներին, թե ինչ ներկրում են, սխտորի անվան տակ են ներկրում, ասել է. «Ես խնդրում եմ՝ փաս-տա-ցի, փաս-տե-րով»: Դիտարկմանը, թե մասնավորապես Նաիրա Զոհրաբյանն է նման հայտարարություն արել, Վարդան Հարությունյանը հակադարձել է. «Խնդրում եմ, տիկին Զոհրաբյանին ասե՛ք՝ փաստ տա, հետազոտենք, գտնենք, պատժենք, թե ով է բերում»: «Առավոտ»-ի դիտարկմանը, թե ամբիցիոզ հայտարարություններ եք անում, որ կանոններ եք դնելու, ՊԵԿ նախագահը շեշտակի պատասխանել է. «Ամբիցիոզ հայտարարություն եմ անում ու ա-նե-լո՛ւ եմ»:




Լրահոս