ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումներից հետո ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարեց. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը…իմ համակարգն ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացե՛ք դա վերջապես»: Նույն օրը լրագրողների հետ թեյախմության ժամանակ նախարարը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ կտրուկ շեշտեց. «Ես ուզում եմ վերջնականապես հրաժարվեմ ծննդկանների մահվան վերաբերող հարցերից»:
Ակնհայտ է, որ Ալթունյանն իր խոսքերի շուրջ բարձրացած աղմուկից հետո այսկերպ փորձում է սրբագրել ինքն իրեն: Նա նոյեմբերի 5-ին հարցազրույց է տվել եւ շարունակել պնդել. «Ես մնում եմ իմ այն կարծիքին, որ առողջապահության նախարարը չպետք է զբաղվի նման դեպքերով, քանի որ նախարարությունը վերահսկող, քննչական եւ պատժիչ գործառույթներ չունի: Դրա համար կան համապատասխան մարմիններ»:
Եվ քանի որ սա էլ առանձնապես չփոխեց իրավիճակը, նոյեմբերի 6-ին անսպասելի զարգացումներ տեղի ունեցան: Նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 8-ին Հայաստան վերադառնալուն պես Լեւոն Ալթունյանը կընդունի մահացած ծննդկաններից երեքի՝ Մերի Մարգարյանի, Տաթեւիկ Գասպարյանի եւ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին: Թե ուր էր մեկնել Ալթունյանը, հայտնի չէ, եւ հանրությունն այսօր արդեն քննարկման մեկ այլ թեմա ունի՝ ինչ սկզբունքներով են ընտրվել մահացած ծննդկանների՝ հանդիպման հրավիրված հարազատները, առավել եւս, որ մեկ տարվա ընթացքում եղել է ոչ թե 3, այլ 15 մահվան դեպք: Արձանագրենք, որ նախարարը աղմկահարույց դեպքերի վրա է կենտրոնացել: Փաստորեն, եթե մահվան դեպքի առիթով աղմուկ չի եղել, նախարարը ուշադրություն չի դարձնում:
Խոսենք փաստերով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ ետծննդյան ժամանակահատվածում 2015թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է մայրական մահացության 6 դեպք, ինչով պայմանավորված՝ մայրական մահացության գործակիցը կազմել է 19.6 (100 000 կենդանի ծնվածի հաշվով): 2016-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, այդ թվում մեկը՝ ժամկետի բացթողումով, իսկ մայրական մահացության գործակիցը 2016թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 23.4 (100 000 կենդանի ծնվածի հաշվով):
Այսինքն՝ այս տարվա 3-րդ եռամսյակում ծննդկանների մահացությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ երկուսով ավել են: Իսկ հոկտեմբերին արդեն իսկ գրանցվել է մեկ դեպք. հիշեցնենք՝ Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 18-ին մահացել է 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը, ում ծննդաբերությունն անցել է առանց որեւէ խնդրի, ծնվել է առողջ երեխա: Եվ ինչպես հայտնի է՝ ծննդկանի հարազատները կատարվածում մեղադրում են ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանին, ով մեղադրվում է նաեւ 2013-ին ծննդկան Լիլիթ Նալբանդյանի՝ կոմայի մեջ հայտնվելուն: Փաստորեն, բժշկական անփութության մեջ մեղադրվող բուժաշխատողը շարունակում է աշխատել: Ավելին՝ «Ժողովուրդն» արդեն հայտնել է, որ Վանաձորի ԲԿ-ի բուժաշխատողները առաջարկել են մահացած ծննդկանի հարազատներին գումարի դիմաց հրաժարվել բողոքից: Կարծես՝ սրա հետ կապված եւս առողջապահության նախարարը որեւէ անելիք չունի: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ իրավապահներն արդեն համոզվել են՝ 32-ամյա Հռիփսիմեի մահվան համար մեղավորը բժիշկն է, որը ծննդաբերությունից հետո թողել, գնացել է, ինչի հետեւանքով աղջիկն արնաքամ է եղել:
Անպատիժ են մնացել
Իսկ քանի՞ բուժաշխատող է մինչ օրս պատժվել կամ պատասխանատվության ենթարկվել նման դեպքերի համար: Կրկին ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժի արժանացման կամ բժշկական լիազորություններից ազատման որեւէ դեպք չի գրանցվել:
Հիշեցնենք, որ միայն նախորդ տարի է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքը դատարան հասել: Այս գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է:
Եվ այսպիսի ցուցանիշներից հետո տրամաբանական հարց է առաջանում. ինչպե՞ս է միայն հետեւանքների մասին բարձրաձայնող եւ դրանցով չզբաղվող նախարարը հրաժարվում խոսել պատճառների մասին: Ավելին՝ եթե նախարարն իրեն իրավասու չի համարում այդ հարցերով զբաղվել, ինչո՞ւ է իր մոտ հրավիրում մահացած ծննդկանների 1-2 «բողոքավոր հարազատներին»:
«Ժողովուրդ»-ը նախարարի հրավերի շուրջ զրուցեց մահացած ծննդկաններից Մերի Մարգարյանի հոր՝ Վաղինակ Մարգարյանի հետ, ով հայտնեց, որ ընդունել է հրավերը, իսկ ակնկալիքների մասին խոսելը վաղ համարեց: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ինքը նախարարին մի շարք հարցերով է դիմելու, այդ թվում՝ իր կողմից ներկայացված կրկնակի փորձաքննության մասով. «Պետք է խնդրեմ, որ փորձաքննությունն օբյեկտիվ ընթանա: Լրացուցիչ փորձաքննության մասին միջնորդությանս մեջ նշել եմ նաեւ Շենգավիթից «Սլավ մեդ» գնացած նարկոզ տվող Արամ Գրիգորյանի անունը, ով որեւէ պատժի չի արժանացել: Տեսնենք՝ ինչ կլինի»:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Լեւոն Ալթունյանը թեեւ բժիշկ է՝ անեսթեզոլոգ, այնուամենայնիվ, 20 տարի աշխատել է ապահովագրական շուկայում եւ մինչեւ հիմա, ըստ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության պաշտոնական կայքի, դեռեւս պահպանում է գործադիր տնօրենի պաշտոնը: Փաստորեն, ապահովագրող-նախարարի համար բոլոր հիվանդները «կլիենտներ» են՝ փող բերելու մասով, իսկ մահացածները, բնականաբար, արդեն չեն հետաքրքրում նրան: Պետք է «մորգ տարվեն»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՔՑՎԱԾ ՀԱՆՑԱՆՔ
Այն, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում անվերահսկելի վիճակ է, թերեւս, նորություն չէ որեւէ վարդենիսցու համար:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի թաղային տեսուչ, լեյտենանտ Հովիկ Մխոյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, սակայն կատարվածը որեւէ կերպ չի գրանցվել ոստիկանների կողմից, թաքցվել է: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, որ այս ոստիկանն իր ավտոմեքենայով վթար է «կազմակերպել»:
Նոյեմբերի 4-ին ոստիկանը իր ավտոմեքենայով մեծ արագությամբ երթեւեկել է Վարդենիսի Երիտասարդության փողոցով եւ ներխուժել քաղաքացու անձնական տարածք՝ նրան պատճառելով գույքային ահռելի վնաս: Ի դեպ, ոստիկանի ավտոմեքենան արտասահմանյան համարանիշով է եղել:
Վարդենիսում խոսակցություններ են պտտվում, թե Հովիկ Մխոյանը հաճախ է ոչ ադեկվատ վիճակում լինում եւ «օրենքի մարդուն» ոչ վայել վարք դրսեւորում: Ու այս անգամ էլ բացառություն չի եղել: Փորձեցինք ոստիկան Հովիկից պարզել, թե ինչու է իրեն այդքան սանձարձակ պահում, սակայն նա խորհուրդ տվեց դիմել լրատվական ծառայություն: Դիմեցինք, պարզվեց, որ նոյեմբերի 4-ին տեղի ունեցած վթարի մասին տեղյակ չեն, նման դեպք իրենց մոտ գրանցված չէ:
Մեր տեղեկություններով՝ այս տարվա ապրիլի 2-ին ոստիկանության նույն աշխատակիցը՝ Հովիկը, դարձյալ իր անձնական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վարդենիսի բնակիչ Նելսոն Սահակյանին: Վերջինս մինչ օրս անվասայլակի վրա է: «Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել տուժած Նելսոն Սահակյանի հետ, ով հայտնեց, որ ամիսներ առաջ տեղի ունեցած պատահարի վերաբերյալ ինքը բողոք չի ներկայացրել՝ մտածելով, որ ոստիկանության աշխատակիցը կլուծի իրեն հասցված վնասի հարցերը. «Մտածեցի նաեւ, որ երիտասարդ տղա է, խնդիրների մեջ չընկնի: Դեպքից հետո մի երկու անգամ ինձ տեսավ, բայց հետո, երբ իմացավ, որ բողոք չեմ ներկայացրել, կորավ ու կորավ»,- նեղսրտած ներկայացրեց ոստիկանի կարգազանցության հետեւանքով տուժած քաղաքացին:
«Ժողովուրդ»-ը փորձեց լեյտենանտի անպատասխանատու պահվածքի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանությունից, լրատվականից ի պատասխան մեր հարցին ՝ հայտնեցին, որ այդ դեպքը գրանցվել է իրենց մոտ, եւ հետագա քննությունը վարել է ՀՀ քննչական կոմիտեն: Կոմիտեից էլ հայտնեցին, որ գործի վարույթը կարճվել է բողոքի բացակայության հիմքով:
Ահա այսպես, ոստիկանության համազգեստի մեջ շարունակում են մնալ այնպիսի ոստիկաններ, որոնց գործունեությունը որեւէ առնչություն չունի իրավապահ հասկացության հետ: Ի դեպ, Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը դեպքի օրը, սովորության համաձայն, Վարդենիսում չի եղել: Կարեւոր գործերով մայրաքաղաքում է եղել:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ «ԲՈՒՐԻՏԱՆՅԱՆ ԱՎԱՆԱԿԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
Հոկտեմբերի 2-ի Գյումրու ավագանու ընտրություններին Ազգային ժողովի գյումրեցի պատգամավորներից մասնակցում էր միայն Հովհաննես Մարգարյանը, ով հիմա 2 կարգավիճակ ունի: Վերջինիս կողմից գլխավորվող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղթահարեց ավագանու ընտրությունների անցողիկ շեմը եւ ստացավ ավագանու անդամի 4 մանդատ, որոնցից մեկը բաժին հասավ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: Սակայն Հ. Մարգարյանը ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց չի հրաժարվել ո՛չ Ազգային ժողովի պատգամավորի, ո՛չ էլ Գյումրու ավագանու անդամի մանդատից, թեեւ օրենքով այդ երկու պաշտոնները անհամատեղելի են:
Այսպես՝ համաձայն ՀՀ Սահմանադրության (հոդված 65) եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի (հոդված 9.1) «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում շեշտվում է, որ համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում (հոդված 21.6), իսկ այս դրույթին նախորդող հոդվածում մանրամասնվում է, որ համայնքի ավագանու անդամը պարտավոր է անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին (հոդված 20.5): Հովհաննես Մարգարյանն ավագանի ընտրվելուց հետո չի հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից, այսինքն՝ ավագանու հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում ու դրա մասին ավագանուն եւ համայնքի ղեկավարին չի տեղեկացրել:
Այդպիսով՝ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ում պարտականությունն է լինել օրենքի պաշտպան, խախտում է օրենքը՝ զբաղեցնելով ե՛ւ պատգամավորի, ե՛ւ ավագանու անդամի պաշտոններ: Իր տիպիկ ձեւակերպմամբ՝ հայտնվել է «բուրիտանյան ավանակի» կարգավիճակում՝ երկու դեզերի արանքում, եւ չի կողմնորոշվում, թե որ դեզին մոտենա:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ