«Ժողովուրդ»-ը զրուցել է դաշնակահար, ջազմեն, Հայաստանի ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի հետ: Ներկայացնում ենք մեր զրույցի առաջին մասը:
-Պարո՛ն Մալխասյան, Դուք, այսպես ասած, գիշերային մարդ եք: Մուսանե՞րն էլ են, սովորաբար, գիշերը գալիս:
-Դուք դասական երաժիշտների մասին եք խոսում. ջազը դրա հետ կապ չունի: Ջազն ազատ ժանր է, թարգմանաբար նշանակում է կյանք: Ոնց որ կյանքն է, այդպես էլ ջազն է` փոփոխվող, չկրկնվող, անսպասելի էպիզոդներով:
-Ստեղծագործական կյանքի այս փուլում ջազից ի՞նչ «պահանջներ» ունեք:
-Ջազը պահանջներ չի սիրում, այն «ազատամիտ», «կղզիացած», ինքն իր կյանքով ապրող ժանր է:
-Տարբեր առիթներով խոսել եք Ձեր չորս երազանքների մասին, որոնցից երեքը կատարվել են` սեփական ջազ ակումբ ունենալը, Միացյալ Նահանգներ մեկնելն ու սեւերի հետ նվագելը, Երեւանում միջազգային ջազ փառատոներ կազմակերպելը: Իսկ չորրորդ երազանքը ո՞րն է:
-Չորրորդը չեմ կարող ասել. ձուկը ջրում առեւտուր չեն անում:
-Ձեր կարծիքով` հայերը ջազ սիրո՞ւմ են:
-Սխալ հարց է:
-Լավ, այսպես ձեւակերպեմ հարցս` մենք ջազայի՞ն ազգ ենք:
-Այո՛, այո՛: Երբ 1970-ին համամիութենական ջազ փառատոնի էի, ռուս թղթակիցն ինձ հարցրեց. «Ո՞նց է եղել, որ Հայաստանում ջազն այդքան զարգացած է, այդքան երաժիշտներ ունեք, դուք էլ եկել եք փառատոնի, մրցանակներ եք շահել, իսկ ռուսների շրջանում ջազն այդքան զարգացած չէ»: Ասացի. «Գիտեք` ինչ կա, ձեր բնությունը հարթ է, սար չունեք, իսկ մեզ մոտ դարերով սարերում թմբուկ են խփել, թմբուկն էլ ջազային երաժշտության հիմնաքարերից է: Այդ թմբուկի դերը մեծ էր, երբ գյուղից գյուղ խաբար էին անում, թե կռիվ է սկսվում, կամ հարսանիք է սպասվում: Դուք սար չունեք, դրա համար էլ չեք կարողանում կարգին նվագել»: Այդ թղթակիցը շատ նեղացավ (ծիծաղում է), բայց այնքան ազնիվ էր, որ խոսքերս նույնությամբ տպագրեց: Ասածս այն է, որ բնության հանգամանքը ջազում անպայման է: Ընդհանրապես, ջազը շատ «անպայման» բաներ ունի: Ջազմենը պետք է ծնվի իմպրովիզացիոն էությամբ, եթե ցանկացած թեմայի շուրջ իմպրովիզացիա չես կարողանում անել, չպետք է ջազով զբաղվես: Կոնսերվատորիան երաժիշտին ամեն ինչ կսովորեցնի, բայց այն, ինչի մասին խոսում եմ, բնատուր է:
-Հայտնի է, որ խորհրդային տարիներին երկաթե վարագույրը թույլ չէր տալիս ջազային երաժիշտին ամբողջովին դրսեւորվել, դուրս գալ, այսպես ասած` լայնանալ: Դուք ի՞նչ խոչընդոտների եք բախվել:
-Այդ տարիներին իսկապես դժվար էր: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում 1957-ին հրավիրեցին ջազային աստղ` ԱՄՆ-ից: Դուք պատկերացնո՞ւմ եք` դա ինչ էր: Տուրիստի կարգավիճակով ամերիկացի սաքսոֆոնահար Չարլզ Լոյդին իր խմբով տարան Տալին` համերգի: Ամբողջ քաղաքը ոտքի վրա էր: Դրանից հետո Տալինի քաղսովետի նախագահին, կոմսոմոլի քարտուղարին հանեցին գործից: Հուրախություն ինձ` պետք է ասեմ, որ ես ինձ դիսիդենտ չեմ զգացել: Ինձ միշտ տրամադրել են Կոմպոզիտորների միության դահլիճը, ներկայիս` Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճը, որտեղ ակտիվ համերգներ էր տալիս «Մալխաս» ջազ տրիոն, որը հետագայում դարձավ կվարտետ: Իսկ մնացած տեղերից որ հանկարծ կանչում էին, հոնորարը գիտեք` որն էր, որ թույլ տան նվագեինք, միայն թողնեին, որ արտահայտվեինք: Դու չէիր կարող էստրադային խմբերի պես ամեն տեղ նվագել. դա էր բարդությունը: Բայց մեր գործունեությանը զուգահեռ սկսեցին սնկի պես աճել նոր ջազ խմբեր` տրիոներ, կվարտետներ, կվինտետներ: Դա թույլ տվեց ինձ 1985-ին կազմակերպել համամիութենական եռօրյա ջազ փառատոն` ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, 27 քաղաքից ներկայացուցիչներ հրավիրեցինք: Դրանից հետո ջազային փառատոների ավանդույթները շարունակվեցին մինչեւ այսօր:
-Այնպիսի տպավորություն է, որ, օրինակ, էստրադայի ներկայացուցիչների համար խորհրդային տարիներին բոլոր դռները բաց էին, իսկ, ահա, ջազ երաժիշտների ու երգիչների համար` ոչ:
-Ռաբիսին, էստրադային «պռախոդ» էր տրված, ջազին` չէ, որովհետեւ ջազի իդեալոգիային թշնաբար էին վերաբերվում: Իսկ ամենավատն այն էր, որ անտարբեր էին:
-Երբվանի՞ց դարձան ոչ անտարբեր:
-1985-ից, երբ կազմակերպվեց այդ համամիութենական ջազ փառատոնը: Ժողովուրդը լուսամուտ ջարդելով՝ եկավ, ամբողջ քաղաքը ջազով էր ապրում: Դահլիճում ընդամենը 1200 տեղ էր, մի էդքան էլ դրսում էին մարդիկ հավաքվել: Դա թույլ տվեց ինձ 1986-ին կրկին նույն փառատոնը կազմակերպել: 90-ականների կեսից արդեն սկսվեցին կազմակերպվել միջազգային ջազ փառատոներ: Ու հիմա, երբ խամ թղթակիցներն ինձ ասում են. «Պարո՛ն Մալխասյան, վերջին երկու տարում ջազը մոդայիկ է դարձել», ասում եմ. «Աղջի՛կ ջան, ջազը 60 թվին էլ էր մոդայիկ, 70-ին էլ, 80-ին էլ, 90-ին էլ, հիմա էլ»:
-ՀՀ նախագահները ջազի հանդեպ ի՞նչ վերաբերմունք են ունեցել:
-Մեր նախագահներից Քոչարյանն օգնել է ջազի զարգացմանը, աջակցել է 1998-ին միջազգային ջազ փառատոն կազմակերպել Երեւանում: Բացի այդ` ֆիրմաներ, բանկեր, անհատներ կան, որոնք հովանավորում են ջազը` առանց խնդրելու:
-Պետական մոտեցումն, այնուամենայնիվ, թույլ է…
-Իհարկե, բայց հուսով եմ, որ Կարեն Կարապետյանի օրոք կլինի ցանկալի մոտեցում. ինքը երաժիշտ է, լավ երաժիշտ, ո՞նց կարող է, ասենք, փառատոն չհովանավորել:
-Համաշխարհային հռչակ ունեցող երաժիշտներից ո՞ւմ կցանկանաք հրավիրել Հայաստան:
-Երկրագնդի ամենապրեստիժ փառատոներից մեկի` Շվեյցարիայում արդեն 70 տարի անընդմեջ անցկացվող Montreux Jazz Festival-ի կազմակերպիչը ցանկություն է հայտնել փառատոնն իր կազմով բերել Երեւան, խոսել է մեր նախագահի հետ, ասել է իր նպատակի մասին: Մեր նախագահն էլ ինձ հարցրեց` տեղյակ եմ, արդյոք, փառատոնի մասին, թե ոչ: Ասացի` ոչ միայն տեղյակ եմ, այլեւ այնտեղ եղել եմ հյուր… Շշմելու բան է: Հիմա մյուս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ուզում են գալ:
-Երիտասարդ սերնդի ջազ երաժիշտների մասին ի՞նչ կարծիք ունեք;
-Շշմելու են. այնպիսի երաժիշտներ ունենք, որոնք ցանկացած երկրի մեծ պատիվ կբերեն: Ես այն մարդկանցից չեմ, որոնք ասում են. «Մեր ժամանակ՝ սենց, մեր ժամանակ` նենց…»: Արա՛, վե՛րջ տվեք…
-Բայց այդ երիտասարդները դրսեւորվելու ասպարեզ ունե՞ն:
-Իհարկե, Նյու Յորքը:
-Նկատի ունեմ` մեզ մոտ:
-Մեզ մոտ օֆիցիալ ջազային դպրոց-ստուդիա չկա դեռ, բայց ես դրա հույսն էլ ունեմ: Արդեն չորրորդ երազանքս էլ համարյա ասացի: Շատ կուզենամ` Երեւանում այդպիսի դպրոց-ստուդիա հիմնել, որտեղ երիտասարդները ե՛ւ ուսում կստանան, ե՛ւ միանգամից կձայնագրվեն: Պատկերացնո՞ւմ եք: Հիմա դրա վրա եմ աշխատում, եթե արեցի, կարող եմ հանգիստ մեռնել (ծիծաղում է):
-Հիմա երիտասարդներից շատերը գնում, արտասահմանում են աշխատում, հատկապես` ԱՄՆ-ում:
-Չկա նման բան: Շատ են այստեղից փախել մութ տարիներին: Բայց մատներիս վրա երկու-երեք հոգու կարող եմ ցույց տալ, որոնք այնտեղ ջազային գործունեությունը շարունակել են, որովհետեւ գնացել են ջազի երկիր` ուժեղների մոտ: Ջազը նրանց կենցաղն է, առօրյան:
Շարունակելի
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԴՐՍՈՒՄ ՈՉ ՈՔ ՉԻ ՆԱՅԻ` ՈՒՄ ԱՂՋԻԿՆ ԵՄ»
Երգչուհի Նարե Գրիգորյանն աշխատում է նոր երգերի, տեսահոլովակի եւ ձայնասկավառակի վրա, նա հույս ունի, որ իր ծրագրերի մեծ մասը կկարողանա հաջորդ տարի ներկայացնել հանդիսատեսին: Նարեն «Ժողովուրդ»-ին պատմեց, որ համերգային նախագծերի շրջանակում համագործակցում է երգիչ Գոռ Սուջյանի հետ, եւ, հնարավոր է, այդ համագործակցությունը շարունակական դառնա: Երգչուհին խոստովանեց, որ հանդես է գալիս երաժշտական տարբեր ժանրերում եւ դեռ հստակ չի կողմնորոշվել` սպասվելիք ձայնասկավառակում ինչ ոճի երգեր են ներառված լինելու. «Ակումբներում ներկայացնում եմ տարբեր բնույթի երաժշտություն. դա օգնում է, որ կոկորդս «չժանգոտվի»»: Հարցին, թե արդյոք Նարեն շարունակում է համագործակցությունը Երգի պետական թատրոնի հետ, երգչուհին պատասխանեց. «Համագործակցություններ միշտ էլ կլինեն, թատրոնի հետ կապը կպահվի, բայց, թեեւ երկար ժամանակ էր, չէի ցանկանում առանձին աշխատել, վերջնական որոշում եմ կայացրել` անցնել սոլո կարիերայի` ներկայանալով որպես անհատ երգչուհի»:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք Նարեն, ով 2013-ին մասնակցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծին, ցանկություն ունի կրկին ներկայանալու երաժշտական մրցույթներում. «Ճիշտն ասած, վերջին շրջանում մի քանի հեռուստանախագծերից նման առաջարկներ եղան, բայց չեմ ցանկանում երկրորդ անգամ Հայաստանում որեւէ նման մրցույթի մասնակցել, փոխարենը միջազգային մրցույթներում ներկայանալու, արտերկրում Հայաստանը ներկայացնելու պլաններ կան: Բանն այն է, որ դրսում ոչ ոք չի նայի, թե ես ում աղջիկն եմ (Նարեն երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի դուստրն է-հեղ.), կգնահատվեն իմ վոկալային տվյալները, ուշադրության կենտրոնում կլինի իմ անհատականությունը, իսկ Հայաստանում ամեն բան այլ է. այստեղ բոլորն իրար ճանաչում են, եւ քո ով լինելը դառնում է բազմաթիվ ասեկոսեների տարածման պատճառ»,-եզրափակեց Նարեն:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐ Է ՊԵՏՔ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, բազմիցս տարբեր առիթներով նշել են, որ ցանկանում են հնարավորինս շատ երեխաներ ունենալ: EOnline-ը հայտնում է, որ Քարդաշյանը երրորդ երեխան ունենալու ցանկություն ունի, եւ հայուհուն փոխնակ մայր է պետք: Առաջիկա հանգստյան օրերին EOnline-ը կներկայացնի Keeping up with Kardashians-ի նոր դրվագը, իսկ մինչ այդ ռեալիթի շոուի անոնսում տեսնում ենք, որ Քիմն իր մտադրության մասին պատմել է մորը՝ Քրիս Ջեններին:
Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն դուստր եւ որդի ունեն:
ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ն աշխատում է «Հայ հերոսներ» նախագծի վրա, որը ներկայացվելու է սերիալի տեսքով եւ մուլտֆիլմի լեզվով. «Պատրաստելու ենք 10 րոպե տեւողությամբ 20 ֆիլմ, որոնք պատմելու են տարբեր դարաշրջանների հայ հերոսների մասին` սկսած նախահայր Հայկից, վերջացրած Ղարաբաղյան պատերազմի հերոսներով»,¬«Արմենպրես»¬ի հետ զրույցում ասել է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը` հավելելով, որ նախագիծը նախատեսված է լինելու հեռուստացուցադրման համար: Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» համանուն հեքիաթի հիման վրա Դավիթ Սահակյանցի նոր մուլտֆիլմի ձայնագրման աշխատանքները եւս շուտով կմեկնարկեն: «Այս մուլտֆիլմը պատրաստում ենք մշակույթի նախարարության պատվերով եւ ֆինանսավորմամբ»,-ասել է մուլտիպլիկատորը: Նրա խոսքով` տասը րոպե տեւողությամբ մուլտֆիլմը կնկարահանվի «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիայում։ «Մուլտֆիլմի սյուժետային մասը կպահպանվի, սակայն նյութը կներկայացվի մի փոքր տարբեր ձեւաչափով»,¬ասել է Ռ. Սահակյանցը: «Կլոր աստվածներ» հեքիաթն այլաբանություն է, որը պատմում է մարդկանց նկատմամբ ոսկե հորթի իշխանության մասին։