Նոյեմբերի 7-ին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը եւ համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»: Եվ մինչ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը շտապեց պարզաբանել, որ Վ. Ավետիսյանի դիրքորոշումը պաշտոնական չէ, եւ պաշտպանական գերատեսչությունը որեւէ կերպ չի առնչվում նախաձեռնության հետ, ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի Սամվել) «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց՝ գուցե նոյեմբերի 12-ին Ադրբեջանում կայանալիք զորավարժությո՞ւնն է մտավախությունների տեղիք տվել: «Հակառակորդը միշտ էլ պատրաստվում է, մենք էլ պետք է պատրաստվենք, որ պատասխան տանք: Հակառակորդի յուրաքանչյուր շարժ ֆիքսվում է մեր կողմից»,- հայտարարեց Արցախի հերոսը:
Հ. Գ. Երեկվանից Արցախի Տիգրանակերտ բնակավայրի տարածքում սկսվել են զորավարժություններ: Հայ զինվորները վարժանքների միջոցով գնդային մարտավարություն են մշակում, թե ինչպես պետք է հարձակումներից պաշտպանվեն եւ հետ վերադարձնեն հայկական դիրքերը:
Այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների հիմնական դերակատարներ համարվող «խոշոր ձկները» հայտնվել են ուռկանում: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այնտեղ նա ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, թե ինչու էր հայտնվել Սարի թաղում եւ ինչ էր անում: ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբորորդուն եւ եղբորը՝ ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանին եւս հարցաքննության են հրավիրել: Հիշեցնենք, որ Լեռնիկ Երանոսյանն այդ օրը լուսաձայնային նռնակը ձեռքին մարտնչում էր ՀՀ քաղաքացիների դեմ: ՀՔԾ-ում են եղել նաեւ ՀՀ ոստիկանապետի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը՝ Նասկին, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, եւ մինչ այս հիշատակված շատ այլ անդրդվելի դեմքեր:
Հայաստանի հայ արիական կուսակցությունը սպասում է նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ 16-րդ համագումարին ներկա գտնվելու հրավերին: Բայց եթե կուսակցությունը իշխանության կամ ընդդիմության որեւէ ճյուղի կողմից միասին հանդես գալու առաջարկ ստանա, կընդունի այն: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը: Վերջինս, պարզվում է, մտերիմ հարաբերություններ ունի հնաբնակ հանրապետականների հետ, սակայն իշխանությունն ու ընդդիմությունն իր համար նույն հարթության վրա են գտնվում: Հետաքրքիր է՝ որքանով ՀՀԿ-ն կգայթակղվի ընձեռված հնարավորությամբ՝ հաշվի առնելով այն, որ Ավետիսյանն իր ձեռքում արդեն երկար տարիներ խնամքով պահում է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին հույժ գաղտնի ցուցակը: Հիշեցնենք՝ երբ 2005-2006թթ. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման` ասելով, թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին անհրաժեշտության սննդատեսակները՝ իշխան ձկնատեսակը, ձուն, շաքարավազը, մսամթերքը, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել են 0.6 տոկոսով: Գնաճ է արձանագրվել նաեւ այլ սննդատեսակների, ոգելից խմիչքների, ծխախոտի եւ միրգ-բանջարեղենի շուկաներում: Այս թվերը եւս մեկ անգամ ապացուցում են այն իրողությունը, որ օրեցօր Հայաստանում կյանքը թանկանում է: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հայտարարեց, թե աղքատության ցուցանիշները մեր երկրում նվազել են:
ԱՆՀՐԱԺԵՇՏ
ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը երեկ Սերժ Սարգսյանին է զեկուցել զոհված եւ հաշմանդամ զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագրի մեկնարկի մասին, որով 2017թ. հունվարի 28-ից հետո ծագող դեպքերի համար կնախատեսվեն զգալիորեն ավելացված վճարներ: Մասնավորապես զոհված եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացածները՝ 5 միլիոն դրամ: Զոհվելու կամ 1-ին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական վճարները կկազմեն 300 հազար դրամ՝ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ՝ ենթասպաների եւ 200 հազար դրամ՝ շարքայինների համար: 2-րդ կարգի հաշմանդամների դեպքում՝ 250, 200 եւ 150 հազար դրամ: Այդ գումարը կվճարվի 20 տարի: Ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել ոչ թե պետբյուջեի, այլ հատուկ այդ նպատակով ստեղծվելիք հիմնադրամի միջոցներով, որին յուրաքանչյուր աշխատող ՀՀ քաղաքացի պետք է վճարի 1000 դրամ: Ահա այսպես, բավականին պարզ մեթոդով, որը, ըստ նախարարի, ազգ-բանակ գաղափարախոսության շրջանակներում է, փորձ է արվելու հոգալ մեր զոհված եւ հաշմանդամ զինծառայողների եւ նրանց ընտանիքների հետ կապված սոցիալական խնդիրները:
Արդեն երեկ այս ծրագրի հետ կապված հնչում էին դժգոհություններ, թե պետությունը սեփական պարտավորությունները չկարողանալով կատարել՝ փորձում է հերթական բեռը դնել քաղաքացու ուսերին: Մինչդեռ այդ միջոցները կարելի էր ստանալ ստվերը հարկային դաշտ բերելով, օլիգարխներին կուլակաթափ անելով եւ այլն: Բացի այդ՝ շատերը կասկած էին հայտնում, որ այս հիմնադրամի միջոցները կծախսվեն ոչ ըստ նպատակի: Անշուշտ, հատկապես այս առումով դժգոհությունը կարելի է արդարացված համարել՝ աչքի առաջ ունենալով այն, թե ինչպես են նույն նախագահականից ամեն տարի տասնյակ միլիոնների դրամաշնորհներ տրվում անհասկանալի գործունեություն իրականացնող հիմնադրամներին, եւ կամ ինչպես են տնօրինվում, օրինակ, ՊՆ-ի «Մարտիկ» հիմնադրամի միջոցները: Էլ չասած այնպիսի աղաղակող դեպքերի մասին, երբ անգամ ապրիլյան օրերին հավաքագրվող միջոցները ոմանք որպես ընտրակաշառք էին բաժանում. այնպես, ինչպես եղավ Հրազդանում: Եվ այս առումով հարկ է, որ ծրագրի հեղինակները անվիճարկելի երաշխիքներ ներկայացնեն, թե ինչպես է հանրությունը կարողանալու վերահսկել՝ ուր են գնում իր տված գումարները: Եթե այդպիսի երաշխիքներ լինեն, եւ դրանք իսկապես գործեն, այս ծրագիրը հարկ է ոչ թե քննադատել, այլ ողջունել: Ի վերջո, ամեն առիթով Իսրայելի օրինակը բերողները հարկ է, որ հիշեն, թե ինչպես են տարիներ շարունակ աշխարհի բոլոր հրեաները իրենց վաստակի մի մաս հատկացրել հայրենիք ունենալու երազանքի իրագործմանը: Իսկ մենք էլ պետք է մեր աջակցությունը հայտնենք մեր զինվորներին ոչ թե միայն ճգնաժամային պահերին, այնպես, ինչպես եղավ ապրիլին, այլ շարունակաբար: Ի վերջո, սա նվազագույնն է, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել: