Նոյեմբերի 7-ին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը եւ համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»: Ըստ նրա՝ «մինչ մենք մեր ուշադրությունը բեւեռել ենք նորանշանակ կառավարության գործունեության վրա, հակառակորդը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ողջ բանակը եւ զուգահեռաբար գործարկելով տեղեկատվական պայքարի ողջ զինանոցը՝ հասկացնում է, որ փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին»:
«Ժողովուրդ»-ը Վարդան Ավետիսյանի հայտարարության եւ, առհասարակ, սահմանին առկա իրավիճակի մասին զրուցեց ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հետ (Օգանովսկի Սամվել):
ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին: Հասարակության շրջանում մտավախություն կա սահմանում լարված իրավիճակի, հակառակորդի հնարավոր գործողությունների մասով:
-Ես ասում եմ, որ լարվածություն կա սահմանում, բայց ասել, որ էսօր մենք միայն դրա մասին պետք է մտածենք, իհարկե, ոչ: Մենք շատ խնդիրներ ունենք, որ պետք է լուծենք, բայց մենք միշտ պետք է պատրաստ պահենք բանակի զինվորներին, եւ մենք միշտ զբաղվում ենք դրանով, որպեսզի կարողանանք երաշխավորել պետության անվտանգությունը:
-Ներկա պահին Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը սահմանին եւ ի՞նչ կանխատեսում ունեք:
-Սահմանում այդպիսի լարվածությունը միշտ էլ եղել է ու կա, բայց այն, որ այսօր կամ վաղը կարող է պատերազմի սկիզբ լինել, ես չեմ տեսնում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում պահեստազորի սպաների համահայկական միության նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության հասարակայնության պետ Վարդան Ավետիսյանի հայտարարությունը, որ կամավորական ուժերը պետք է համախմբվեն, որովհետեւ հակառակորդը լուրջ զորավարժություններ է անցկացնում, Պակիստանից լուրջ ուժեր են գալիս Ադրբեջան, եւ հակառակորդը ապրիլյան քառօրյայի ժամանակ կիսատ թողած գործերը ուզում է ավարտել:
-Ես այդ հարցին արդեն պատասխանեցի, որ մենք՝ զինված ուժերս, պետք է միշտ պատրաստ լինենք, որպեսզի մեր պետության անվտանգությունը երաշխավորենք:
-Պատրա՞ստ ենք:
-Կամավորականներին տվեք այդ հարցը: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ապա մեր ժողովուրդը լավ գիտի, որ նա միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ոտնձգություններին, բայց այսօր ես այդպիսի մեծ քայլեր չեմ տեսնում: Մենք մեր հարցերը որոշում ենք մեր ճանապարհով, մեր ծրագրերի շուրջ:
-Պարո՛ն Հարությունյան, Վարդան Ավետիսյանը կոնկրետ օրեր է նշում՝ նոյեմբերի 11-17-ը:
-Իրեն հարցրեք:
-Դուք նշեցիք, որ լարվածություն կա, բայց մենք ամեն ինչ անում ենք: Ապրիլյան օրերին նկատեցին, խոսեցին, սակայն մենք ունեցանք 100 զոհ: Հիմա ինչո՞վ համոզվել, որ զգոն ենք:
-Մենք՝ զինվորականներս, միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի ոտնձգություններին: Մենք ունենք մեր պլանը, ծրագրերը, որոնցով առաջ ենք գնում:
Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյան (Օգանովսկի Սամվել)
-Պարո՛ն Կարապետյան, ինչպե՞ս է իրավիճակը սահմանին:
-Հակառակորդն էլ է պատրաստվում զորավարժության, մենք էլ ենք անցկացրել զորավարժություն: Ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ հսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է: Այն, որ ասենք՝ ինչ-որ ուժեր են կուտակվում հակառակորդի կողմից, ո՛չ, էդպիսի բան չկա:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Վարդան Ավետիսյանի հայտարարությունը, որ պետք է պատրաստ լինել հենց նոյեմբերի 11-17-ը, ոտքի կանգնել, համախմբվել:
-Քանի որ իրենք ամսի 12-ին զորավարժություն են անցկացնելու, երեւի դա նկատի ունեն, եւ դիտարկում են էդպես: Մտավախությունը երեւի դրանում է:
-Դուք հակառակորդի գործողությունների հետ կապված որեւէ կանխատեսում չունե՞ք: Ըստ Ձեզ՝ այդ օրերին հակառակորդը ինչ-որ բան պատրաստվո՞ւմ է անել:
-Հակառակորդը միշտ էլ պատրաստվում է, մենք էլ պետք է պատրաստվենք, որ պատասխան տանք: Այսօրվա դրությամբ հակառակորդն անմիջապես մեր հսկողության տակ է գտնվում: Մենք հակառակորդի ամեն մի շարժ ֆիքսում ենք:
-Մինչ քառօրյա պատերազմը, հակառակորդը պատրաստվում էր, բայց մենք լուրջ չվերաբերվեցինք եւ ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմը, 100 զոհ: Դուք այս մտավախությունը չունե՞ք, որ նորից կլինի նույն պատկերը:
-Այն ժամանակ էլ մենք սպասում էինք, որ այդպիսի բան լինելու է: Բայց այսօրվա դրությամբ քանի որ ահագին աշխատանքներ ենք կատարել նաեւ առաջնագծում, տեսնում ենք, լսում ենք, էդ մտավախությունը չկա: Մենք մտավախություն չունենք, որ հակառակորդը կարող է այնպիսի քայլ անել, որ չֆիքսենք, չնկատենք: Բացառվում է:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՆԵՂԱՆԱԼՈՒ, ՆԵՂՍՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ինչպես հայտնի է՝ նոր կառավարության ձեւավորումից հետո բարձրացվեց նաեւ մարզպետների փոփոխության հարցը: Առաջինը մարզպետի պաշտոնը լքեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որին, ըստ լուրերի, կհաջորդի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ապա նաեւ՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Ժողովուրդ»-ը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ զրուցել է վերջինիս հնարավոր պաշտոնանկության եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները կատարելու մասին:
-Պարո՛ն Նալբանդյան, կարո՞ղ եք կոնկրետ նշել, թե վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից որոնք եք այս ընթացքում կատարել:
-Վարչապետի հանձնարարականը մենք գրեթե ամեն շաբաթ ենք ստանում, եւ մեկը չէ: Դուք կոնկրետ ո՞ր հանձնարարականի մասին եք ուզում իմանալ:
-Դուք նշեք այն հանձնարարականները, որոնք կատարել եք:
-Այս պահի դրությամբ ամենակարեւոր աշխատանքը, որ մենք իրականացնում ենք, դա 2017-2025 թվականների մարզի տնտեսության զարգացման ծրագրերի մշակումն է, եւ դա լինելու է առաջիկա տասը տարիներին մեզ համար ամենակարեւոր փաստաթուղթը: Մենք հիմա ակտիվ աշխատանքներ ենք տանում հենց այդ ուղղությամբ, արդեն իսկ աշխատանքային խումբը ստեղծվել է, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից արդեն վերապատրաստման աշխատանքներ են իրականացվում նաեւ աշխատանքային խմբերի համար:
-Մարզի զարգացման ծրագրի մշակումից զատ՝ ի՞նչ այլ հանձնարարականներ եք ստացել եւ կատարել կամ կատարում:
-Կարող եմ նաեւ տնտեսումների հետ կապված ներկայացնել, որ մենք արդեն փորձում ենք հասկանալ, թե 2017 թվականին որ ոլորտներում կարող ենք ֆինանսական տնտեսումներ իրականացնել: Այնպես որ, վարչապետի բոլոր հանձնարարականները մեզ համար ընթացքի մեջ են, ժամկետային են, եւ մենք փորձում ենք այդ ժամկետի մեջ իրականացնել:
-Իսկ վարչապետը գո՞հ է մինչ այս Ձեր կատարած աշխատանքից:
-Քանի որ հանձնարարականները նոր են, վերջնական աշխատանքից հետո կարող է գոհ լինել: Դեկտեմբերին ծրագրի հետ կապված նախնական քննարկում ենք ունենալու, եւ այդ ժամանակ կերեւա՝ արդյո՞ք գոհ է կառավարությունը մեր ներկայացրած ծրագրից, թե ոչ:
-Նոր կառավարության ձեւավորումից հետո բարձրացվեց նաեւ մարզպետների փոփոխության հարցը, եւ ինչպես գիտեք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լքեց պաշտոնը: Ըստ որոշ տեղեկությունների՝ հաջորդը լինելու եք Դուք: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հեռանկարին, պատրաստ եք բաժանվել Ձեր աթոռից:
-Ես նման տեղեկատվություն չունեմ:
-Իսկ եթե Ձեզ այդ տեղեկատվությունը հասնի, չեք նեղանա՞, նեղսրտի՞: Ի վերջո, Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զգուշացրեց՝ նեղանալ, նեղսրտել չկա:
-Իհարկե ոչ, իսկ ո՞վ է ասել, որ մարզպետների պաշտոնները ցմահ են:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԱՍՈՒԼԻՍ ԿՏԱ
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վահան Շիրխանյանը վաղը՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդես կգա մամուլի ասուլիսով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Վերջինս պարզաբանեց, որ ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 15 հոդվածով կարգավորվում է կալանավորված անձանց տեսակցությունը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հուսանք՝ մինչ նախատեսված հանդիպումը արհեստական որեւէ խոչընդոտ չի առաջանա:
ԱԳՆ-ԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
«Գաղտնապահ» ԱԳՆ-ն դեռեւս 2015 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ պահանջելով հրապարակել (տրամադրել) Հայաստան-ԵՄ ասոցացման ու խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի գոնե մի հատվածը (որը վերաբերում է սակագնային կարգավորումներին): Արտաքին գերտեսչությունը իր հերթին պնդում էր, որ պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկում, քանի որ դրա հրապարակումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին:
ՀԿ-ից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարչական դատարանը` դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է իրենց հայցը՝ պարտավորեցնելով ԱԳՆ-ին հրապարակել համաձայնագրի նշված դրույթների լուսապատճենները եւ հատուցել դատական ծախսերը:
Սակայն արտաքին գերատեսչությունը չհամակերպվելով տապալված համաձայնագրի մի մասը հանրությանը ներկայացնելու մտքի հետ՝ վարչական դատարանի վճիռը օրերս բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ ասոցացման ու խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները տեւեցին 3 տարուց ավել, այն վերջնական համաձայնեցվեց 2013 թվականի օգոստոսին եւ տապալվեց Սերժ Սարգսյանի` Հայաստանի Մաքսային միությանը եւ ԵԱՏՄ-ի անդամակցելու մասին հայտարարությամբ, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցումը ենթադրում է, որ պետությունն այլեւս չի կարող ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարել:
ՀԷՑ-Ի ՏՆՕՐԵՆԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՍՊ ընկերությունը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՍՊ ընկերությունը օգոստոսին ԵՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ առեւտուր իրականացնելիս չի ներկայացրել վիճակագրական հաշվետվություններ, խախտել է սահմանված կարգը: Արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՍՊ ընկերության տնօրենը՝ Արթուր Սահակյանը, տուգանվել է 20.000 դրամով: