ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները այս տարվա երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 13.8 տոկոսով ավելացել են: Թվում է, թե այս ցուցանիշը պետք է դրական ազդեցություն թողներ նաեւ այս տարվա 3-րդ եռամսյակի բյուջեի եկամուտների վրա: Սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ՀՀ-ում գործող որոշ հանքարդյունաբերական ընկերություններ կտրուկ նվազեցրել են հարկային վճարումները:

Օրինակ՝ Սյունիքի մարզում գործող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարվա 3-րդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շեշտակի նվազեցրել է հարկային վճարումները: Այսպես՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող նշված ընկերությունը այս տարվա 3-րդ եռամսյակում պետբյուջե վճարել է 1 մլրդ 128 մլն 210 հազար 100 դրամ՝ հայտնվելով ցանկի 79-րդ տեղում: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել էին 2 մլրդ 240 մլն 702 հազար 700 դրամ: Այսինքն՝ այս ընկերությունը մեկ տարում ավելի քան 1 մլրդ 112 մլն 492 հազար դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
ՀՀ Լոռու մարզում գորշող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը այս տարվա հունվար-սեպտեմբերին ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 356-րդ տեղը եւ պետբյուջե վճարել 237 մլն 844 հազար 600 դրամ հարկ: Իսկ, ահա, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պետբյուջե վճարել է 680 մլն 244 հազար 100 դրամ. այսինքն՝ ավելի քան 442 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
Հայաստանյան հանքարդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նույնպես կտրուկ նվազեցրել է հարկերը: Ընդ որում, այս ընկերությունն իր վճարած հարկերի չափով մշտապես եղել է 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակում, բայց հիմա էականորեն նահանջել է: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն իր վճարած հարկերի չափով 2015 թվականի երրորդ եռամսյակում զբաղեցնում էր 2-րդ տեղը, այս տարի հայտնվել է 17-րդ տեղում: Այս տարվա 9 ամիսներին ընկերությունը պետբյուջե վճարել է 5 մլրդ 185 մլն 637 հազար 300 դրամ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության պետբյուջե վճարած հարկերը կազմել են 19 մլրդ 8 մլն 471 հազար 900 դրամ: Այսինքն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 13.9 մլրդ դրամով նվազեցրել է հարկերն ու տուրքերը:
Իսկ, ահա, «Թեղուտ» ընկերությունը, ընդհակառակը, շեշտակի ավելացրել է հարկերը՝ մոտ 7.2 մլրդ դրամով: Այս ընկերությունը 2015 թվականի 3-րդ եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկի 18-րդ հորիզոնականն է զբաղեցրել, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում հայտնվել է 6-րդ տեղում: Միտումը նույնն է նաեւ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերության դեպքում. այս տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 894 մլն 260 հազար 800 դրամ՝ հայտնվելով ցանկի 101-րդ հորիզոնականում, նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերությունը մոտ 248 մլն դրամով ավելացրել է հարկերը:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանից արտահանվող ապրանքատեսականու մեկ երրորդից ավելին կազմում է հենց պղինձը: Այսինքն՝ այդ մետաղի էժանացումը շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ երկրի ողջ տնտեսության համար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյաներով՝ այս տարվա 9 ամիսներին արտահանման ծավալները 19.6 տոկոսով ավելացել են: Ոլորտի պատասխանատուների համոզմամբ, արտահանման ծավալների աճը պայմանավորված է պղնձի խտանյութի արտադրության ծավալների աճով: Նշենք, որ հունվար-սեպտեմբերին Հայաստանում 31.8 տոկոսով ավելացել են պղնձի խտանյութի արտադրության ծավալները:
Լոնդոնի մետաղների բորսայի (LME) տվյալներով՝ նոյեմբերի 4-ի դրությամբ պղնձի գինը սահմանվել է 4943 դոլար՝ 1 տոննայի համար: Ի դեպ, տարեսկզբից պղնձի միջազգային գինը տատանվում է շուրջ 4300-4900 դոլարի սահմաններում: Մինչդեռ 2015 թվականի տարեսկզբին այն տատանվում էր 5000-5500, իսկ 2014-ի տարեսկզբին՝ 7000-7500 դոլարի սահմաններում: Այսինքն՝ երկու տարում պղնձի միջազգային գինը նվազել է շուրջ 3 հազար դոլարով: Միջազգային շուկայում պղնձի գնանկումը դանդաղ տեմպերով սկսվեց դեռեւս 2013 թվականի տարեվերջից եւ 2014-ի մարտին արդեն այն գտնվում էր վերջին 4 տարիների ամենացածր մակարդակում: Ըստ մասնագետների՝ սրանք Հայաստանի համար բացասական ցուցանիշներ են, քանի որ մեր հանրապետության տնտեսության համար պղինձը կենսական նշանակություն ունի: Այս մետաղի գնանկման հետեւանքով նվազում են արտահանումից ստացվող եկամուտները: Հետեւաբար պակասում են նաեւ հանքարդյունաբերական ընկերությունների եկամուտները, որոնք էլ նվազեցնում են պետությանը վճարած հարկերի չափը: Այդ ընկերություններից մի քանիսը չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը, հսկայական պարտքեր են կուտակում եւ կրճատումներ անում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 71-ամյա բնակչուհի Անահիտ Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին վրդովված ներկայացրեց, որ ինքը տեւական ժամանակ է, ինչ հրաժարվել է բնական գազից:

Տիկին Անահիտը պնդում է, որ իր գազի հաշվիչը հին է, ինչի պատճառով ծախսը շատ է ցույց տալիս: Վերջինս երկու անգամ դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գավառի ԳԳՄ, ինչի արդյունքում գազի հաշվիչը երկու անգամ փոխվել է: Բայց, միեւնույն է, ըստ տիկին Անահիտի՝ խնդիրը դրանից չի կարգավորվել: «Երկրորդ անգամ, որ դիմեցի «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գավառի ԳԳՄ, եկան գազի հաշվիչը փոխելու. անցած տարվա մարտին էր, տան մեջ ստուգեցին եւ նոր հաշվիչ տեղադրեցին, ինչի համար էլ 8000 դրամ վճարեցի: Բայց դա էլ ինձ չփրկեց. 24 ժամում կալոնկայի ֆիթիլը 2.5 մետր խորանարդ է գրում: Դա պատկերացնում եք՝ ինչ է: Ես ոչինչ չեմ օգտագործում: Ստիպված երկարացման լարն եմ անջատում»,- «Ժողովուրդ»-ին պատմեց տիկին Անահիտը:
Գավառի 71-ամյա բնակչուհին ստիպված է այս ցուրտ ամիսներին տունը ջեռուցել էլեկտրական սալիկով կամ վառելափայտով: «Հրաժարվել եմ գազօջախ օգտագործելուց. ստիպված բալոնով հեղուկ գազ եմ օգտագործում եւ դրանով եմ կերակուր եփում: Թե չէ գազի հաշվիչն այնպես արագ է վազում, որ չեմ էլ պատրաստվում հետեւել: Սա ոչ թե գազի հաշվիչ է, այլ արագաչափ: Հիմա ինձ ուղղություն ցույց տվեք, թե ինչպես դուրս գամ այս իրավիճակից»,- հետաքրքրվեց 71-ամյա Անահիտ Մելքոնյանը:
Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը, որտեղից խոստացան, որ կուսումնասիրեն խնդիրը: Նաեւ պահանջեցին, որ 71-ամյա բնակչուհին այս խնդրի շուրջ դիմում-բողոք ներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Հուսանք՝ ընկերությունը օպերատիվ լուծում կտա բնակչի բարձրացրած խնդրին:

Ս. Հ.

 

 

 
ՈՉԽԱՐ ԵՆ ՆԵՐԿՐՈՒՄ
Նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանից Իջեւան ուղեւորվելիս՝ կեսօրին սահմանամերձ Կիրանց գյուղի խաչմերուկի մոտ «Ժողովուրդի» թղթակիցը նկատեց ճանապարհի եզրին կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա, որի բեռնատար մասի եւ կցորդի 3 հարկերի ցանցավանդակներում ոչխարներ էին: Ժամը 15.30-ի սահմաններում Իջեւանից վերադառնալիս նույն տեղում տեսանք ոչխարներով բեռնատարին: Պարզեցինք, որ ռուսական համարանիշներով բեռնատարի ղեկին ազգությամբ դարգին է, նա Դաղստանից հարյուրավոր ոչխարներ է ներկրում Հայաստան: Վարորդը հայտնեց, որ նոյեմբերի լույս 7-ի գիշերը բեռնատարի շարժիչը խափանվել է, այլ բեռնատար պետք է գա Կիրանց, որ ոչխարներին տեղափոխի: Վարորդի հետ մեր զրույցը հարուցեց բեռնատարից ոչ հեռու կանգնած, մոտ 60 տարեկան տղամարդու զայրույթը, նա կտրուկ ձեւով պահանջեց՝ մեր գործին գնալ, հեռանալ: Թե ով էր իրականում Դաղստանից Հայաստան ոչխարներ ներկրողը եւ ինչո՞ւ էր նշված տղամարդն այդքան նյարդայնանում, պարզել չհաջողվեց:

 

 

ԻՍԿ ԼԵՅՏԵՆԱ՞ՆՏԸ
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Արմեն Թորանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայող, 2016թ. օգոստոսի 25-ին զորամասի գումարտակի պահասենյակում բռնություն է գործադրել իր նկատմամբ պետ հանդիսացող լեյտենանտ Ալեքսան Սահակյանի նկատմամբ, բռունցքով հարվածել է նրա ձախ ունքի շրջանին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նոյեմբերի 3-ին, մինչ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննությունը սկսվելը, Ա. Թորանյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, այդ միջնորդությունը բավարարվել է: Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բարեղխիղճ, կարգապահ, ազնիվ զինծառայող է: Նա ընդունել է իր մեղքը, անկեղծորեն զղջացել կատարածի համար, տուժողի հետ հաշտվել է, լեյտենանտ Ա. Սահակյանը նրանից որեւէ պահանջ չունի: Մեր հավաստի տեղեկություններով՝ Ա. Թորանյանը լեյտենանտին հարվածել է, երբ տեսել է, որ վերջինիս իր ծառակից սերժանտի հետ կռվի մեջ մտնելով՝ վերջինիս հագուստի օձիքը ձգել է: Դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Թորանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել ազատազրկման 3 ամիս ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս