Իշխանական վերնախավում աշնան սկզբից մեկնարկած ակտիվ վերադասավորումների արդյունքում գահընկեց արված պաշտոնյաներից էր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որի ահռելի չափերի հասնող ունեցվածքը պաշտոնավարման տարիներին վայրիվերումների է ենթարկվել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից Խաչատրյանի ունեցվածքի տատանումները նկատելի են:
2011 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի պաշտոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ ունեցվածքի հայտարարագրում նշել էր, որ դրամական միջոցները կազմել են 278 մլն դրամ եւ մոտ 3 միլիոն դոլար: Աշխատավարձի դիմաց վարձատրության չափը` մոտ ութուկես միլիոն դրամ:
Ու որքան էլ զվարճալի է, շարժական ու անշարժ գույք Խաչատրյանը չէր հայտարարագրել: Ստացվում է, որ սուպերնախարար եղած Գագիկ Խաչատրյանը ո՛չ տուն ունի, ո՛չ էլ ավտոմեքենա: Թե որտեղ է ապրում եւ ինչ տրանսպորտային միջոցներով է տեղաշարժվում, այդպես էլ անհայտ է մնում: Փոխարենը 2011 թ.-ին Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրո ընդհանուր գումարով գնել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը։ Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն վճարել էր կանխիկ, իսկ մնացածը բանկային փոխառությամբ։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Գ. Խաչատրյանի որդիներից մեկի անունով։ Հենց այս գործարանում են արտադրվում «Մոցարտ» շոկոլադները։
Գործարքի հաջորդ տարում՝ 2012 թվականին, Խաչատրյանը կրկին ՊԵԿ-ի պետի պաշտոնում նշանակվեց, սակայն տուն ու ավտոմեքենա էլի չուներ: Այն դեպքում, երբ պետական եկամուտների կոմիտեն «փողաբեր» աշխատավայր է, ինչը հուշում է նաեւ կոմիտեի անվանումը: Եւ պատահական չէ, որ արդեն մեկ տարի հետո Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները ավելացան: 2012 թվականի դրությամբ Խաչատրյանը պաշտոնապես հայտարարագրել էր 279 մլն դրամ եւ մոտ 3 միլիոն դոլար:
Սակայն տարեցտարի Խաչատրյանի դիրքերը իշխանական վերնախավում, կարծես թե, սկսեցին թուլանալ: 2013 թվականին Խաչատրյանի դրամական միջոցները արդեն նվազեցին` կազմելով 272 մլն դրամ եւ մոտ 3 մլն դոլար:
Երբ սկսեցին դրամական միջոցները նվազել, 2014 թվականին Գագիկ Խաչատրյանը լքեց այդքան եկամտաբեր ՊԵԿ նախագահի պաշտոնը՝ ուղեւորվելով ՀՀ ֆինանսների նախարարություն: Առաջին հայացքից ֆինանսների նախարարի պաշտոնը ավելի գրավիչ է երեւում, բայց միայն առաջին հայացքից: Ֆիննախում չկային այնքան ռեսուրսներ, որքան ՊԵԿ-ում: Ասել է թե՝ մեկ աստիճանով Գագիկ Խաչատրյանը զիջեց իր դիրքը: Բայց հատկանշական է, որ ֆիննախի պաշտոնը ստանձնելիս այդժամ նորանշանակ նախարարը նախորդի հետ համեմատած հայտարարագրել էր բավականին շատ ունեցվածք` 5 բազմամյա տնկի, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված: Այսպիսով, պարզ դարձավ, որ 2014-ից արդեն նախարարը անօթեւան չէ:
Նա իր հայտարարագրում նշել է նաեւ հանձնված կամ վերադարձված փոխառությունները, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են մոտ 1 միլիոն: Նկատենք, որ նախարար դառնալու ժամանակ 3 մլն դրամով նվազեցին Խաչատրյանի դրամական միջոցները` հասնելով 269 միլիոն դրամի, իսկ դոլարային ունեցվածքը պակասեց մոտ մեկ միլիոն դոլարով՝ հասնելով 1 միլիոն 970 հազար դոլարի: Կանխիկ գումարների նվազմանը զուգահեռ՝ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Խաչատրյանը «կորցրել է» անշարժ գույքը: 2014 թվականին հայտարարագրել է միայն 215 միլիոն դրամ եւ 1 միլիոն 870 հազար դոլար գումար:
Արդեն 2015 թվականի Խաչատրյանի հայտարարագրից երեւում է, որ ունի ավելի քան 1 մլն 56 հազար դոլարի չափով փոխառություն` վարկ, 22 մլն դրամ, 1 մլն, 900 հազար դոլար դրամական միջոցներ, որը էլի պակաս է նախորդ տարիների համար հայտարարագրվածից:
Իսկ արդեն 2016 թվականին, երբ դեռ աշունը չեկած Խաչատրյանը «խաղից դուրս մնաց», դրամական միջոցները էլի պակասեցին: Նրա ունեցած կանխիկ գումարը 201 մլն դրամ է, իսկ «հետ գցած» դոլարները՝ 1մլն, 940 հազար: Այսպիսով՝ եթե ամփոփենք Խաչատրյանի պաշտոնական գործունեությունը, պետք է արձանագրենք, որ նրա դրամական միջոցները 5 տարվա ընթացքում նվազել են 77 մլն դրամով եւ մոտ 1 մլն դոլարով, փոխարենը ավելացել է փոխառությունների` վարկերի դիմաց ստացված տոկոսը եւ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը:
Ընդգծենք, որ սրանք միայն պաշտոնական թվերն են: Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկությունից հետո կորցրեց նաեւ «Յուքոմ» ընկերությունը: Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից «չորով» անցել է նոր սեփականատիրոջ` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
Առայժմ դե ֆակտո Գագիկ Խաչատրյանին են պատկանում նաեւ
1. «Մեգաֆուդ»,
2. «Մեգակոնցեռն»,
3. «Մեգամոթորս»,
4.«Մեգասպորտ»,
5.«Ապեյրոն»
6 «Ալյանս տերմինալ»
7. Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների եւ ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը
8. «Նոր Զովք» խանութների ցանցը
Ըստ շրջանառվող լուրերի` Գագիկ Խաչատրյանին է պատկանում Հայաստան ներկրվող ուկրաինական «Ռոշեն» եւ այլ հայտնի ապրանքատեսակների մենաշնորհը:
Եւ այս ցանկը ունի շարունակություն, Խաչատրյանի «ձեռքբերումներն» այսքանով չեն սահմանափակվում: Բայց գործընթացները ցույց են տալիս, որ նրա ունեցվածքը կամաց-կամաց խլում են նրանից: Բայց ոչ թե պետականացնելու նկրտումներով, այլ բաժին հանում իշխանական կլանի մյուս՝ ընտանեկան ներկայացուցիչներին:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԷԼ Է ՍՊԱՍՈՒՄ
«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ չեն կողմնորոշվել` կմասնակցե՞ն սպասվելիք խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Ճիշտ է՝ որեւէ կուսակցությունից դեռեւս առաջարկ չեն ստացել դաշինքով մասնակցելու, բայց սպասում են: Կարապետյանի խոսքով` կընդունեն միայն ընդդիմադիր թեւի առաջարկները: «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ պարզել` արդյո՞ք Կարապետյանին կառավարության կողմից իրականացվող փոփոխությունները հույս են ներշնչում: Ի պատասխան հարցման` կուսակցապետը նշեց. «Ո՛չ, որովհետեւ խոսքն ու գործը չեն համընկնում»:
ՀԱՍԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Սդղի գյոլ կոչված հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ազատազրկման են դատապարտվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն ու եղբորորդիները. եղբայր Աղալար Խաչատրյանը՝ 6 ամիս, եղբորորդիներ Էյներ Խաչատրյանը՝ 1 տարի, Մայիս Խաչատրյանը՝ 2.5 տարի ազատազրկման: Այս ծեծկռտուքին մասնակցած Յուրի Մանուչարյանն էլ դատապարտվել է 4.5, իսկ Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա ազատազրկման: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախկին մարզպետի հարազատները բողոքարկել են կայացված որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում եւ պահանջում են պատժի մեղմացում: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ Սդղի գյոլում մարզպետի մտերիմները ծեծի էին ենթարկել Գորիս քաղաքի բնակիչ Մուշեղ Զաքարյանին՝ վնասելով նրա աչքը, որի հետեւանքով Մուշեղը զրկվեց տեսողությունից:
ՍՊԱՆՈՂՆ ԱԶԱՏ Է
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի սպանության գործը նոր երանգներ է ստանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինվորի հայրը` Ալիկ Ղանդիլյանը, ասաց, որ ի սկզբանե, երբ արդեն հայտնի էր, որ որդու ուղղությամբ նրա ծառայակից Հայկ Սեյրանյանն է կրակել, վերջինս մեկուսացվել էր: Օրերս որդեկորույս հայրը տեղեկացել է, որ Հ. Սեյրանյանը կարգապահական գումարտակ է տարվել, որտեղ խախտումներ արված զինծառայողներն են պահվում:
Ալիկ Ղանդիլյանի փոխանցմամբ` որդու սպանության մեջ մեղադրվող զինծառայողին մեղադրանք չի առաջադրվել: Վարույթն իրականացնող մարմինը տեղեկացրել է, որ առաջադրելու համար բավարար հիմքեր չկան. «Այսինքն, ստացվում է` որդուս կյանքը նրանց համար եղած-չեղած մի հաշիվ է: Զինվոր է մահացել, բայց սպանողը շարունակում է հանգիստ ծառայել, իբր ոչ մի բան չի եղել: Եթե զինվորը ընդունել է մեղքը, էլ ի՞նչ բավարար հիմք են ուզում»,- վրդովված ներկայացրեց մեր զրուցակիցը` հավելելով, որ թեթեւ ծեծկռտուքի մասնակից զինվորները կալանքի տակ են պահվում, ապա դատարանի վճռով ազատազրկվում, իսկ որդուն սպանողը շարունակում է ծառայել:
ԴՈՒՄԱՅՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ տեղի է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ Ս. Սարգսյանի հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի եւ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի առանձնազրույցը: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում կարեւորվել է երկու երկրների միջեւ պարբերական քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաեւ տարբեր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:
ՎԱՐԿՈՎ
Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրել է «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է ՀՀ-ին վարկ տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով: Վարկը Հայաստանին տրամադրվում է 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին՝ արտոնյալ: Ծրագրի նպատակն է վերակառուցել Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն ձգվող մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ երկշարք M6 մայրուղին: Արդյունքում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում կունենանք 51.5 կմ ընդհանուր երկարությամբ վերակառուցված ճանապարհ:
ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԻ
«Հայկական վերածնունդի» ու «Բարգավաճ Հայաստան»-ի հետ Վանաձորում համաձայնագիր ստորագրած «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը «պատրանքներ չունի» համաձայնագրի ապագայի առթիվ: «Մենք ստորագրած հուշագիր ունեինք, եւ ստորագրած հուշագիրը իր դերը չկատարեց հենց առաջին ընտրության ժամանակ: Այն, ինչ տեղի պետք է ունենար, ունեցել է արդեն առաջին նիստի ժամանակ: Դրանից հետո նոր մտավախություններ կամ պատրանքներ չունենք: Մենք ռեալ գնահատում ենք իրավիճակը եւ շարժվում ենք առաջ այն կոնտեքստում, ինչի մասին հայտարարել ենք»,- Tert.am-ին ասել է Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ կարծում, որ Արթուր Բաղդասարյանը «դավաճանում է» իրեն, ինչպես 2008-ի մարտի 1-ի նախօրյակին «դավաճանեց» Լեւոն Տեր-Պետրոսյանին:
ՆՈՐ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐՈՎ
Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը փոփոխվել է: Մասնավորապես, Խորհրդից դուրս են եկել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նրանց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում փոխարինել են վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: